Human Rights Self-Defense. Part 9 (in Armenian)

11.10.2017

Քաղբանտարկյալի բանտում անցկացրած որևէ վայրկյանն անգամ անիմաստ չէ: Այս մարդիկ փոխում են երկրի ճակատագիրը: Նրանց նստած տարիներն իզուր չեն, նրանց անունները թէև հաճախ չեն հնչում, բայց քաղաքական համակարգի բարեփոխումների համար հենց նրանց ենք պարտական: Ո՞վ կարող է կոչվել քաղբանտարկյալ, ո՞ր հոդվածներով են նրանք հայտնվում բանտում և ո՞րն է նրանց տարիներ շարունակ անազատության մեջ պահելու իմաստը: Թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

 

- Պրն. Հարությունյան, որտե՞ղ է սկսվում  քաղբանտարկյալը, որտե՞ղ վերջանում սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ անող մարդու սահմանումը: Շատ հաճախ մենք ասում ենք՝ քաղաքական հայացքների համար ձերբակալվեց այս կամ այն քաղաքացին, սակայն իրականում իր քաղաքական հայացքները հակասում էին մեր սահմանադրությանը, այսինքն, այդ  նուրբ սահմանը որտեղով է անցնում:

- Հենց սկզբից կարելի է ասել, որ սահմանը բավականին հեղհեղուկ է, բայց մի ճշտում պետք է մտցնում պարտադիր. մեր  (անկախ Հայաստանի) ժամանակների պատմությայն մասին խոսելիս քաղբանտարկյալներին եթե անդրադառնում ենք, ավելի շատ պետք է օգտագործել ոչ թե քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ, այլ քաղաքական գործունեության համար դատապարտվածներ: Եթե խորհրդային ժամանակներում կամ որեէ տոտալիտար խիստ երկրում, ինչպիսին Ֆաշիստական Գերմանիան էր, Խորհրդային Միությունն էր կամ այսօրվա Հյուսիսային  Կորեան է, մարդիկ դատապարտվում էին ե՝ւ իրենց ունեցած հայացքների, ե՝ւ իրենց ծավալած գործունեության համար, ապա այս կարգի երկրներում, ինչպիսին մերն է՝ հիբրիդային ինչ-որ բան է, որ չես կարող ձեւակերպել, ես գոնե, ձեւակերպումը չեմ կարող գտնել, այս իրականության մեջ մարդիկ դատապարտվում են ոչ թե հայացքների համար, այլ՝  գործունեության, որովհետեւ դու կարող ես քո հայացքները շարադրել ռադիոյով, մամուլի միջոցով, զրույցների ընթացքում. քեզ ոչինչ չեն անի: Բայց հենց դու սկսում ես գործել՝  իշխանությունները, որպես իրենց ոխերիմ թշնամու եւ հակառակորդի, սկսում են անկյուն սեղմել, խոչընդոտել, դու սկսում ես վրդովվել, այդ վրդովմունքը վերածվում է բողոքի ավելի խիստ արտահայտության, այստեղ արդեն ի հայտ է գալիս նրանց կողմից մտածված նոր ձեւակերպումը, որը նրանք անվանում են սսահմանադրական կարգի տապալման փորձ կամ նման մի բան: Երբ Հայաստանն անկախացավ, Հայաստանի առաջին իշխանությունները, իմ կարծիքով, ինչ-որ հարցերում լուրջ թերացան, չկարողացան դնել անցյալի եւ ներկայի հստակ սահմանը, կամ չցանկացան, կամ բարի գտնվեցին: Չեղավ, որը մենք պայմանականորեն անվանում ենք, լյուստրացիան, որը կդատապարտեր խորհրդային արատավոր անցյալը եւ կձեւակերպեր մի այնպիսի հստակ, ամուր, անանցանելի սահման, որտեղից խորհրդային անցյալը չէր կարողանա ներթափանցել մեր նոր իրականություն, այդ մտածողությանը հարիր երեւույթներ չէին կարող ի հայտ գալ, ինչպես, օրինակ, սահմանադրական կարգի տապալման փորձ եւ այլն: Որպես իրավապաշտպան ես առնչվել եմ շատ քաղբանտարկյալների գործերին եւ կարող եմ ասել, որ չկա մեկը, ով իր առջեւ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու խնդիր դրած լիներ: Կան մարդիկ, ովքեր դիմել են քաղաքական գործողությունների՝ միտինգներ են փորձել անել, երթեր, ցույցեր. իշխանությունները խոչընդոտել են, թույլ չեն տվել: Թույլ չտալու հետեւանքով ոմանք ենթարկվել են իշխանությունների պահանջին՝ գնացել են տուն, ոմանք մնացել են փողոցում եւ դիմադրություն ցույց տվել: Եվ այդ դիմադրությունը ներկայացնում են որպես սահմանադրական կարգի տապալում, որն իրականությանը չի համապատասխանում: Ես չեմ ճանաչում որեւէ քաղբանտարկյալի Հայաստանի Հանրապետությունում (նախկինում եւ այսօր), ով իր առջեւ նման խնդիր դրած լիներ: Եթե եղել են ինչ-որ զինված խմբավորումներ կամ գաղտնի կազմակերպություններ, որոնք իրենց ծրագրերում նման բանավոր կամ գրավոր խնդիր են ունեցել եւ վնասազերծվել  են, ես տեղյակ չեմ.  կներեք,  բայց այսօրվա դրությամբ ո՜չ  ԱԱԾ-ն, ո՜չ էլ դատախազությունը նման փաստեր հանրությանը չի ներկայացրել:

