Conflict Transformation Introduction. Jam Session 30 (in Armenian)

10.12.2017

եր ուշադրությանն ենք ներկայացնում 2015 թ. հոկտեմբերի 29-ին Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի (ԿՏԴ) ժամանակ Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթի տեսագրությունն ու տեքստը: Այս տեսագրությունը ստեղծվել է Jam Session-ի թողարկումներից առաջ, այդ պատճառով մինչ այժմ չի շրջանառվել: Այն լրացնում է կոնֆլիկտների տրանսֆորմացիայի, քննադատական մտածողության, խաղարարության ԵՀՀ մոտեցումների վերաբերյալ նյութերը նկարահանված 2015-2017 թ.թ․։ 

Տեսանյութի սղագրությունը

Հրապարակված՝ մարտի 17, 2018

Պատրաստված՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից

00.25 Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Մենք ի՞նչ մտածեցինք այս դպրոցի մասին… որ ձեզ պետք է տալ ամենագլխավորը, ամենակարևորը, ամենավերջին խոսքը և մի քիչ խոր ու դժվարը… և այդ տեսակետից շաբաթ օրվա թեմաներից երկուսը, ցանցապետություն և երեք ծովերի համակարգ՝ դա արտառոց թեմաներ են, տարօրինակ թեմաներ են, դա այն թեմաներն են, որոնց շուրջ այսօր, հատկապես Հայաստանում, բայց ոչ միայն, բայց հատկապես Հայաստանում, աշխատում են մտածող և գործող անձնավորությունները: Դա էսպես ինովացիոն մոտեցումների վերջին խոսքն է, որի մասին դուք ասենք, եթե ինտերնետում փնտրտուք կազմակերպեք, կարող ա շատ նյութ չգտնեք: Այսինքն դուք ստանալու եք այն, ինչ աշխարհում գրեթե ոչ ոք, գրեթե երբեք չի ստանում, որպես դեռևս գաղափարներ, որպես մոտեցումներ: Այդ ուղղությամբ ենք փորձել մենք մոտենալ: Հիմա՛, իմ էս ներածական խոսքը ինչումն ա… (տեսեք սխեման)

01.38 ԳՏԳ – Ուրեմն, իմ հիմիկվա նպատակը, հետո Արտակը Ձեզ կթարմացնի, իսկ իմ նպատակը մի քիչ ձեզ հուսախաբեցնելն է, հիասթափեցնելն է, որովհետև ի վերջո մենք իհարկե կարող ենք ասել, հա՛, սովորել, թրենինգներ, լա-լա-լա… մասնակցային, ինտերակտիվ, և այլն, և այլն: Բայց իրականում սա շատ դժվար աշխատանք է՝ բան հասկանալը, բան անելը ընդհանրապես էս կյանքում, ու ովքեր որ դպրոցում ու համալսարանում լավ են սովորել, արդեն գիտեն, որ դա հենց-նենց բան չի, դա ինտերնետից copy-paste անել չի, որպեսզի ռեֆերատը ներկայացնես, այլ դա լուրջ գործ է՝ հասկանալը, մտածելը, կարդալը, մարսելը և այլն: Ու արագ չի ստացվում, բայց երբ սկսում ա ստացվել, կայֆ ա: Դրա համար, ես մի հատ սենց սխեմա եմ գծել ինքս իմ համար, քարտեզագրել եմ, թե իմ համար այս թեման՝ խաղաղարարության, կոնֆլիկտների տրանֆորմացիայի, որտեղից է գալիս: Ու կարող ա ուրիշ անգամ գծելուց լինեի, ուրիշ բան գծեի, բայց էս անգամ էսպես եմ սկսել գծել՝ պատերազմից եմ սկսել:

Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, որ… Էստեղ նաև կարծիքներ հնչեցին, որ դուք ուզում եք, ընդհանրապես, ասենք, կենցաղային կոնֆլիկտների լուծման հմտություններ ձեռք բերել, և այլն: Շատ կարևոր է… Շատ կարևո՛ր է, բայց կա մի հանգամանք, որ իհարկե ամենա-, ավելի շատ պատահողները, ոչ թե պատերազմներն են, այլ կենցաղային կոնֆլիկտները, կամ աշխատատեղում և այլն, հա՞, միջմարդկային կամ ընտանիքում  և այլն, բայց իհարկե ամենադաժաններից մարդկային մեծ մասսաների մեջ տեղի ունեցող կոնֆլիկտներն են հիմնականում:

03.48 ԳՏԳՄենք Հայաստանում արդեն 20 տարուց ավելի, հա՞, եթե էդպես հաշվենք, 87-88 թվականից, ամբողջ հայկական տարածքում, Լեռնային Ղարաբաղն էլ հետը, ապրում ենք մի որոշակի, շատ տարօրինակ իրադրության մեջ: Մենք ապրում ենք բոլորս երկատված. մենք մա՞րդ ենք, թե՞ մենք հայ ենք: Այսինքն՝ մարդը ուրիշ մարդու չպիտի սպանի, բայց պատերազմի ժամանակ, եթե հայի, հայության, Հայաստանի, հայկական տարածքի վրա ոտնձգություն է կատարվում, մենք արդեն սերունդ առ սերունդ  խփում, կրակում, սպանում ենք ուրիշին: Մեզ էլ ավաղ… Դա շատ խորը, խոշոր երկատվածություն է ու տարբեր ձևերով է արտահայտվում: Կանանց մոտ, բոլոր կոնֆլիկտներում, հա՞, ոչ միայն այստեղ, դա արտահայտվում է այսպես. «Ես իմ տղային թույլ տամ, որ ինքը գնա բանակ ու մասնակցի էդ պատերազմին, թե փորձեմ կաշառքի ձևով ազատել: Ի՞նչ անեմ: Օրհնեմ իրան, որ գնա, թե ասեմ, գնա արտասահմանները, փախի, որ չգնաս:» Եվ շատ նորմալ բան ա՝ դու տղային չես ունեցել, որպեսզի զոհ տաս: Մենք արդեն 25 տարի և ավելի ապրում ենք էդ վիճակում:

Սա հեշտ հարց չի: Դուք էդ բեռը վերցնում եք  մեր սերունդներից, ես էլ իմ նախորդ սերունդներից եմ վերցրել, և մենք լուծում չենք գտնում: Մյուս դիտարկումը, որ պիտի ունենանք, որ մենք բոլորս՝ շատ կրթված, շատ լավ մարդիկ, էն մարդիկ, որ էն թվին էդ  սաղ պրոցեսներով անցել են, իրանց երևի 60-70% -ը հիմա աշխարհով մեկ սփռված ա:

Լա՛վ ժամանակներում ենք ապրում. էս նոր սերունդները եկել են, աճել են, ձևավորվել են, իրանք էլ շատ, շատ-շատերը  լավ կրթություն են ստանում, լավ կարիերա կունենան, էլի աշխարհով կսփռվեն, որովհետև էսօր աշխարհը գլոբալ ա, հա՞, ոչ ոք մեզ չի պարտադրում Հայաստանում ապրելը կամ Ղարաբաղում, դա նույնն ա, որ ասես. «Դու ննջարանիցդ չպիտի դուրս գաս»: Եթե դու նորմալ մարդ ես՝ դու ուզում ես դուրս գաս քո հայրենի օրրանից ու աշխարհով մեկ տեսնես, ի՞նչ կարող ես անել, հետո հետ գաս, և այլն: Էդ հարաբերությունը՝ տուն և աշխարհ, հիմա փոխվել ա, հա՞:

Այսինքն՝ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, դա օբյեկտիվ պրոցես ա, բոլոր երկրներում ա տեղի ունենում: Դա կարող ա ունենալ պատճառ, որ դու փախստական դառնաս, բայց պարտադիր չի, դու գնում ես սովորելու, ծանոթանալու աշխարհին, օգուտ տալու աշխարհին, մարդկությանը օգուտ տալու, հայությունն էլ էդ մարդկության մի մասն ա, հա՞: Այսինքն՝ էդ պրոբլեմ չի, բայց պրոբլեմն էն ա, որ էստեղ էդ հարցը մնում ա չլուծված արդեն էսքան տարի ու ոչ մի հեռանկար չի երևում, որ կլուծվի հաջորդ նույն էսպիսի ընթացքում: Ի՞նչ  պիտի արվի: Այ դուք ասեցիք, մենք ժառանգելու՞ ենք, ձեզանից ոմանք ասացին, էդ խնդիրը: Երևի ձեր սերնդին ա գալու լուծումը, թե ի՞նչ պիտի արվի, ինչպե՞ս պիտի արվի: Երևի թե մեր սերունդը ու մեր մտածողները, գործողները չկարողացան հարցը լուծել: Ոչ միայն այդ հարցը չկարողացան, հա՞. հազար ու մի ուրիշ հարց էլ չկարողացան: Չկարողացա՛ն: Ձեզ ժառանգություն փոխանցում ենք դժվար, ծանր, շատ իմաստներով՝ տհաճ, վտանգավոր մի իրադրություն, որը քիչ ուրախանալու տեղիք ա տալիս: Քիչ ուրախանալու, հա՞, որովհետև Լեռնային Ղարաբաղը 200.000 բնակիչ ուներ ասենք 88 թվականին, եթե այսօր ունենար 500.000 բնակիչ, շատ ուրախանալու տեղ կունենայինք: Բայց ինքը չունի, հա՞: Այսինքն՝ ինչ-որ կոնսերվացված վիճակ ա տեղի ունեցել:

Դրա համար ես իմ էս ուղեղի քարտեզագրումը, պատերազմը մեջտեղն եմ դրել ու սկսել եմ դրանից: Ես ձեզ պատմում եմ, թե 20 տարվա ընթացքում, որովհետև 88-ին, երբ շարժումը սկսվեց, ես արևելագիտության ասպիրանտ էի և էն ժամանակից սկսեցի զբաղվել Ղարաբաղյան հարցերով, շարժմամբ, և այլն, և այլն: Ուրեմն՝ պատերազմը դարձավ ուղենիշ իմ կյանքին առնչվող: Եվ եթե դու հայ ես… Գիտե՞ք ինչ, եթե էս պատերազմը չլիներ, կարող ա լիներ հայերի մի որոշակի քանակ, որը ընդհանրապես չառնչվեր ցեղասպանության հարցին: Անցած-գնացած պատմություն ա, եթե քո ընտանիքին չի վերաբերել, դու արևելյան մասերից ես, հա՛, կարող ա չառնչվեիր: Բայց դա ուժեղացրեց նաև ցեղասպանության հարցը, կցեց իրար արևմտյան և արևելյան մասերը մեր ժողովրդի, փաստորեն էլ էն փախնելը մենակ հնարավոր ա մեսչանության ձևով, այսինքն՝ «մենք չենք ուզում էդ հարցով զբաղվել», հա՞, «մենք», բանը, «ապրում ենք մեր սիրած կյանքով ու ընդհանրապես էդ հարցով չենք զբաղվում»: Հենց որ գալիս ես էդ… Նալբանդյանն էր, չէ՞, ասել. «Մանկության օրեր, անցաք գնացիք, ազգի վիճակը ծանրացավ սրտիս…»:

Ամբողջ մեր ազգի, որը փոքր չէ իմիջայլոց, մի տասը միլիոն ժողովուրդ ա աշխարհի, համաշխարհային ազգ ա, իրանց գիտակից մասը, կապ չունի ո՛ր սերունդն ա՝ սփյուռքի, գաղթօջախների, 3-րդ - 4-րդ սերունդը էլի հետ ա գալիս: Մանավանդ հիմա Հայաստան կա. գալիս-այցելում են, ու էդ ամբողջ դիսկուրսը վերադառնում ա, մեր ազգի ամբողջ գիտակից մասը, իր ազգային ինքնության հարցերի հետ կապված, երկու հիմնախնդրի հետ ա… Չլուծված երկուսն էլ, մեկը գոնե պատմական ա դարձել, էլի չի լուծվել, բայց երկուսն էլ չլուծված են. ցեղասպանություն և Ղարաբաղյան հարց: Այսինքն՝ պատերազմը մեր ազգի ավաղ, հա՞… Հիմա, օրինակ, կարող ա ես շատ գիտական բան չասեմ, բայց օրինակ Ռուսաստանը, իր ցանկությամբ է ընտրում  պատերազմ, ոչ ոք չի զոռում նրան Սիրիա գնալ, չէ՞, ասենք թե: Իրենք իրենց ցանկությամբ են ընտրում: Ոչ ոք իրանց վրա չէր հարձակվում: Հա՛, Չեչնյա եղավ, լա՛վ, ջախջախեցին, վերջացավ: Մեզ մոտ այդպես չի, մենք մեր ցանկությամբ չի, որ ընտրում ենք էդ վիճակը: Էդպես ա մեր ճակատագիրը դասավորվել:

Պետք է հաշվի առնենք, որ հիմա լավագույն ժամանակներն են հայ ժողովրդի ճակատագրի, եթե պատմականորեն վերցնում ենք, սրանից լավ չի եղել. անկախ երկիր, զարգացած, սեփական համալսարաններ, բան… Ասենք՝ Սովետում սկսեց լավանալ, էդ ստալինյան ժամանակներից հետո, երբ ոչնչացրեցին լիքը խելոք ու կարգին մարդ: Հետո սակայն սկսեց լավանալ, բայց հիմա համեմատաբար շատ լավ ա, որովհետև հա՛մ ազատ ես, հա՛մ անկախ երկիր ունես, հա՛մ էդ համալսարանները կան ու եթե դուրդ չեկավ, թե քո ազգայինը ոնց ա դասավանդում, կգնաս ոչ ազգայինը, ուրիշ երկրինը, է՛լ ավելի լավը: Կուզես թատրոն բեմադրիր, կուզես՝ կինոնկար, եթե փող ունես, եթե փող չունես՝ էլի կարաս նկարես, պարտադիր չի փողով, հա՞, և այլն:

Այսինքն՝ էդ մեր ազգային ազատության մակարդակը, որ մենք այսօր ունենք, պատմականորեն երբևէ չի եղել: Ես 30 տարեկան էի, երբ Սովետը փլուզվեց, հասուն անձնավորություն էի, արդեն 2 երեխայի տեր, ինձ համար էն Սովետի ժամանակ երբևէ հնարավոր չէր պատկերացնել էն ազատությունը ու էն ապահովությունը, ազգային զգացումը, որ ես էսօր ունեմ: Որ լեզուն չի կործանվելու, որ էնտեղ՝ վերևից, Սովետի ինչ-որ կոմունիստական բաները, չեն փակելու դպրոցները, վերացնեն, կամ ինչ-որ մի տենց բան: Էս իհարկե շատ օգուտ բան ա: Բայց էն, որ մենք ժառանգում ենք էս պատերազմի զգացողությունը, էդ էլ պետք չի մոռանալ:

Հիմա էս ցանցը (սխեմայում) ի՞նչ ա: Էս ամեն մեկը գիտություն ա, ոչ թե պարզապես ինչ-որ բան ա, հա՞ ՝ ոլորտ ա, գիտություն ա, էս ամեն մի բառի վերաբերյալ պաշտպանվում են PhD դիսերտացիաներ աշխարհի տարբեր համալսարաններում: Ու կան բառեր, որոնց վերաբերյալ էդքան շատ չեն պաշտպանվում: Ասենք՝ ապագա: Բայց կա ֆուտորոլոգիա, ֆուտուրիստիկա հասկացությունը:

Ու սա ի՞նչ ա: Սա էն բոլոր գիտություններն են, որոնք ես չեմ կարող ասել, որ մինչև ուղն ու ծուծը հետազոտել եմ, բայց որոնց մեջ քիչ թե շատ խորացել եմ, որպեսզի մի բան հասկանամ էդ վիճակից: Եվ ես ձեզ սա առաջարկում եմ հիմա: Մենք ամբողջը չենք կարող շոշափել, բայց եթե դուք որևէ բանից սրա հետաքրքրվեցիք, նույնիսկ Wikipedia–ից սկսած կարող եք փնտրտուք անել: Իհարկե ավելի լավ ա ռուսերեն կամ անգլերեն բառերը գրել. անգլերեն միշտ Wikipedia–ն ավելի պրոֆեսիոնալ ա, քան ռուսերենը, էդ էլ ասեմ,  90%-ով, եթե ոչ ռուսական մշակութային երևույթի մասին ա խոսքը, անգլերեն Wikipedia–ն նույն հոդվածի վերաբերյալ ավելի խոր, ճիշտ, լավ ինֆորմացիա է տալիս:

Բայց, ուրեմն, նայելով էս սխեմային, դուք կարող եք գոնե հասկանալ իմ ճակատագիրը էս 20 տարվա ընթացքում, որ ես անհարմար չեմ զգում ասեմ, ես մի քիչ բան հասկանում եմ խաղաղարարությունից, կոնֆլիկտների տրանսֆորմացիայից, էս ասպարեզների միջով բավական խորը անցել եմ: Եվ ուզում եմ ձեզ հարցնեմ, եկեք առաջին մի քանի 4-5 բառը ասեք, ո՛րն եք ուզում, որոնց վրա կանգ առնեմ ես էսօր, որպես ներածություն, այսպես ասած:

-Նացիոնալիզմ… Ինքնություն… Սոցիալ հոգեբանություն… Խաղերի տեսություն… Գեոքաղաքականություն… Ստեղծագործունեություն…

- Հերիք ա երևի, որովհետև… Եկեք սենց անենք՝ մի քիչ խոսենք… Ես շատ չեմ ասելու ամեն մեկի վերաբերյալ, ուղղակի զուտ ուզում եմ մի քիչ ուղղություն տամ: Օրինակ՝ գեոքաղաքականության մասին չեմ խոսի, քանի որ դուք երեք ծովերի տեսությանն առընչվելու եք, շատ մանրամասն, ամենաբարձր մակարդակով ձեզ դրա վերաբերյալ տեղեկություն կտրվի:

Նացիոնալիզմից եթե սկսենք… Հասկանալի ա, չէ՞, որ կարելի ա ոնց ասես՝ սկսել, ու էդ կապերը շատ տարբեր կարող են լինել... Դա գիտություն է, որը սկսել է ստեղծվել որպես գիտություն, ձևավորվել ոչ այդքան վաղուց, մոտավորապես 20–րդ դարի սկզբից: Մինչ այդ, դա եղել է իդեոլոգիա՝ գաղափարախոսություն: Այսինքն՝ ի՞նչ ա տեղի ունեցել: Եվրոպայում 19–րդ դարի կեսերից արևելյան եվրոպական ժողովուրդները, շարժումները սկսել են արթնանալ, անկախություն ուզել: Ու նույն պրոցեսն էլ Օսմանյան Թուրքիայում էր գնում: Հայերի վերաբերյալ և ասենք ասորիների: Ձեզանից ոմանք, ովքեր միջազգային հարաբերություններ անցել են, կարող ա էդ պատմությունը լավ գիտեն: Ուղղակի շատ կարճ եմ ասում: Եվ հանկարծ ստեղծվեց մի իրադրություն, երբ  շարժումները՝ նացիոնալիստական, ազգային, ազգ-պետություն հասկացությունը միավորելով, ցանկացան պետություն ստեղծել ազգայինի հիման վրա: Երբ էդ շարժումները սկսվեցին, գիտնականները սկսեցին իրենց հարց տալ. «բա լավ, բայց մի՞շտ է պետությունը ազգից կազմված»: Հիմա նաև պետք է հաշվի առնել «ազգ, nation, нация» բառերի տարբեր սեմանտիկ տիրույթները: Իրանք լրիվ նույն բանը չեն: Օրինակ՝ անգլո-ամերիկերեն եթե nation ես ասում, հիմնականում հասկանում են «պետություն»: Դա հաշվի առնելով,  հարց սկսեցին տալ մարդիկ, իսկ ո՞նց է լինում, ազգ-պետություն հարաբերությունը ո՞րն ա, ու ինչի՞ ա ազգային հարաբերությունը էսքան ուժեղ դարձել էս վերջերս: Ու մի՞շտ է այդպես եղել, թե չէ:

Եկան եզրակացության, որ չէ, ասենք, էդպես չէր ֆեոդալական կարգերի ժամանակ Ֆրանսիայում: Եվ եկավ նացիոնալիզմի տեսությունը, և դա սկսեց դառնալ գիտություն, թե ինչպե՞ս է կազմավորվում նացիոնալիզմը: Ես հիմա մի քիչ պրիմիտիվ եմ դա ասում: Ինչպե՞ս է կազմավորվում նացիոնալիզմը: Գալիս է մի… Դա տնտեսական հիմք ունի, որովհետև, եթե հիշում եք, մարքսիզմից մենք մի ժամանակ անցնում էինք, որ ֆեոդալական պետության մեջ դու մինչև արվարձանից կենտրոն՝ շուկա էիր հասցնում քո ապրանքը, պիտի ամեն կամրջի մոտ, ամեն ֆեոդալին հարկ վճարեիր:  Երբ որ պետությունը ստեղծեց միասնական օրենսդրական դաշտ, այդ հարցը դուրս եկավ. դու հարկը վճարում էիր մի անգամ, ֆեոդալը արդեն այդքան ուժ չուներ քեզանից հարկ պահանջելու, քո շահույթը սկսեց մեծանալ, շուկան սկսեց զարգանալ: Հիմա էդ ֆեոդալները, իրանք իրականում սուբ-էթնիկ ազգեր էին, կամ հենց ազգեր էին, հա՞: Հիշո՞ւմ եք «Երեք հրացանակիրներ»–ում կա «гасконцы», դ’Արտանյանը гасконец է: Էդ Гасконь-ն էլ չկա Ֆրանսիայում: Ֆրանսիան մերվել է, անյտեղ «բրետոն» բառը դեռ մնացել է, բայց շատ քիչ հանդիպող, Ալզասի և Լոթարինգիայի հարցը լուծվեց: էն մյուս մեծ ցեղի անունը ո՞նց էր, որ միշտ պայքարում էր իշխանության դեմ... Բուրգունդիան, այո, անհետացել է, և այլն:

Այսինքն՝ ի՞նչ արվեց Ֆրանսիայում Ռիշելյեից սկսած: Ստեղծվեց մի կենտրոնամետ պետական համակարգ, պետական դպրոցների համակարգ, որոնք սկսեցին բոլորին ուսուցանել, որ «դուք ֆրանսիացի եք»: Լեզուները՝ մի լեզուն առաջ քաշվեց ի հեճուկս մնացած լեզուների կամ բարբառների, համապարփակ-համահավասար իրադրություն ստեղծվեց, և ստեղծվեց ազգը, հա՞:  

Նույն բանը տեղի է ունեցել ինչ-որ պահին աշխարհի բոլոր երկրներում հիմնականում, որովհետև ազգի միջոցով պետություն ստեղծելը, ազգային քարտը օգտագործելը ամենահեշտ ձևերից մեկն է մարդկանց համախմբելու: Եվ հիմա Ադրբեջանում ա դա տեղի ունենում: Երբ որ ասում են, որ բոլոր ազգերը սոցիալապես կառուցված երևույթներ են, տեսությունը դա է: Որ ազգը ոչ թե…

Երկու տեսություն կա՝ մեկը գիտական չի, մյուսը գիտական է: Չգիտականը ասում է, որ ազգը գենետիկ է: Այսինքն՝ դու ծնվում ես, ասենք, 3000-5000 տարի առաջ Ուրարտուի տարածքում՝ որպես հայ: Հիմա էլ ես հայ, քո հետագա սերունդները բոլորը հայ են:

Գիտականը ասում է, որ ազգը սոցիալական կառույց է, այսինքն՝ էդ ուժի, իշխանության միջոցով, մշակութային կազմակերպման, սոցիալական շարժման կազմակերպման միջոցով մերվում–մերվում–մերվում ա ու ստեղծվում է ազգ:

Եվ մարդը կարող է ընտրի՝ ինքը լինի էս ազգի անդամ, թե չէ: Օրինակ՝ իմ ազգականը, բարեկամը՝ շատ մոտիկ, նրա ազգանունն է Նեդոլյան: Նրա հայրը ուկրաինացի է՝ Նեդո՛լյա, ուկրաինական ազգանուն է: Երբ նրա 16 տարին լրացավ, նա գնաց անձնագիրը ստանալու, էդ «յա»–ից հետո մի հատ  «ն» ավելացրեց, դարձավ նոր հայկական ազգանուն, ու ինքն իրեն իրավամբ հայ է համարում: Այսինքն՝ ընտրության հարց է ազգը: Դու կարող ես լինել էթնիկապես թուրք, թուրք ծնողներից ծնված, բայց որոշել, որ դու հայ ես, և հակառակը: Բացի նրանից, որ կարող ես և լինել թուրք և որոշել, որ թուրք ես, կամ լինել հայ և որոշել, որ հայ ես: Հայ-ադրբեջանական շատ ընտանիքների մեջ էդ կիսվելը գնում ա, հա՞, էդ ընտանիքների երեխաներից շատերը, ու ես շատերին անձամբ եմ ճանաչում, որովհետև մեզ հետ էին ապրում էստեղ, և ուրիշներին էլ գիտեմ, որոնք Ադրբեջանում էին ապրում՝ խառը ընտանիքներից, իրենց հաջորդ սերունդները՝ իրենց երեխաները, ընտրո՛ւմ են, որոշո՛ւմ են, գիտակցո՛ւմ են, ընտրո՛ւմ են. իրենք արդյո՞ք հայ են, թե ադրբեջանցի, քրիստոնյա՞ են, թե մուսուլման: Եվ օրինակ՝ ես գիտեմ մի աղջիկ, որը գնում է աղոթելու և՛ եկեղեցի, և՛ մզկիթ, որովհետև չի ուզում վերջնական որոշումը անի, հա՞, իր մայրը հայ է, հայրը՝ ադրբեջանցի:

Ուրեմն՝ ազգը դա սոցիալական կառույց է, և նացիոնալիզմի տեսությունն ասում է, որ... Շատ կան տեսություններ, բայց այդ, որպես սոցիալական կառույց ազգը դիտարկող տեսությունն[1] ասում է, որ դա գիտակցորեն և անգիտակից կերպով, սոցիալական պրոցեսների միջոցով և իշխանության միջամտությամբ կառուցվող մի էություն է:

Մենք շատերս ենք էսպես ասում ոչ գիտականորեն, որ ադրբեջանցի ազգը շատ ջահել է, հազիվ մի դար գոյություն ունի, մինչև էդ նրանք թաթարներն էին՝ կովկասյան թաթարները, մեծ «թաթարներ» էթնիկ խմբի հասկացության մի մասը ընդամենը և այդ թաթարների ամբողջությունն էլ էթնիկ խումբ էր ավելի շուտ, ազգ չէր, որովհետև պետություն չուներ, և միայն մի դար գոյություն ունի «Ադրբեջան» հասկացությունը: Նույն կերպ մենք ասում ենք թուրքերի մասին, էլի ոչ շատ գիտականորեն, չէ՞, մենք ասում ենք Օսմանյան Թուրքիան, այնտեղ կային օսմացիներ, որպես ոչ միայն ազգ, որովհետև դա մի ազգ էր, որը հետո դարձավ իշխանության տարատեսակ, իշխանությունը ունեցող խմբի հատկանիշն էր օսմանցի լինելը: Էնտեղ կար թյուրքերեն լեզվով խոսող թյուրք էթնիկ համախմբվածություն, էթնոս, որը 19-րդ դարի ընթացքում հենց նույն պրոցեսի միջոցով, ինչ որ հայերը, որոնք ինքնագիտակցության եկան ազգային և ուզում էին անկախություն ստանալ, նույն պրոցեսով թուրքերն ինքնագիտակցության եկան, օսմանցիների հետ նրանք չունեին այդպիսի անջրպետ, որովհետև նույն էթնիկ խմբի և նույն կրոնի ներկայացուցիչներն էին, իրենց հայտարարեցին ազգայնացած, գլխավոր ազգը այդ տարածքի:

Եվ այդ բոլոր բախումները՝ հայերի, ասորիների, ինչ-որ չափով՝ հրեաների և այլոց հետ, այդ նույն տարածքի մեջ, և քրդերի հետ, տեղի ունեցան, և թուրք ազգը նույնպես, որպես էդպիսին, մի դար տևողությամբ գոյություն ունեցող ազգ է: Եվ, դուք գիտեք, որ ժամանակակից թուրքերենը լատինատառ է, 23 թե 28 թվականին Լեզվի ինստիտուտ ստեղծեց Աթաթուրքը, և էդ ռեֆորմից հետո արաբատառ օսմաներենը դարձավ լատինատառ թուրքերեն, և այլն:

Այսինքն՝ սոցիալական կառույց լինելը ազգերի՝ նորություն չէ: Բայց խնդիրն այլ է. բա լավ, բա հայե՞րս, բա, ասենք, Մեսրոպ Մաշտո՞ցը:

Լա՛վ, կարանք պատկերացնենք, որ էդ կռիվները գնում են գիտական, հա՞: Պարոն Ռաֆայել Իշխանյանը, օրինակ, եթե չեմ սխալվում… Ես մոռացել եմ էդ կռիվների բուն էությունը, բայց կար ասենք Գագիկ Սարգսյանը՝ պատմաբան, որը համարում էր, որ Ուրարտուն հայկական չի եղել, իսկ Ռաֆայել Իշխանյանը համարում էր, որ Ուրարտուն հայկական է եղել: Բայց լավ, էդ մի 3000 տարի առաջվա բան ա, հիմա մի կողմ թողնենք: Բայց կոնկրետ արդեն Մաշտոցը, հա՞, Խորենացին... Ուրեմն, ի տարբերություն թուրքերի կամ ադրբեջանցիների՝ մենք 20 դար առա՞ջ ենք, կամ 16 (թեկուզ) դար առա՞ջ ենք ազգային ինքնագիտակցության հասել և կազմավորվել: Պարզվում է, որ այո՛:

Այսինքն՝ ես հիմա մի բան եմ ասում, որը ես որպես մարդ, որը աշխատում է լինել արդար, սա կարող ա լսվի որպես ազգային սնապարծություն, հա՞:

Բայց մենք էլ ենք սոցիալապես կառուցվել մի քանի մակարդակով: Մի անգամը էն ժամանակ, երբ մի կրոնն ընդունվեց, մյուս կրոնները ջախջախվեցին: Ինչպես գիտեք, հիմա արդեն դրա մասին նույնպես ասվում է, գիտեք, որ կա արևապաշտների շարժումը, որը համարում էր, որ սխալ էր, որ մենք քրիստոնեությունն ընդունեցինք: Այդ կրոնները ջախջախվեցին: Դուք գիտեք, որ Էջմիածինը կառուցված է մեհյանի վրա: Կոտորածների միջոցով հաստատվեց քրիստոնեությունը, եթե կարդաք Սերո Խանզադյանի պատմվածքը Մեսրոպ Մաշտոցի երիտասարդ տարիների մասին, էնտեղ Գողթնի կոտորածներն էլ են նկարագրված:

Ուրեմն՝ մի պետություն, մի թագավոր, մի ազգ, մի լեզու: Լեզուն կոդիֆիկացվեց, չէ՞: Մեսրոպ Մաշտոցի այբուբենը ի՞նչ էր. լեզուն կոդիֆիկացվեց:

Մի լեզու, մի Աստվածաչունչ, մի կրոն:

Ստեղծվեց ազգը:

Ովքեր որ էդ ազգի ֆիզիկական, թե հոգեկան, հոգևոր սահմանագծին էին, իրենց հարց տրվեց. «դուք մեզ հե՞տ եք, թե՞ դուք մեզ հետ չեք, դուք հա՞յ եք, թե դուք հայ չեք»: էն ժամանակ դա եղավ: Հետո ամեն անգամ, երբ մեզ գրավում էին, այդ հարցը գրավողն էր տալիս. «դու իրանցի՞ ես, թե՞ դու իրանցի չես, պարսի՞կ ես, թե՞ պարսիկ չես: Դու պարսկահպատակ հայ ես, բայց դու պարսի՞կ ես, թե ո՞վ ես»: Առաջանում էին «գրպաններ», հա՞: Ղարաբաղը հայտնի է որպես այդպիսի գրպան, որ եթե պետք էր լինում, ինքը ասում էր. «Մենք դաժե հայ չենք, ախպեր, գործ չունեք մեր հետ, մենք ուրիշ ենք»: Մելիքություններ կային, հա՞, գրպան էր դա:

Հիմա մինչև էսօր էդ հարցը տեղի է ունենում: Հիմա մենք վիճում ենք Արա Աբրահ… (ո՞նց էր անունը էդ մեծահարուստի Ռուսաստանի: -Արա Աբրահամյան: -Հա՛:) Ինքը ասել է. «Ես ռուս եմ, բայց հայ եմ ես»: Ինչ է դա նշանակում, հա՞: Հենց էդ հարցն ա: Եվ գալիս է ինքնության հարցը:

ՀԱՐՑ  (26.32). Մենք խոսեցինք այն մասին, որ ֆեոդալական դարաշրջանի ինչ-որ ազգեր փորձեցին անկախանալ: Ինչո՞ւ այդ հասարակության ինչ-որ ազգեր, կամ խմբեր իրենց չսկսեցին համարել այդ ազգի մասը: Ինչու ինչ-որ տեղ առաջանում է փոքրամասնություն և չի ուզում համարել իրեն այլևս մեծամասնության մասը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի պատճառ մի հատ չի: Ցանկացած հետևանք կազմված է մի շարք բազում պատճառներից: Եղա՞վ: Մեկը ասեցիր: Մի քանիսը նույնիսկ: Մեկը, որ իրենք նեղացած էին, մյուսը, որ իրենք չուզեցին, կարելի է ասել: Եվ այստեղ կլինեն մի շարք այլ պատճառներ, որոնցից մեկը կարող է լինել, որ էդ կազմավորվող ազգն ա նրան դուրս շպրտում: Վերցնենք հրեաներին: Ասում է. «Вы столько раз говорили, что я человек, что я наконец сам поверил в это.» Մաուգլին ասում էր գայլերին, չէ՞: Ուրեմն՝ շատ հրեաներ շատ հաճախ տարբեր իրադրություններում՝ Գերմանիայում, Ռուսաստանում, ուզել են լուծվել՝ տարրալուծվել, ընդունել են կրոնը: Օսիպ Մանդելշտամը, օրինակ, և այլն: Բայց իրանց ասել են. «Չէ, դուք հրեա եք»: Նույնը՝ հայերը Օսմանյան Թուրքիայում: Այդպիսի դեպքեր եղել են, Ադրբեջանում այդպիսի դեպքեր եղել են: Այսինքն՝ ես պահում եմ իմ ազգանունը, ասենք թե, բայց ես ուզում եմ ապրել Ադրբեջանում, լինել Բաքվի քաղաքի երկրորդ քարտուղար՝ կոմկուսի, բարգավաճել, իմ կինը լինի դասատու Բաքվի դպրոցում՝ ադրբեջաներենի դասատու. չէ՛, քեզ հանում են, ասում են՝ դու հա՛յ ես:

ՀԱՐՑ (28.03). Պատմության մեջ էլի նման դեպք կա՞, որ սկզբից, օրինակ, անունն է ստեղծվում՝ Ադրբեջան, հետո՝ ժողովուրդն՝ ադրբեջանցի, և լեզուն՝ ադրբեջաներեն:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր իմպերիաներն էդպիսին են: Սովետը... Մենք չգիտեինք, որ այդքան շուտ ու հեշտ կործանվելու է, օրինակ, 84-85 թվին: Այն ժամանակ Բրոզ Տիտոն էր Յուգոսլավիայի ղեկավարը, ու ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Յուգոսլավիան կարող ա կործանվի. ու Բրոզ Տիտոն շարժում հայտարարեց, յուգոսլավ ազգ ստեղծելու շարժումը: Դրանից ելնելով՝ ես իմ ընկերների հետ նստած մի օր ասեցինք. «Իսկ մենք էլ եկեք շարժում հայտարարենք՝ эсесеряне, «ԽՍՀՄ»-ցի ազգի ստեղծման շարծումը»: Որովհետև դա շատ հաճախ է լինում: Ասենք դու հռոմեական… Հենց որ իմպերիա է ստեղծվում, հենց հռոմեական պետություն և այլն, և այլն, նրա մեջ ապրողներից ոմանք ուզում են նրա ազգի անդամները դառնալ: Հենց Արա Աբրահամյանը դրա համար է ասում. «Ես ռուս եմ»: Հենց էդ իմաստով ա ասում: Այսինքն՝ կա էդ մեծ ամբողջությունը, տեսե՛ք, ռուսները երկար… ռուսական մշակույթը երկար չարչարվեց, որ էդ տարբերակումը մտցնի. «русские и россияне». «ռուս և ռուսաստանցի»: Հիմա, եթե մի քիչ էլ, մի քիչ էլ իրենց ամբողջականությունը կազմավորեն, եթե դա հնարավոր լիներ...

Բայց Ռուսաստանի դեպքում հնարավոր չէ, որովհետև այնտեղ ապրում են առանձին արեալներում մյուս ազգերը շատ հաճախ: Բայց եթե դա մերվեր-մերվեր, էդ արիալներից տեղահան անեին... Բա գիտեք Ստալինը ինչի՞ էր տեղահան անում՝ Ղրիմի թաթարներին, չեչեններին և այլն… Հայերին ինչի՞ էին տեղահան անում: Տեղահան սովորաբար անում են, որ մի հողի վրա չկուտակվես, որ քո ինքնությունը չամրապնդվի: Այսինքն` այդ հարցերից մեկը նաև հողն է, բայց ոչ թե պրիմիտիվ իմաստով, այլ քո էդ հաբիթաթի, էդ կեցութաձևի, սովոր լինելու, դրա հետ կապված լինելու բան:

Այնպես որ շատ տարբեր պատճառներ կարող են լինել մի արդյունքի բերող: Եվ երկրորդ հարցի պատասխանը՝ ազգն ու պետությունը տարբեր բաներ են: Էդ իրանց միավորումը դա այսպես ասած գիտական աբստրակցիա է, որը երբեմն կարող ա իրական օրինակ ունենա աշխարհում, հա՞: Բայց, որ խորը նայես՝ խոշորացույցի տակ, անպայման այդպես չի լինի: Օրինակ՝ անգլիացիները: Արթուր թագավորի կլոր սեղանը լսած կլինեք, Արթուր թագավորն ի՞նչ ազգից էր …  

-Հռոմեացիների:

-Չէ, Արթուր թագավորն անգլիական լեգենդից է:

-Ես իմ իմացածն ասե՞մ:

-Ասա՛:

-Արթուր թագավորն ուրեմն ասում է, որ նա ամուսնացել է…

-Շատ լավ: Արթուր թագավորը, Անգլիայի քարտեզին որ նայեք, հիմա լավ չեմ նկարի, բայց էստեղ մի հատ սենց բան կա: Ուրեմն… Արթուր թագավորը պատկանում էր մի ազգի, որն այսօր գոյություն չունի: Դա քորնվոլցիների ազգն էր, ում անունով այժմ Բրիտանիայի մի թերակղզի է կոչված: Ազգն այդ այլևս չկա՝ տարրալուծվել է:

Քանի որ ես էլ նախկին թուրքագետ եմ, ես էդ ուսումնասիրել եմ ժամանակին և գիտեմ, որ «թյուրք» հասկացությունն իրենք վերցրեցին, Աթաթուրքը վերցրեց նաև Ֆրանսիայի օրինակից: Էդպես Ֆրանսիան, Ֆրանսիական ազգն էր կառուցվել: Որովհետև դա դասական օրինակներից էր համարվում: Եվ հայտարարեցին բոլորին թուրք, որպես ազգաքաղաքացիություն կամ քաղաքացիական ազգություն, հա՞: Եվ այդ առումով ուրիշ մի վեպում՝ ասենք Օրհան Քեմալի, այդպիսի էպիզոդ կա, որ գնչու տատիկը խոսում է գնչու թոռնիկի հետ, գնչու թոռնիկը նայում է նավահանգստի նավերին՝ Ստամբուլում, ասում է. «Ես ուզում եմ գնալ Ամերիկա»: Եվ գնչու տատիկը գնչու թոռնիկին ասում է (ու այնտեղ գրած է, որ գնչու էին). «Ի՞նչ, ուզում ես դադարե՞լ թուրք լինել»: Այսինքն՝ գնչու տատիկը և գնչու թոռնիկն իրենք թուրք են, որպես, էսպես, հովանոցային ինքնություն, հա՞:

Մենք փաստորեն եկանք ինքնության հարցերին: Իհարկե, շատ տարբեր ձևերով կարելի է գալ: Հայր, կին, մայր, տղամարդ, և այլն, և այլն: Բայց սրա վերաբերյալ ես ձեզ շատ կարճ կասեմ: Եթե մենք, իսկ ես հակված եմ դա ընդունել, տեսնել պատմական և այլ սոցիալական պրոցեսները, բայց ընդունել, որ մարդն ազատ է, ընդունել նրա իրավունքն իրեն հայտարարել ինչ որ ինքն ուզում է... Եվ այդ տեսակետից ինքնության լավագույն ձևակերպումներից մեկը հետևյալն է. մարդու ինքնությունը շատ մեծ բան է, ոչ թե մենակ էդ մի քանի կենսագրական տարրերից է կազմված, ինչպես երբեմն թվում է. «Մարդու ինքնությունն այն է, թե որքան հարց կա, որին նա կարող է պատասխանել»: Այդ ձևակերպումը Դավիթ Հովհաննիսյանից է գալիս, դուք կլսեք նրա ելույթները հետո, բայց ես ուզում եմ , որ ձեզ մոտ հիշվի, դա գեղեցիկ ֆորմուլա է: Այսինքն՝ այլ կերպ ասած, մարդն ունի այնքան ինքնություն, որքան հարցերի նա կարողանում է պատասխանել: Այսինքն՝ մեր ինքնությունը հանդիպում է մեր չիմացության տիեզերքի հետ, մեր ինքնության սահմաններն այն են, թե որտեղ է մեր իմացության տիեզերքը, հա՞: Սա շատ հետաքրքիր ձևակերպում է, իսկ  էն տարրականները, կարծրները՝ տարիք, սեռ, չգիտեմ՝ ազգ, դրանք  ուղղակի էսպես իրոք կարծրացած, սոցիալապես ամենատարածված դեպքերն են էդ ինքնության, բայց իրականում ինքը էս ամբողջությունն է:

Սոցիալական հոգեբանություն:

Կային նացիստական բժիշկները, որոնք փորձեր էին անում մարդկանց վրա, ֆիզիկական, հա՞: Հետո՝ 45-ից ասենք 55 թվականներին, մոտավորապես, ԱՄՆ-ում կար այդպիսի հոգեբան՝ Միլգրամը, որը  սոցիալ-հոգեբանական փորձեր էր անում մարդկանց վրա: Նա նրանց կտտանքների չէր ենթարկում, որ ինչ-որ բան տեսնի բժշկության մեջ, ինչ-որ զարգացում արձանագրի, բայց նա նրանց հոգեբանական փորձությունների էր ենթարկում, որպեսզի գիտելիքն ավելացնի մարդկանց հոգեբանության, և սոցիալական հոգեբանության, խմբերի հոգեբանության մասին տեղեկություն ստանա: Օրինակ՝ շատ հայտնի փորձություն է, որ նստեցնում են մի մարդու մի սենյակում, մյուսում՝ մյուս, այնտեղ դերասանն է նստած, և ասում են. «Որ դու էստեղ կնոպկան սեղմես՝ իրան տոկ ա խփելու: Ինչքան կուզես՝ սեղմի: Ինքը քո իշխանության տակ է»: Ու նայում են, ոնց մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, սկզբից վախվխելով, դժվարությամբ, հետո սկսում ա կայֆ ստանալ: Իսկ էն մարդն էնտեղ ցնցվում ա, հա, սենց բաներ է անում: Ուրեմն՝ էդ Միլգրամի տուժածները փորձերից, դե տուժածն ո՞վ էր, տուժածն էն մարդն էր, որը մեկ էլ իր մեջ սադիզմ է հայտնաբերում... նրանք դիմեցին դատարան:

Եվ ամերիկյան համալսարանական համակարգում հիմա պիտի հազար ու մի թուղթ լրացնես, մինչև որևէ էքսպերիմենտ անես. որ դու ո՛չ միայն էկոլոգիան չես քանդելու, ո՛չ միայն կատուներին կամ մկներին, եթե հանկարծ պիտի մկների վրա անես փորձ, հատուկ իրավունքներ պիտի ստանաս, և այլն, առավել ևս մարդկանց, որ ո՛չ մի մարդու, ո՛չ մի վնաս չի բերում քո փորձը, ոչ էլ հոգեբանական վնաս: Նաև՝ որ ոչ մեկից ոչինչ չես թաքցնելու: Ինչու՞: Օրինակ, գիտեք էդ հայտնի օրինակը, որ երբ մեկը քաղցկեղով հիվանդ է Ամերիկայում՝ իսկույն իրեն ասում են: Էստեղ դեռևս չգիտեն ինչ անեն, բայց առաջներում՝ Սովետի ժամանակ, չէր կարելի ասել, պիտի թաքցնեին: Էնտեղ հակառակն ա, որովհետև էնտեղ ուրիշ արժեքային համակարգ է, ու դրա մի մասն էլ էս սոցիալական հոգեբանության փորձերի հետ կապված պատմությունն է. չի կարելի մարդուն մանիպուլյացիայի ենթարկել: Ինքը պիտի ամեն ինչ իմանա, հա՞:

Տարբերությունն ի՞նչն է. որ էստեղ բժշկի մոտ գնում ես, ինքը ասում է. «Ապե՛, վոբշեմ, էս ա քո հիվանդությունը, էս պիտի անես, էս պիտի անես»: Էնտեղ գնում ես բժշկի մոտ, ինքը հանում ա, սաղ թղթերը դեմդ դնում ա, ասում է. «Տե՛ս, քո արյունն էսպես ա գնում, էս ուրեմն քո բաները… էդ նյութերը արյանդ մեջ էսպիսի վիճակում են, որովհետև եթե սենց լիներ՝ սենց կլիներ, դրա համար ես ուզում եմ քեզ սենց բան նշանակեմ, եթե դեմ չես»: Լրիվ տարբեր մոտեցում, հա՞. թափանցիկ:

Հիմա էս (ինքնությունը) սրա հետ (սոցիալական հոգեբանության) ինչպես՞ է կապված. պարզ է, որ սրա միջոցով են սա հետազոտում (սոցիալական հոգեբանության միջոցով՝ ինքնությունը): Բայց իմ համար գլխավոր թեզն էս ա. «Մի մանիպուլացրեք մարդկանց»: Եկեք չմանիպուլացնենք երբևէ որևէ մեկին: Եկեք աշխատենք չմանիպուլացնել: Մանիպուլացնելը դա իշխանության անարդար դրսևորման դեպք է: Եվ մենք նաև դրան կառնչվենք լեզվի մանիպուլյացիաների ժամանակ, երբ խոսենք տեքստերի, պրոպագանդայի և քննադատական մտածողության մասին: Բայց իմացեք, որ աշխարհի մեծ մասն անընդհատ ուզում ա մեզ մանիպուլացնի, օբյեկտիվորեն, այսինքն իշխի, թեկուզև օֆիցիալ, արդար: Հիմա սա արդար վիճակ ա: Ես ձեզ «իշխում» եմ, որովհետև ես ձեր վրա ազդեցություն եմ ունենում. ես եմ խոսում՝ դուք լսում եք: Բայց դուք համաձայնել եք, դիմել եք, նախօրոք ծանոթացել եք՝ մոտավորապես ի՞նչ է լինելու, ու եկել եք: Բայց շատ հաճախ աշխարհն ուզում ա մարդկանց մանիպուլացնել առա՛նց իրենց գիտակցության, առա՛նց իրենց ազատ կամքը հաշվի առնելու, առա՛նց խաղի կանոնները ճշտելու, ինչքան կարողացավ, հա՞:

Սրա մասին (գեոքաղաքականության), ինչպես ասացի, չենք խոսի, որովհետև ժամանակ չկա:

Խաղերի տեսությունը դա  ռացիոնալիզմի տեսության հատուկ մաս է, որը միակ դեպքերից մեկն է, որը թույլ է տալիս հաշվարկով ինչ-որ գիտելիք ստանալ սոցիալական պրոցեսների մասին: Սա առնչվում է «օրենք» հասկացությանը, որ էնտեղ նույնպես շատ ուժեղ դրված ա: Դուք գիտեք, որ, ասենք, սա օրենք է, հա՞, բնության օրենք է՝ G (ժ) արագացումը (գցում է գրիչը՝ գրիչն ընկնում է): Չի՛ կարա չընկնի, չէ՞: Երկրագնդի սահմաններում օրենք է: Հենց որ պոկվեցիր, չէ՞, ինքը կլողա, եթե մոտեցար Յուպիտերին՝ ուրիշ արագացումով է ընկնելու: Սա օրենք ա՝ օբյեկտիվ:

Սոցիալական ասպարեզում գրեթե այսպիսի դեպքեր չկան, որ լինի օրենք: Ի՞նչ է անում այդ դեպքում սոցիալական տեսությունների աշխարհը: Նա ստեղծում է, հետազոտում է, թե ի՞նչ է տեղի ունենում, և ասում է. կա օրինաչափություն: Օրենք չի, բայց երբեմն-երբեմն պատահում են օրինաչափություններ: Իսկ շատ հաճախ էդ օչինաչափություններն էլ են փլվում, իսկ եթե դու օրենք չունես... Օրենքն ինչի՞ ա պետք. ես գիտեմ, որ վաղն էլ է սա էսպես ընկնելու, մյուս օրն էլ: Ես գիտեմ, որ հիմա գիշեր է, բայց վաղը լույս է լինելու: Թեկուզ, նույնիսկ, եթե արևն ամպերի պատճառով դուրս չեկավ, հա՞: Ես կարամ պլանավորեմ: Կա ցիկլայնություն: Միակ գուշակությունը, որ ոչ թե գուշակներն են անում, այլ դու կարող ես օբյեկտիվորեն վստահ լինես, էն ա, որ վաղը դեռևս արևը նորից ծագելու է աշխարհի վրա, հա՞: Ֆիզիկական, բնական օրենքներն են: Դա նշանակում է՝ դու ապագան էս գուշակում, այստեղ (ասպարեզների քարտեզում) «ապագա» բառն էլ կա: Դրա համար են օրենքները պետք բնական:

Իսկ եթե սոցիալական օրենքները չեն աշխատում, դու ո՞նց կարող ես ինչ-որ բան պլանավորել: Միխայիլ Բուլգակովի էն հայտնի էպիզոդում ասվում էր. «Масло ни за что ни про что никто не прольет...» Կամ՝ «голову ни за что ни про что никому не отсекут»: Եթե կա սատանա, ինքը գիտի ապագայում ինչ ա լինելու: Իսկ դու չգիտես, քեզ թվում ա պատահականություն է: Բայց դու չգիտես, դա պատահականություն է, թե օրինաչափություն: Եթե չկա սոցիալական օրենք, դու չես կարող քո կյանքը կանշագուշակել: Ֆիզիկականի վրա հենվելով՝ կարող ես: Բնականի վրա հենվելով, հա՞, բայց սոցիալականի վրա՝ չես կարող: Կարող ա դու բնական-առողջ ես, ամեն ինչ անում ես ինչպես որ պետք ա, ընտանիք ունես, բան, մեկ էլ՝ հո՛պ, քո իշխանության ղեկավարը որոշում է պատերազմ հայտարարել, գալիս են՝ քեզ ոչնչացնում են, հո՛պ: Պրծավ-գնաց:

Հիմա, ինչպես ասացի, սոցիալական գիտությունները հետապնդում են օրենք գտնելու միջոցներ: Օրենք չեն կարողանում գտնել, բայց օրինաչափություններ գտնում են: Ամբողջ ստատիստիկան դա օրինաչափությունների մասին է: Օրինաչափություններ կան ավելի խոշոր, օրենքի հասնող: Օրինակ՝ Կանտը մեկն առաջ քաշեց, հետո սկսեցին ստուգել սոցիոլոգիական միջոցներով, և պարզվում է, որ, եթե դու ունես ժողովրդավարական պետություն... իսկ Կանտը[2] դա այդպես չէր անվանում, նա անվանում էր լուսավորչական միապետություն, բայց ի՞նչ էր ուզում ասել, մենք ի՞նչ ենք ուզում ասել՝ ժողովրդավարական, դեմոկրատական ասելով. ոչ թե ինչ-որ համակարգ կառավարման, այլ լեգիտիմության աստիճանն իշխանության, այսինքն՝ մի իշխանություն, որը ժողովրդի բարօրության մասին մտածում է և ժողովրդից դրա համար լեգիտիմության հայտ է ստանում: Եթե ունես էդ համակարգը մի տեղ և մյուս տեղը, ավելի քիչ հավանական է, որ էդ երկուսն իրար հետ կռվեն, քան եթե ունես էդ համակարգը մի տեղ, իսկ մյուս տեղը՝ ոչ այդպիսի համակարգ: Եվ կամ երկու ոչ այդպիսի համակարգ: Օրինաչափությունը դա է: Ոչ թե, որ դեմոկրատիաներն ավելի քիչ են կռիվ անում ընդհանրապես: Այլ որ դեմոկրատիաներն իրար միջև ավելի քիչ են կռիվ անում: Ու առայժմս այդ օրինաչափությունը հաստատվում է փաստացիորեն:

Ուրեմն՝ սա էլ (խաղերի տեսությունը) այդպիսի դեպքերից մեկն է, երբ կարելի է ինչ-որ մի բան հաշվել: Ես մի օրինակ բերեմ և ավարտեմ դրանով: Պարզվել է ի՞նչ: Որ եթե մարդը մի քիչ կրթված է, նորմալ, զարգացած անձնավորություն է, ինքը ռացիոնալության է հակված: Ոչ ամեն ինչում: Շատ ուժեղ իր ընտրությունները բնորոշվում են ոչ թե ռացիոնալ մտածմունքով, այլ իր մշակույթով, հա՞: Ասենք, եթե քո պապը քո տատուն արգելել է կարճ յուբկա հագնել, քո հայրը քո մորն է արգելում կարճ յուբկա հագնել, դու էլ շատ հավանական է որ քո կնոջն արգելես կարճ յուբկա հագնել: Էդ գալիս է սենց: Լավ ա, վատ ա, ճիշտ ա, սխալ ա, էդ ուրեմն այդպես է:

Բայց, բացի այդ դեպքերից, կան դեպքեր, երբ մարդը ռացիոնալիզմի ա հակված: Հատկապես եթե իրա շատ ուժեղ շահին ա կպնում: Գուցե ոչ թե դրական, այլ բացասական շահին, ասենք՝ իրա անվտանգությանը, հա՞: Ուրեմն՝ էդ դեպքերում սենց վիճակ ա ստեղծվում, եթե իրա շահը մեծ է ու իրան դիմացինը խաբում ա, գցում ա՝ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, ինքը դա սովորում ա: Ու չորրորդ ու հինգերորդ անգամ չի խաբվում: Սովորում է… Ինքը մտածում ա՝ եթե հինգ անգամ խաբեց էս մարդը, վեցերորդն էլ է երևի խաբելու: Ես էլ չեմ խաբվի: Դա օբյեկտիվ էլի օրինաչափություն է: Եթե վստահությունն արդարացնում է մյուսը, եթե մեկ անգամ վստահեց-արդարացրեց, երկրորդ անգամ վստահեց, երրորդ անգամ ու չքցեց, վստահությունն արդարացավ՝ մարդ սովորում է դրան: Մյուս անգամ արդեն էն մարդուն էլի կվստահի: Եթե հինգ անգամ սա նրան վստահեց և նա արդարացրեց, վեցերորդ անգամ նա քցեց, էս մարդը, եթե ռացիոնալ խաղացող ա, յոթերորդ անգամ չի վստահելու՝ քցելու ա:

Ուրեմն սա է խաղերի տեսության մի մասը, ուղղակի, ասածս ի՞նչ ա, հիմա ժամանակ չկա ձեզ շատ ներկայացնելու, բայց շատ կարևոր է, որ կոնֆլիկտներին առնչվող հիմնական էությունն էս տեսության էն ա, որ դու կարող ես օրինաչափության ալգոռիթմներ մշակել, թե ինչպես կգործի մարդը ռացիոնալ պայմաններում: Իսկ ռացիոնալ պայմանները, դա շատ հետաքրքիր բան ա, դա հաճախ չի տեղի ունենում. ռացիոնալ չէ մարդը, ինչպես ասացի՝ մշակույթը շատ ուժեղ իրա վրա ազդում ա: Սենց հայտնի օրինակ կա. ասում է մեկը մյուսին. դու ինձ տալիս ես մի ռուբլի, մի ասենք հազար դրամ... Ես գիր թե ղուշ եմ անում: Մի հատ կլոր փող, դրամ եմ գցում: Եթե դուրս եկավ գիր՝ ես քեզ տալիս եմ հիսուն հազար դրամ, եթե դուրս եկավ ղուշ՝ դու ինձ բան չես տալիս:

(45.10) Մարդկանց մեծամասնությունը գերադասում է չխաղալ՝ վախենալով տանուլ տալ (մուծել) հազար դրամ, չնայած այս դեպքում ռացիոնալ մոտեցումը կլիներ ռիսկի դիմելը:

Հայ ժողովրդի մի խոշոր մասը տարիներ շարունակ հենց էդ իռացիոնալ որոշումն ա կայացնում, հենց էդ իռացիոնալ ընտրությունն ա անում, հա՞: Ինքը ստանում ա հինգ կամ տասը հազար դրամ, կամ նույնիսկ հիսուն-հարյուր հազար, շատ հազվադեպ... Եվ ինքը ծախում ա 5 տարվա իշխանությանը մասնակցելու իրա իրավունքը: Իշխանությանը մասնակցելու իրավունքը հսկայական կարողություն ա, հա՞. եթե դու, պատկերացրու, ունես լավ անդամ քո տարածքից պառլամենտում... Դու, պատկերացրու, խոսք ունես ասելու, որը կլսի իշխանությունը: Չէ՛, դու հինգ հազարը ստանում ես նաղդով, որովհետև ուրիշ սպասելիք չունես իրանցից, և վախում էլ ես ակնարկել, հետո թողնում-քոչում ես:

Դա շատ իռացիոնալ, բայց շատ տիպական, մշակույթով պայմանավորված ընտրության դեպք ա: Ու մեզ ռացիոնալիզմի տեսությունը թույլ ա տալիս էդ ծակերը տեսնել, էդ անհամամասնությունները:

Ստեղծագործունեություն[3]:

Շատ կարճ, դրա ֆորմուլան էլ ես ձեզ կտամ, իմ որոշածով, հասկացածով, որ դուք իմանաք:

Ստեղծագործունեությունը դա կարողություն է իրար մոտեցնել երկու ինչքան կարելի ա իրարից ավելի հեռու բան: Շատ պրիմիտիվ մակարդակով, հա՞: Դրա ատաղձը ինչ է: Եկեք իրար մոտեցնենք մի քանի հեռու բան: Օրինակ՝ ես որ փոքր էի, ուզում էի ստեղծեի կոշիկ-գրիչ: Մտածում էի՝ ինչի՞ չկա: Կոմբայնները արդեն մոդա էին, չէ՞, ընկնում, ինչի՞ չկա կոշիկ, որը համ էլ գրիչ լինի: Դա պրիմիտիվ, երեխայական, փոքր մասշտաբի ստեղծագործունեություն էր… Ցանկացած աբսուրդ իր մեջ ունի ստեղծագործունեության կորիզ:  

(47.12) Ստեղծագործունեությունը սկսում է այն պահից, երբ երկու միմյանցից հեռու իր կամ հասկացություն մերձենում են: Քննարկվեցին օրինակներ, ինչպես օրինակ՝ լուսին և արև միասին, ամառ լինի, բայց ձյուն գա…

Լսարանից եկած հաջորդ հարցը կրկին այն մասին էր, արդյոք կարող է մարդ ազգությունը փոխել, ի՞նչ հեշտությամբ: Զրույցը տարավ հարազատներից հրաժարվելը քննարկելուն:

Ավելի լավ կլիներ՝ օրինակում լինեին քույր ու եղբայր, որովհետև հայր ու որդու մեջ կա իշխանական հարաբերություն: Հայրը՝ ուզած-չուզած, լավ, թե վատ իմաստով, իշխանություն ունի երեխայի նկատմամբ շատ երկար ժամանակ: Դրա համար եթե սխալ ա օգտագործում էդ իշխանությունը՝ երեխան մեծանում ա ու չի սիրում իրա հորը: Էդ պատահում ա, չէ՞: Եթե վերցնես քույր ու եղբայր՝ դա ավելի հավասար ա, որովհետև եթե մի մարդ մյուսին ասում ա «Ես ռուս եմ, իսկ դու ռուս չես», դա իրանք հավասար վիճակում են, իշխանականում չեն, իշխանականը պղտորում ա իրադրությունը: Որդին կարող ա հորը ասի՝ «դու հայր չես ինձ», որովհետև նեղացել ա նրա իշխանական ազդեցություններից: Եթե համահավասարի մեջ վերցնենք՝ քույր ու եղբայր են, քույր ու եղբայր որպես մեծացել են, հետո մեկը ասում ա. գիտե՞ս, դու իմ քույրը չես: Պրծավ-գնաց: Դու սխալ ես ապրում, սխալ քույրություն ես անում, ինձ դուր չի գալիս քո քույրության ձևը: Կարող ա դա պատահել, չէ՞:

-Երևույթը դրանից չի փոխվում: Վերաբերմունքն ա փոխվում:

-Այո՛: Այո՛: Քույրը կասի՝ մեկ ա ես ինձ համարում եմ, որ քո քույրն եմ:

-Կարելի՞ է վերադառնալ նացիզմի թեմայի քննարկմանը: Շատ հաճախ ասում են՝ նացիզմն ունի բացասական իմաստ, քան դրական: Հայերեն լեզվում հստակ ունենք, չէ՞, տարանջատում ազգայնականության և ազգայնամոլության:  

-Չունե՛նք:

- Չունե՞նք:

-Չէ՛:

-Լա՛վ, տարբեր են:

-Դուք ուզում եք, և որոշ մտածողներ փորձում են տարանջատել, բայց շարունակեք…       

- Ձեր կարծիքով նո՞ւյնն է նացիոնալիզմը երկու դեպքում: Նացիզմը չէ, նացիոնալիզմը: Հիմա շատ հայտնի են, չէ՞, դեպքեր, որ ազգայնականությունը վեր է ածվում ազգայնամոլության: Կարո՞ղ եք մեզ հստակ տարանջատումը բացատրել…

-Չէ, ես դրանով չեմ զբաղվի: Դուք կարող եք դա կարդալ: Բայց էստեղ նացիոնալիզմ ասելով ես նկատի ունեի գիտություն ազգերի գոյացման, գոյության, ստեղծման մասին, որպես գիտություն, ոչ թե որպես ազգայնականություն կամ ազգայնամոլություն: Որպես գիտության անուն: Ես ասեցի, չէ՞, որ ամեն բառը, որ այդտեղ՝ ասպարեզների քարտեզում գրել եմ, դրա վերաբերյալ... Օրինակ, կա մարդ, որն ունի Ph.D. in nationalism, դա չի նշանակում, որ ինքը նացիոնալիստ է, դա նշանակում ա որ ինքը նացիոնալիզմի մասնագետ ա: Էդ իմաստով եմ ես օգտագործում: Իսկ տարբերակումը՝ ես չեմ անի: Ասեմ ինչի: Որովհետև իմ համար և՛ ազգայնականությունը, և՛ ազգայնամոլությունը համահավասար, ավելորդ հասկացություններ են, իմ կյանքին դրանք չեն համապատասխանում:

- Այսինքն՝ ազգը չեք ընդունում որպես այդպիսի՞ն:

-Չէ, ինչի՞ չեմ ընդունում: Ո՞ր ազգը: Ազգը որպես նյութ իհարկե չեմ ընդունում: Ազգը որպես կոնստրուկցիա՝ ես այդքան ժամանակ խոսեցի, որ եթե կա, դարեր առաջ ա ստեղծվել, ո՞նց կարամ ես չընդունեմ: Կամ՝ իմ չընդունելուց ի՞նչ ա փոխվելու: Այսինքն՝ կա մի հասկացություն, որին որոշակի երևույթներ են համապատասխանում: Մենք, որպես մտածող մարդիկ, պիտի հասկանանք, այդ երևույթը ի՞նչ ա: Իսկ ընդունել թե չընդունել, դա արդեն մտածողության բացակայություն ա: Եթե քեզ ասում են. դու ընդունու՞մ ես արդյոք, որ էս գետինը կանաչ ա, դա բարյեր ա ստեղծում, խոչընդոտ, հա՞, ոնց թե՝ ընդունեցիր, չընդունեցիր... Մի մասը ընդունեց, մի մասը չընդունեց, բաժանվում ենք երկու մասի ու սկսում կռվել: Դա հենց կոնֆլիկտ ստեղծելու ձև ա: Իսկ մենք պիտի տեսնենք՝ կա հասկացություն ու կա երևույթ, ինչպես են նրանք իրար հետ փոխհարաբերվում:

ՏԵՂԻՑ. Ազգայնականություն թեմայի մասին երկու բառ ասեմ. հետաքրքիր ֆենոմեն ա, որովհետև ինքն իրենով ամբողջությամբ միֆ, ազգը՝ լինելով ամբողջությամբ միֆ,  կարողանում ա դառնալ իրական  ինչ-որ պահերի: Ինչ-որ պահի մարդու կյանքում ինքը դառնում ա իրական: Այսինքն՝ ֆրանսիացի մի հայտնի փիլիսոփա, անունը չեմ հիշում, ասել էր. «Դա ամբողջությամբ պատահականություն է, որ ես ծնվել եմ ֆրանսիացի, բայց կեցցե՛ Ֆրանսիան»: Այսինքն՝ չկա ոչ մի տրամաբանական կապ դրա մեջ:

- Ճիշտ ա: Ամբողջությամբ պատահականություն ա, որ ես ծնվել եմ Հայաստանում՝ հայ, ասենք 12,5% ռուսի արյամբ, որովհետև տատս, թե տատիս…, արդեն չեմ հիշում, հա՛, հայրիկիս տատը ռուս էր, բայց ոչ թե «կեցցե Հայաստանը», ես էդպիսի լոզունգներ как раз էդքան չեմ սիրում, բայց էն, որ ես հիմա ձեզ հետ հայերեն եմ խոսում, դուք լսում-հասկանում եք, որ մենք հայերեն ենք հաղորդակցվում, իհարկե մեր շփման ոճը ու բովանդակությունը շատ խորապես փոխում է: Ու ես, ապրած լինելով տարբեր երկրներում ու իմանալով առնվազն երկու հավելյալ լեզու, իհարկե ոչ այսքան լավ, ну ռուսերենը համարյա էսքան լավ, ես շատ լավ զգում եմ, որ նույն ձևի ոչ մեկի հետ երբևէ չէի շփվի: Էս ինտոնացիաները, որ հիմա օգտագործում եմ, չէի օգտագործի: Գոնե, որպես փաստ, որ ծնվելով էս շրջանում, ես ձեր հետ միասին, մենք օգտվում ենք ավելի իրար հետ հեշտ ու սերտորեն հարաբերվելու, կոմունիկացվելու կարողությունից, շնորհիվ ունենալու մեկ ընդհանուր մայրենի լեզու, դա արդեն ինձ թվում ա շատ արժեքավոր բան ա: Սկսենք դրանից, էլի: Ավելի պրագմատիկ, էսպես ասած, բաներից: Ու շատ կա  տենց հանգամանք, որը դա արժեք ա դարձնում, հա՞:

- Եթե ես փոխում եմ ազգս, բայց ընդունում եմ, որ ազգիս նկատմամբ որոշակի պատասխանատվություն ունեմ, ես դառնում եմ, ինչ-որ տեղ, դավաճա՞ն:

-Եթե ունես պատասխանատվությո՞ւն… Դավաճան՝ էլի, դա շատ, էսպես ասած…էսպես, բառ ա՝ label, ярлык (պիտակ):

-Հա՛: Ես ընդունում եմ: Բայց ես ամեն դեպքում լավ բան չեմ անում, որ լքում եմ էն մարդկանց, որոնց հանդեպ պատասխանատվություն ունեմ:

-Եթե ունես: Իսկ ինչի՞ դու ունես պատասխանատվություն: Հետո՝ ով ասեց, որ ունես: Էդ շատ կարևոր ա: Դու՞ ես ընդունում, որ ունես, թե՞ քեզ ինչ-որ մեկը պարտադրել ա, ասել ա: Ու էստեղ հարց է առաջանում՝ դու կամք ունե՞ս, թե չէ: Եթե դու ունես անկախ կամք, քեզ կարող ա պարտադրեն. ասեն, գիտես ինչ, դու էս սաղի վրա պատասխանատվություն ունես: Բայց դու ասես. չէ՛, կներեք ժողովուրդ ջան, ես իմ գործով թողնում-գաղթում եմ Լոս Անջելոս: Ցտեսություն ձեզ: Էդ էլ կա, այսինքն՝ դա մի քիչ ուրիշ մոմենտ ա:

-Ես պատասխանատվության պահով հարցը շարունակեմ, եթե կարելի ա, էդ դեպքում ամեն տաս օրը մեկ ազգը փոխելու կարիք կլինի:

-Մենք այդպիսի դեպք ունենք, չէ՞, համարյա թե: Էն տղան գնաց Ադրբեջան վերջերս, ազգը չի փոխել, բայց դավաճան են իրեն կոչում, և այլն:

-Վահան Մարտիրոսյան կա չէ մի հատ, որ գնաց Ադրբեջան, հանձնվեց կնոջ և երեխայի հետ:

-Կարևոր չի, լա՛վ: Կներե՛ք, ձեր խոսքը կտրեցի, ուղղակի, հա, մի տենց դեպք կա, էլի:

-Էդ դեպքում, պատասխանատվության առումով մարդը չի՞ դրսևորվում որպես անպատասխանատու մարդ, եթե ինքը իր գաղափարների հանդեպ անպատասխանատու է:

-Չե՛մ կարող ասել. դուք հիմա ընդունում եք, որ մարդը պիտի լինի պատասխանատու:

-Դրական առումով:

-Դրական մարդու կերպար եք ստեղծում: Ինձ համար դեռ պետք ա երկար մտածել ու ինչ–որ նախապայմաններ ստեղծել, էդ հասկացությունները ճշտենք, հասկանանք, որ նույն բանը նկատի ունենք, որ պարտադիր ա, որ մարդը պատասխանատու լինի, ոչ թե խոսքով, այլ գործով, հա՞: Որովհետև խոսքով, հա՛, սաղ էլ կասեն կարծրատիպը, բայց իրականում դա ի՞նչ ա նշանակում, շատերն են արդյո՞ք, թե ոչ: Իմ կարծիքով՝ մարդը, մանավանդ ռացիոնալ էակը, շատ հաճախ, ստատիստիկորեն ասած, աշխատում է պատասխանատվությունից խուսափել, որովհետև դա ծանր աշխատանք ա: Ու նույնիսկ եթե չի խուսափում, ամենասուրբը ո՞վ ա: Նա չի, ով միշտ պատասխանատվություն ունի, այլ նա է, ով ընդունում է և հիշում է, թե քանի անգամ է ինքը fail եղել, չի կանգնել իր պատասխանատվությանը համապատասխան վիճակներում, հա՞: Այսինքն ամեն մարդու կյանքը կազմված ա էդ անհաջողություններից, երբ ինքը ուզում էր էդ բարոյական մակարդակին գալ ու չի կարողացել: Մնացածը սաղ խոսակցություններ են՝ label–ներ, ярлык–ներ, բաներ էլի (պիտակներ, կարծրատիպեր): Բայց իրականը մի քիչ ուրիշ ա, պետք ա ներսից նայել իրականը ո՞նց ա տեղի ունենում:

 

Սղագրությունը՝  Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը՝  փետրվարի 25, 2016թ․

Խմբագիր՝ Անի Թովմասյան

Խմբագրության ավարտը՝  մարտի 15, 2018թ․

Տեսանյութը ստեղծվել է 2015թ. նոյեմբերի 1-ին:

 

[1] Imagined Community: https://en.wikipedia.org/wiki/Imagined_community

  Երևակայական հանրույթներ, ռասիզմ, ազգայնականություն և կոնստրուկտիվիզմ (Jam Session 12)

[2] Perpetual Peace: A Philosophical Sketch, Immanuel Kant: https://en.wikipedia.org/wiki/Perpetual_Peace:_A_Philosophical_Sketch

[3] Creativity: https://en.wikipedia.org/wiki/Creativity

Ինովացիա և ստեղծագործական մտածողություն (Jam Session 7)