School for Local Democracy

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը երիտասարդներին համայնքի զարգացման գործում ներգրավելն ու նրանց ներուժն ամբողջությամբ օգտագործելն է։ Այս առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտակար և կիրառելի գիտելիք և հմտություններ տրամադրել համայնքային կյանքով հետաքրքրվող երիտասարդներին։ Եվ որպեսզի այս գործընթացն ավելի հստակ կառուցվածք ու զարգացում ունենա, ծրագրի իրականացման հինգերորդ տարում ՀաՄաՏեղ ծրագիրը հարստացավ ևս մի կարևոր բաղադրիչով՝ մշակվեց և մարզերում սկսեց իրականացվել «Տեղական ժողովրդավարության դպրոցը» (ՏԺԴ), որը նախատեսում է ներառել շուրջ 800 երիտասարդների, ինչպես նաև հայաստանյան լսարանին առաջարկում է տեղական ժողովրդավարության վերաբերյալ առցանց ուսուցման նորարարական հարթակ։

ՏԺԴ-ն տեղական ինքնակառավարման և տեղական ժողովրդավարության մասին Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող դասընթացների շարք է, որին հաջորդում են փոքր դրամաշնորհային ծրագրեր։ Մարզային դպրոցներին զուգահեռ գործում է նաև առցանց դպրոցը, որի նպատակն է յուրաքանչյուրին հնարավորություն տալ ինքնուրույն անցնել ՏԺԴ դասընթացների ողջ ցիկլը, հանձնել առցանց թեստեր և հաջողության դեպքում ստանալ վկայական։ Մարզային դասընթացների ժամանակ մասնակիցները մի կողմից ծանոթանում են տեղական ինքնակառավարման առանձնահատկություններին, մյուս կողմից՝ ստանում հմտություններ կառավարման, հաղորդակցության և մարդու իրավունքների ոլորտում։ Այսպիսով՝ համադրելով գիտելիքի երկու խումբ, պատկերացում են կազմում կառավարման և՛ բովանդակության, և՛ մեթոդաբանության մասին։

ՀաՄաՏեղ թիմի մոտեցումը կրթական գործընթացի կազմակերպմանը ենթադրում է, որ տեսական գիտելիքը՝ անկախ դասավանդման ինտերակտիվությունից, անպայման պետք է կիրառական դաշտում փորձարկվելու հնարավորություն ստանա։ Այդ պատճառով ծրագրով նախատեսված մարզային դասընթացներից հետո մասնակիցներին տրամադրվում են փոքր դրամաշնորհներ՝ իրենց համայնքներում տեղական ժողովրդավարությունը խթանող ծրագրեր իրականացնելու համար։

Դասընթացներից և փոքր դրամաշնորհային ծրագրերից բացի ՏԺԴ շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան փորձնակության ծրագրեր անցնել համայնքապետարաններում, մարզպետարաններում և ՔՀԿ-ներում, ինչպես նաև ներգրավվել ԵՀՀ ԻնֆոՏների ցանցի կողմից իրականացվող նախաձեռնություններին։

Ծրագրի եզրափակող փուլում մասնակիցները հնարավորություն կստանան նաև տեղական և կենտրոնական իշխանությունների հետ մասնակցել օրենսդրության և քաղաքականության մակարդակում բարեփոխումների մշակման գործընթացին՝ իրենց ներդրումն ունենալու նպատակով։

More