- Այ հենց դրա հետ կապված մի հարցում էլ կա. կարո՞ղ էր որեւէ  երկրում մի իշխանություն լինել, որը «Սասնա Ծռեր»- ին ազատության մեջ թողներ: Ձեր  կարծիքով այս մարդիկ քաղաքական հայացքների՞, թե՞ քաղաքական գործունեության համար վնասազերծվեցին:

- «Սասնա Ծռեր»-ի դեպքը յուրօրինակ գործ է, այսպիսի գործ մեր իրականության մեջ ես չեմ հիշում, երեւի թե չի եղել. սա առաջին դեպքն էր: Եթե այսպես շարունակվի, եւ մեր իշխանությունները համապատասխան հետեւություններ չանեն, չի բացառվում, որ կունենանք երկրորդ, երրորդ, չորրորդ դեպքերը նույնպես: Սա ե՜ւ առաջինն էր, ե՜ւ ցավալի դեպք էր: «Սասնա Ծռեր»- ի մեջ ընդգրկված էին մարդիկ, որոնցից շատերին ես ճանաչում եմ, ոմանց ճանաչում է հանրությունը, որովհետեւ նրանք հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ էին, հրապարակային գործիչներ: Այդ գործիչները, տարիներ շարունակ լինելով հրապարակում, փորձում էին տարբեր ճանապարհներով՝ ընտրությունների, ագիտացայի, պրոպագանդայի, աշխարհում ընդունված բոլոր հնարավոր ձեւերով իրենց քաղաքական ծրագրերն ի կատար ածել, բայց բախվում էին մի հանգամանքի, որ Հայաստանում ընտրությունների, ազատ, ժողովրդավարական գործողությունների միջոցով ծրագրեր իրականացնել չեն կարող՝ իշխանություններն ուղղակի թույլ չեն տալիս: Եվ ոչ միայն  «Սասնա Ծռեր»- ին, այլ՝ բոլորին: Մենք տեսել ենք  2008թ. ընտրություններ, հսկայաքանակ բողոքող ժողովուրդ, տեսել ենք, թե ինչպես է հրապարակ բերված Ս.Սարգսյանի ժողովուրդը եկել եւ միացել ըմբոստացող եւ բողոքող ժողովրդին: Տեսել ենք գործող իշխանության ակնհայտ պարտությունը, բայց իշխանությունը շարունակել է մնալ ղեկին: Մենք այդ ամենը տեսել ենք, 2003, 2004 թվականներ ենք տեսել, 2008թ. հաջորդած ժամանակներ ենք տեսել. ես 2008-ն առանձնացնում եմ, որովհետեւ դա համարում եմ սահման մեր պատմության մեջ: Եվ այդ հանգամանքները դրդում են ոմանց, այդ թվում՝ «Սասնա Ծռեր»-ի անդամներին, դիմել ծայրահեղ միջոցների կամ քայլերի: Դա բոլորովին չի նշանակում, որ ես կարող եմ այդ ծայրահեղ քայլերն ու միջոցներն արդարացնել, կամ դրանից ելնելով կամայական իշխանություն պետք է զինված հարձակումը դիտարկեր որպես մի սովորական հանգամանք եւ մարդկանց քրեական հետապնդման չենթարկեր: Ո՜չ, բոլորովին: Ես վստահ եմ «Սասնա Ծռեր»- ի մեջ եղած մարդկանց խոհեմությանը. նրանք բավականին խելամիտ են եւ գիտեին, թե անհաջողության դեպքում ինչ է լինելու, գիտեին, որ իրենց այդ քայլը մեծ հաջողությունների չի բերի: Գոնե իմ ճանաչած մարդիկ՝  հաստա՜տ. բայց գնացել էին այդ ընդվզմանը՝ դա կարելի է դիտարկել որպես  ընդվզում: Ցավալի է, իհարկե, որ արյուն հեղվեց, մարդիկ վիրավորվեցին, զոհվեցին, այդ թվում՝ ոստիկաններ. դա արդեն մի բան էր, որ պետք է տեղի չունենար: Եվ այդ կարգի հարձակումը, իհարկե, ամենաժողովրդավարական կամայական իշխանության պարագայում, նման մարդիկ կհայտնվեին դատարանում, բայց մի պայմանով, որ ամենաժողովրդավարական երկրներում նման բան հնարավոր չէր, որեւե ժողովրդավարական երկրում նման բան քիչ հնարավոր է, եթե  մարդիկ տեռորիստներ չեն, իրենց առջեւ տեռորիստական գործողություն իրականացնելու խնդիր չեն դնում,  միայն իրենք քաղաքական հայացքները, ծրագրերը պետք է իրականացնեն, նման իրավիճակ չէր ստեղծվի: Այստեղ մեղավորն իշխանություններն են: Նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՝ ոչ. իմ կարծիքով քաղբանտարկյալներ են բոլոր նրանք, ովքեր իրենց ծավալած գործունեության համար հայտնվում են կալանավայրերում եւ բանտերում, գործունեություն, որը հետապնդում է քաղաքական նպատակներ: Դա վերաբերում է նաեւ «Սասնա Ծռեր»- ին: Քաղբանտարկյալը բավականին լայն հասկացություն է. քաղբանտարկյալը միայն նա չէ, ով հոդվածներ է գրում, ելույթներ է ունենում:

- Ձեր կարծիքով Բրեյվիկը քաղբանտարկյա՞լ է: Ինձ հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն պետք է լինեն դեմոկրատական երկրների քաղբանտարկյալները:

- Բրեյվիկը տեռորիստ է: Նրա ծրագրերը քաղաքական չէին. նա  իր երկրում ազատ արտահայտվելու, գործելու, կուսակցություն ստեղծելու եւ ընտրություններում հաղթելու հնարավորություն ուներ:  Նորվեգիայի պատմությունը ցույց է տալիս, որ ընդդիմությունները կարողանում են հաղթել, այսինքն, նա կամ հոգեկան հիվանդ պետք է լիներ, բայց բժշկական ստուգումը ցույց տվեց, որ այդպես չէ, բնական է, որ նա տեռորիստ է, մարդատյաց է, նրա մասին խոսելն այս համատեքստում տեղին չի լինի, որովհետեւ դա կնշանակի թեման մտցնել փակուղի: Դեմոկրատական երկրներից քաղբանտարկյալ ունեցել է Անգլիան՝ Մեծ Բրիտանիան, 80-ականների սկզբին: Բայց նույնիսկ Թետչերի Անգլիան նրանց չէր ճանաչում որպես քաղբանտարկյալ, չնայած աշխարհի շատ երկրներ նրանց ընկալում էին որպես այդպիսին, նրանց գործունեությունն էր քաղաքական. քաղբանտարկյալի կարգավիճակ ստանալու համար նրանք անգամ հացադուլ հայտարարեցին՝ ամենաերկարը՝ 75 օր, եւ հերթով մահանում էին բանտում: Բայց Մեծ Բրիտանիան կարողացավ այլ կերպ ադ խնդիրը լուծել. չճանաչելով քաղբանտարկյալներին որպես քաղբանտարկյալ՝ նա կարողացավ լուծել խնդիրները, որպեսզի քաղբանտարկյալներ ի հայտ չգան: Պետության գլխավոր դերը պետք է լինի բողոքող մարդկանց՝ քաղբանտարկյալներ ծնող խնդիրների լուծումը, այսինքն, մարդուն պետք է տալ խոսելու եւ արտահայտվելու, ընտրությունների միջոցով պառլամենտում հայտնվելու եւ սեփական տեղը գրավելու հնարավորություն. քո մեծությունը դրանում պետք է կայանա, եթե դու իշխանավոր ես, հասկանում ես իշխանության արժեքը: Իսկ եթե դու իշխանությունը պատկերացնում ես որպես մի ֆեոդալական տարածք, որտեղ դու ֆեոդալ ես, բնական է, որ քեզ մոտ միշտ լինելու են քաղբանտարկյակներ, «սասնա ծռեր», նաեւ՝ բրեյվիկներ:

 - Ի՞նչ ուղեցույց ունի քաղբանտարկյալը: Մեր այս ինքնապաշտպանության շրջանակում, երբ տարբեր ոլորտի մասնագետներ խոսում են անհիմն ձերբակալություններից, ասում են, թե ինչպես վարվել, երբ քեզ ցանկանում են ձերբակալել: Քաղբանտարկյալի իրավական ճանապարհը ո՞րն է,  հիմնականում ո՞ր հոդվածներով են քաղբանտարկյալ դառնում Հայաստանում: Գեւորգի՝  տոնածառի հետ կապված դեպքն ենք հիշում: Ի՞նչ է պետությունը կիրառում, արդյոք մենք ունենք այս դաշտը կարգավորող վատ օրենսդրությո՞ւն, թե՞՝ վատ իրավակիրառ պրակտիկա:

- Ձեր հաղորդումը կոչվում է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն», այսինքն, մարդիկ պետք է բավականին հասուն լինեն, որպեսզի կարողանան իրենք իրենց պաշտպանել, դա շատ կարեւոր է: Անդրադառնանք հարցին, թե ինչ քայլերի են դիմում իշխանությունները. դա հնուց է գալիս եւ միայն Հայաստանին չի վերաբերում, չի վերաբերում այսօրվա Ուզբեկստանին, Իրանին: Խորհրդային տարիներին  բոլոր իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին բանտ ուղարկելու համար չէին խորշում քրեական օրենսգրքից կամայական հոդվածներ բարդել մարդու վրա՝ ավտովթարներից սկսած, մինչեւ լուրջ քաղաքական հոդվածներ:

- Այսինքն՝ «գլխին սարքելու» հոդվածն է:

- Խորհրդային տարիներին գոնե ՀՀ քրեական օրենսգրքում կար 65.65 հոդվածը՝ հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա:  Այս հոդվածով դատապարտում էին բոլոր նրանց, ովքեր քաղաքական, ընդհատակյա գործունեություն էին ծավալում (ես նույնպես դատապարտված եմ եղել այդ հոդվածով), բայց դա կարճ էր տեւում, կարող էր երեքօրյա կամ մեկշաբաթյա գործունեություն լինել: Մտածում ես ինչ-որ բան անել, անում ես, հրապարակում ես, կալանավորվում ես մի 10 տարով, եւ վերջ: Սա Խորհրդային Միությունն էր: Բայց նաեւ կիրառում էին, օրինակ, խուլիգանություն: Ինձ հետ դատապարտված իմ ընկերներից մեկին՝ Մարզպետ Հարությունյանին՝ Շահեն Հարությունյանի հորեղբորը, մինչ 65 հոդվածով դատապարտելն արդեն հասցրել էին դատապարտել թմրանյութերի համար. մի բան, որ նրանից բացարձակապես հեռու էր, Սամվել Եղիազարյանին, որ հիմա ապրում է Երեւանի Շահումյան թաղամասում, դատապարտել էին խուլիգանության համար, Իշխան Մկրտչյանին, որ զոհվեց բանտում, դատապարտել էին ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար, հետո նոր՝ 65 հոդվածով: Կամայական են. դա միշտ լինում է, միշտ եւ ամենուր եղել է: Այսօր Հայաստանում դա ավելի քան տարածված է, չկա մի հատուկ հոդված, որով պետք է դատապարտեն քաղբանտարկյալներին: Սահմանադրական կարգի տապալման գործը դեպքից դեպք են միայն «դնում», այն էլ, երբ իրենք նստում, իրար մեջ քննարկում եւ որոշում են ինչ-որ խմբի վրա այդ հոդվածը «դնել»: Իսկ ընդհանրապես, Գեւորգի տոնածառի դեպքից սկսած՝ ոստիկաններին դիմադրությունն ամենատարածվածն է Հայաստանում:

- Ո՞րն է հանգուցալուծումը: Հաճախ տարբեր քրեական եւ քաղաքացիական հայցերով զբաղվում է ԵԴ-ն, իսկ կոնկրետ այս ոլորտում ԵԴ-ի ի՞նչ վճիռներ, նախադեպեր ունենք:

- Եվրոպացիները եւ «եւրոդատարանցիները» վերջին շրջանում շատ հաճախ են կիրառում երկակի ստանդարտներ: Երկակի չափանիշները նրանց համար դարձել է սովորական: Նախ, եվրոպական համակարգերը բյուրոկրատական համակարգեր  են: Ես մի քանի անգամ ասել եմ՝ մեզ՝ հայերիս, իրանցիներիս, վրացիներիս, հետխորհրդային տարածաշրջանի ժողովուրդներիս, լավ կհասկանային այսօրվա եվրոպացիների պապերը, ովքեր լավ գիտեին ժողովրդավարության արժեքը եւ գինը, դրա համար պայքարել, արյուն   ու քրտինք էին թափել, նրանք վաստակել են այդ ժողովրդավարությունը, հետո կտակել, ժառանգել իրենց սերունդներին: Այս նոր սերունդները դա ստացել են որպես ժառանգություն եւ արժեքը չեն հասկանում: Նրանք ինչ-որ բյուրոկրատական ինստիտուտներ են ստեղծել, որտեղ այդ չափորոշիչները չեն գործում, լուրջ քաղաքական գործունեության համար բանտում հայտնված մարդուն խորշում են քաղբանտարկյալ անվանել: Նույնիսկ ԵԴ-ում քաղբանտարկյալների գործերը քննելիս, ասենք մարտի 1-ի դեպքերը, «քաղբանտարկյալ» տերմինը չեն օգտագործում: Նույնիսկ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը գալիս է Հայաստան ու ակնհայտ քաղաքական նպատակներով ձերբակալված մարդկանց քաղբանտարկյալ չի անվանում, մի բան, որ չէին անի նրանց պապերը: Ժողովրդավարության գինը եւ արժեքը պետք է հասկանալ, իսկ հասկանում են նրանք, ովքեր իրենց լուման են ներդնում, իրենց ավյունը, քրտինքն ու արյունն են անգամ թափում դրա համար: Մի անգամ, երբ եվրոպացիները վրացական պառլամենտական ընտրությունները վատ էին գնահատել, նախագահ Սահակաշվիլին շատ վրդովված ասաց՝ «մենք կարող ենք նրանց ժողովրդավարության դասեր տալ»: Եւրոպացիները զգաստացան եւ փոխեցին իրենց հրապարակած կարծիքը, որովհետեւ դա ոչնչացնում է իրենց բյուրոկրատական համակարգը, այն բարձրագույն եւրոպական արժեքները, որոնց ձգտում ենք մենք, որոնց ժամանակին ձգտել են նրանց պապերը, որոնք հիմնված են համամարդկային առաջադեմ արժեքների վրա: Այդ առումով ես չեմ կարծում, որ եւրոպացի չինովնիկին կամ նրա կարծիքը պետք է ընդունենք որպես չափորոշիչ: Չափորոշիչը մենք ենք. եթե մենք ճանաչում ենք մեր երկրում գործող Ժիրայր Սեֆիլյանին որպես քաղբանտարկյալ, ուրեմն նա մեզ համար քաղբանտարկյալ է: Թե նրան ինչպես կտեսնի կամ կճանաչի ԵԽ-ում նստած որեւէ չինովնիկ, որը բարձր աշխատավարձ է ստանում եւ ժամանակ առ ժամանակ Հայաստան է ժամանում հյուրասիրութունից օգտվելու համար, մեզ պետք է այնքան էլ չհետաքրքրի:

- Ինձ հետաքրքիր է հանգուցալուծումը. որո՞նք են քաղբանտարկյալի բանտից դուրս գալու ուղիները, մեխանիզմները: Բնականաբար, այս մարդն իր քաղաքական հայացքները չի փոխելու,  բանտում ավելի ծայրահեղական է դառնալու, իշխանություններն էլ չեն ցանկանալու նման քաղաքական գործունեություն ծավալող մարդ ունենալ: Ինչպե՞ս են բանտից դուրս գալու մեր քաղբանտարկյալները:

- Սա էլ է հնուց գալից, միշտ այդպես է եղել, որ իշխանությունները քաղաքական գործիչներին բանտ ուղարկելուց միայն մեկ խնդիր են ունեցել՝ ջարդել նրան, ոչնչացնել, նվաստացնել, իրենց քայլերով, դաժանություններով ստիպել նրան ընկրկել, հրաժարվել իր գաղափարներից, ներում խնդրել, որպեսզի իշխանություններն էլ «մեծահոգաբար» ներեն եւ ազատ արձակեն: Լինում են մարդիկ, որ չեն դիմանում, ներում են խնդրում: Քանի որ խոսեցինք Վրաստանի նախկին նախագահից, էլի վրացական օրինակ բերեմ. Գամսախուրդիան, որը հետագայում դարձավ Վրաստանի նախագահ, 1977թ. իր ընկերների հետ  միասին ստեղծեց Վրաստանի հելսինկյան խումբը՝ առաջին իրավապաշտպանական խումբը Վրաստանում, եւ անմիջապես ձերբակալվեց: Իր հետ էլի մարդիկ ձերբակալվեցին: Ինքը, ղեկավար լինելով հանդերձ, չդիմացավ դժվարութուններին, ներում խնդրեց, զղջաց, խորհրդային հեռուստատեսությամբ հրապարակավ դատապարտեց իր գործունեությունը, եւ խորհրդային իշխանությունները նրան ազատ արձակեցին: Իսկ իր խմբի գործիչները դատապարտվեցին երկարատեւ պատժաչափերի, շատ հպարտ կեցվածքով կրեցին իրենց պատիժը խորը սիբիրներում, ուրալյան բանտերում, եւ այսօր էլ այդպես հպարտ մնում են: Նույն խնդիրը դրված է այսօրվա հայաստանյան իշխանությունների առջեւ. ձերբակալել մարդկանց, դատապարտել եւ ստեղծել պայմաններ, որ նրանք հրաժարվեն իրենց գաղափարներից: Այսօրվա ես չեմ հիշում կամ տեսնում, որ հայտնի քաղաքական գործիչները հրաժարվեն կամ ներման դիմում գրեն: Որպես կանոն՝ քաղբանտարկյալները նստում են բանտում, եթե ռեժիմը չի փոխվում, պատժաչափը լրանալուց հետո դուրս են գալիս, նորից շարունակում են իրենց գործունեությունը եւ, եթե բախտները չի բերում, մեկ անգամ եւս դատապարտվում են: Սա է հանգուցալուծումը, քանի դեռ ռեժիմները չեն փոխվել, որովհետեւ քաղաքական գործընթացներն են ծնում քաղբանտարկյալներին, եւ եթե այդ գործընթացները հուժկու են լինում, մեծ, թափով, կարողանում են երկրում ռեժիմ փոխել, որն արդեն հանում է քաղբանտարկյալների խնդիրը: Ճիշտ այնպես, ինչպես փոխվեց Խորհրդային Միությունը, եւ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 1996թ. «քաղբանտարկյալ» տերմինը չի հնչել: 90-ական թթ. առաջին կեսին ՀՀ-ում «քաղբանտարկյալ» տերմինը չի հնչել, մեր բառապաշարում չի եղել: Այդ ժամանակ կուսակցություն փակվեց եւ այլն: Այնտեղ կա՞ր քրեական հանցագործության տարր, թե չկար, թեման մեր զրույցից դուրս է: Այլ է, որ դա ստացավ քաղաքական գունավորում. եթե կար խնդիր, իշխանությունները պետք է լուծեին առանց քաղաքական գունավորման:

- Որքանո՞վ է քաղբանտարկյալի գործունեությունը Հայաստանում նպաստում դեմոկրատական կարգերի հաստատմանը: Այսինքն, Դուք նշեցիք, որ եվրոպական երկրներում քաղբանտարկյալներ չեն լինում, որովհետեւ միջավայրն է այլ: Որքանո՞վ են այս քաղբանտարկյալները փոխում միջավայրը, որքանո՞վ այս մարդկանց բանտում անցկացրած տարիներն իզուր չեն անցնում, ի՞նչ են փոխում նրանք քաղաքական համակարգում:

- Քաղբանտարկյալի կալանավայրում անցկացրած ոչ մի ժամն իզուր չի անցնում: Ես վստահ եմ, որ ուշադիր հայացք էլ պետք չէ դա հասկանալու համար: Նրանք հանրությանն այն լիցքը, էներգիան, այն պաշարն են հաղորդում, որը կուտակվում է հանրության մեջ եւ մի օր պետք է պոռթկա, դուրս գա, մի օր պետք է դառնա 2008թ. փետրվարի վերջի ժամանակահատված, մի օր՝ 2003-2004 թթ., մի օր՝ 2011թ. եւ այլն: Այսինքն, հանրությունը դուրս գալու համար պարտադիր էներգիա պետք է ստանա, էներգիա տվողներից մեկը քաղբանտարկյալներն են:

- Մենք հաճախ լսում ենք՝  լավ տղաներ էին, իզուր գնացին, կյանքները կործանվեց:

- Չկա նման բան, իզուր գնալու հարցը պետք է բացառել ընդհանրապես: Ընդհակառակը, պետք է միշտ հպարտ լինել, որ հանրության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր ունեն արժանապատվության այնպիսի զգացում, որ կարող են իրենց ազատությունը զոհել հանուն այդ արժանապատվության: Արժանապատվության խնդիր է: Թեմայից մի քիչ դուրս օրինակ բերեմ. Չեխոսլովակիայի դեպքերի ժամանակ Յան Պալախը՝ մի երիտասարդ, որպես բողոքի նշան՝ իր վրա բենզին լցրեց եւ ինքնահրկիզվեց: Դաժան բան է, ոչ ոք չի ցանկանա, որ որեւէ մեկը նման բան անի, բայց Յան Պալախի այդ զոհողությունը մինչեւ օրս էլ Չեխիայի ժողովրդին լիցք է տալիս: Լիտվացիներից, եթե չեմ սխալվում, 12 մարդ ինքնահրկիզվել է խորհրդային տարիներին, եւ այդ 12 ջահը մինչ օրս վառվում է, Լիտվան դրանով լիցքավորվում է: Քաղբանտարկյալ լինել նշանակում է ինքնահրկիզման, ինքնազոհողության գնալ: Բացառվում է, որ ասենք, թե այդ ինքնազոհողությունն անիմաստ է: Պարզապես գնահատական տալու համար հարկավոր է հասկանալ այդ զոհողությունը:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էր: Շնորհակալություն: