Human Rights Self-Defense. Part 4 (in Armenian)

06.09.2017

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույններից է ամբողջ աշխարհում. այս մասին մասնագետներն են փաստում: Այն տեղ-տեղ իր ժողովրդավարությամբ գերազանցում է անգամ որոշ եվրոպական երկրների համարժեք օրենքին: Բայց իդեալականին մոտ այդ օրենքի գործնական կիրառումը որևէ աղերս չունի իրավական ու ժողովրդավարական ակունքների հետ: Օրենքի նորմերը, մեծ հաշվով, խախտում են հենց օրենքի պաշտպան ուժային կառույցները՝ Ոստիկանությունը, քննչական մարմինները, Դատախազությունն ու դատարանները: Պարզ օրինակ, ըստ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ հավաքների իրազեկումն ի գիտություն ընդունող կամ արգելող լիազոր մարմինը համայնքի ղեկավարն է, սակայն կան բազում օրինակներ, երբ այդ իրավասությունն իր վրա է ստանձնել Ոստիկանությունը՝ կոպտորեն ոտնահարելով օրենքը: Թերևս, թարմ են հիշողությունները «էլեկտրիկ Երևանի», «Սարի թաղի դեպքերի» ժամանակ հավաքի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու, բռնությունների, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի մասին: Որքանո՞վ է Հայաստանում պաշտպանված ՀՀ քաղաքացու՝ ազատ հավաքներ իրականացնելու սամանադրական իրավունքը: Այս մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը:

Այս թեման քննարկելու համար ես այսօր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանին:

 

- Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Ես նշեցի, որ սա մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, իսկ      դուք մեր նախազրույցում ասացիք՝ ամենա-ամենակարեւորը: Նախ փորձենք հասկանալ, թե օրենքի մակարդակով որքանով է պաշտպանված ՀՀ-ում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հավաքների ազատության իրավունքը, հետո հասկանանք, թե գործնականում ինչպես է աշխատում դա: Նախապես ասեմ, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 2005թ.-ից  մշտադիտարկում է իրականացնում: Սակայն մենք կանդրադառնանք վերջին մեկ տարվա դիտարկումներին, քանի որ նախորդները քննարկելու առիթ ունեցել ենք, բացի այդ վերջին մեկ տարում  հավաքներն ու ցույցերը շատ էին:

- Շնորհակալություն: Նախքան օրենքի մակարդակին անցնելը ես ուզում էի խոսել այդ իրավունքի մասին, որովհետեւ հավաքների ազատության իրավունքը ներառում է նաեւ մի շարք այլ հիմնարար իրավունքներ՝ խոսքի ազատության իրավունքը, մտքի, խղճի ազատության, նաեւ՝  քաղաքական իրավունքը, որը  ոչ միայն  քաղաքացիական, այլ նաեւ քաղաքական իրավունք է: Այս տեսակետից խաղաղ հավաքների իրավունքը, նաեւ միջազգային մակարդակներում, համարվում է ամենակարեւոր իրավունքներից մեկը: Գոյություն ունեն միջազգային չափորոշիչներ, այդ թվում  նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպեր, նաեւ կան Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Վենետիկյան հանձնաժողովի համատեղ ուղեցույցներ, որոնք բավականին հետաքրքրական են եւ ներկայացնում են, թե ինչ սկզբունքներ են պետք խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանութան համար: Նախ, պետությունը կարող է օրենք չունենալ, որովհետեւ  խաղաղ հավաքների իրավունքը կարող է առանց օրենքի լինել, օրենքը պարտադիր չէ: Երկրորդ, խաղաղ հավաքներն այնպիսի իրավունք է համարվում, որ դրա համար բացարձակապես թույլտվություն պետք չէ, թույլտվություն չես խնդրում՝ սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ թույլտվություն խնդրում է հպատակը, լավագույն դեպքում դու իրազեկում ես լիազոր մարմնին, մեր դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանին: Իրազեկում ես ո՛չ այն բանի համար, ինչպես մեզ մոտ ընդունված է, որ նա խոչընդոտի, թույլ տա կամ չտա, այլ որ նա պաշտպանի հավաքի ազատությունը: Այսինքն, երբ դու դիմում ես քաղաքապետարան, իրազեկում ես, որ դու պետք է հավաք անցկացնես, քաղաքապետարանը պետք է դիմելի ոստիկանությանը՝ ապահովելու քո հավաքի ազատությունը, պաշտպանի ցուցարարներին, ոչ թե նրանց դեմ դուրս գա: Իսկ մեր հոգեբանության մեջ, երբ ոստիկան ենք տեսնում, պատկերացնում ենք, որ նա եկել է խոչընդոտելու, եւ իսկապես այդպես է: Հօգուտ հավաքների անցկացման՝ այդպիսի շատ կարեւոր դրույթներ կան: Ավելին, հավաքի անցկացումը ոչ միայն իրազեկմամբ կարող է լինել, այլ նաեւ առանց իրազեկման՝  շտապ հավաքների դեպքում եւ այլն: Հիմա անցնենք Հայաստանի պարագային: Մինչեւ 2004թ. Հայաստանում խաղաղ հավաքների մասին օրենք գոյություն չուներ եւ, ելնելով այս տրամաբանությունից, ուղղակիորեն գործում էր սահմանադրական նորմը, այսինքն, քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների իրավունք: Բայց ի՞նչ էր կատարվում ողջ 90-ական թթ, նույնիսկ մինչեւ 2004 թիվը. խաղաղ հավաքի մասնակիցներին, որպես չարտոնված հավաքի մասնակիցներ, ձերբակալում էին, մինչեւ 15 օր վարչական կալանքի ենթարկում, հաճախ խոշտանգումների էին ենթարկում նրանց: Շատ հետաքրքիր էր վարչական կալանքի ենթարկելու դատարանի որոշումները, երբ դատավորը  առանց լսելու, միայն ոստիկանի ցուցումով նրանց կալանավորում էր 15 օրով կամ տուգանքի էր ենթարկում: Այսինքն, առանց օրենք լինելու հստակ խախտվում էր խաղաղ հավաքի ամբողջ փիլիսոփայությունը, եւ մինչեւ 2004թ. գործում էր խորհրդային ժամանակների վարչական օրենքը, այսինքն՝ Հայաստանում տիրում էր անօրինականություն, որովհետեւ առանց օրենքի մարդկանց դատում էին չարտոնված հավաքին մասնակցելու համար: 2004թ. ընդունվեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը. շատ խոցելի օրենք, որն ավելի շատ սահմանափակող, քան խաղաղ հավաքների ազատության օրենք էր: Բերեմ մի օրինակ այդ 2004թ. օրենքից. ենթադրենք, լիազոր մարմինը երթերը կարող է թույլատրել միայն այն ժամանակ, եթե չի խոչընդոտվում տրանսպորտի աշխատանքը: Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում. երթը փողոցով է գնում, բնականաբար, պետք է խոչընդոտվի: Այստեղ կա միջազգային եւս մեկ հետաքրքիր սկզբունք՝ երթը կամ հավաքը ազդում է մյուսների իրավունքների վրա: Ենթադրենք երեկոյան ժամը 6-ին մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում տրանսպորտով, փողոցը փակ է՝ երթ է գնում. ազդում է, խախտում է մյուսների իրավունքը: Եվ ինչ են ասում միջազգային չափանիշները եւ իրավունքը եւ ԵԴ-ի նախադեպերը, երբ դնում ես կշեռքին, թե որ իրավունքն է ավելի գերակշռող, մարդկանց այդ ժամանակավոր բողոքի իրավունքն ավելի կարեւոր է, քան մյուսների իրավունքները, այսինքն, սա պետք է գերակշիռ լինի: Պատկերացրեք, այդպիսի սահմանափակումներով օրենք էր, որը շատ խիստ քննադատվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից, եւ 2006թ, որոշակի բարեփոխումներ եղան, որոշակիորեն բարելավվեց: Բայց էլի հավաքների փիլիսոփայությունը թույլատրման մեջ էր, ոչ թե՝  իրազեկման: Իսկ 2008թ. հայտնի դեպքերից հետո Հայաստանի Ազգային ժողովն այնպես սահմանափակեց, որ իրականում օրենքով արգելվեց խաղաղ հավաքների անցկացումը: Այդ ժամանակ էր, որ ԵԽ շատ խիստ հարց դրեց՝ վերականգնել նախկին օրենքը, այլապես Հայաստանը պատժամիջոցների առաջ է կանգնելու: Ի վերջո 2011թ. նոր օրենք ընդունվեց խաղաղ հավաքների մասին, եւ ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝  հաճելի զարմացած էի, որ այդ ընդունված օրենքը համապատասխանում էր բոլոր միջազգային չափանիշներին: Ավելին ասեմ, ես ուսումնասիրել եմ շատ երկրների օրենքներ, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը Եվրոպայում լավագույններից մեկն է:

- Այսինքն, Եվրոպայի ճնշումը տե՞ղ էր հասել:

- Ես չէի ասի շատ ուժեղ ճնշում էր: Իմ անձնական կարծիքով այդ ճգնաժամային վիճակում Հայաստանի իշխանությունները քայլ արեցին Եվրոպային ցույց տալու համար, թե ինչ ժողովրդավար ճանապարհով ենք գնում: Եթե իրականում այդ օրենքը գործեր, ապա մենք չէինք տեսնի համատարած բռնությունները, ծեծն ու ջարդը խաղաղ հավաքների ժամանակ: Այսինքն, գեղեցիկ օրենքն ընդունվեց, բայց իրականացումը….. Գործնականում օրենքը մի բան է, իսկ քաղաքացիների՝  խաղաղ հավաքների իրավունքն իրականացվում է ինչպես 90-ականներին, երբ չկար օրենքը, եւ գործում էր անօրինականությունը: Իսկ հիմա կա օրենքը, որը խախտվում է, եւ որեւէ մեկը պատիժ չի կրում դրա համար: Սա մի փոքր պատմություն:

- Իրականում շատ հետաքրքիր պատմություն էր,  ես մանրամասներին տեղյակ չէի: Հիմա անդրադառնանք համեմատաբար թարմ դեպքերին: Նշեցիք, որ 2016-17թթ. ընթացքում մեծ թվով հավաքներ ու ցույցեր են իրականացվել, իրադարձությունները, կարծում եմ, շատերս ենք հիշում: Եթե չեմ սխալվում՝ դուք էիք մեջբերում օրենքի այն հատվածը, որ հավաք, ցույց անցկացնելն արգելող լիազորված մարմինը համայնքի ղեկավարն է, Երեւանի դեպքում՝ քաղաքապետարանը: Գործնականում  այստեղ թույլտվութուն չէր տալիս նաեւ ոստիկանությունը. դադարեցնում էր հավաքները՝ մասնակիցներին նախապես բերման ենթարկելով: Դա օրենքի այն հիմնակա՞ն կետն էր, որ խախտվում  էր, երբ առանց հիմքի պատճառաբանության արգելվում կամ դադարեցվում  էին հավաքները, իսկ եթե պատճառաբանություն կար, ես Օպերայի բակում համերգից բացի որեւէ լուրջ պատճառաբանություն, հիմնավոր բան չեմ հիշում:

- Ինչ վերաբերում է լիազոր մարմնի կողմից արգելելուն, ի վերջո պետք էր մտածել, որ դա կարող է տեղի ունենալ, եթե լիազոր մարմինը հստակ տեղեկություն ունի որ հավաքը կարող է վտանգավոր լինել ազգային անվտանգության, հասարակական կարգի եւ այլնի մասին: Բայց դա պետք է հրապարակի, ապացուցի, թե ինչով է վտանգավոր: Երկրորդը, մի շատ կարեւոր դրույթ կա, որը միջազգային դրույթ է եւ, բարեբախտաբար, մտել է նաեւ մեր օրենքի մեջ. եթե լիազոր մարմնի կողմից արգելված հավաքն, այնուամենայնիվ, տեղի է ունենում, ապա, եթե այն խաղաղ է ընթանում, ոստիկանությունն իրավունք չունի միջամտել, այսինքն, եթե հավաքն իր բնույթով խաղաղ է՝ պետք է չմիջամտվի: Հաջորդը, եթե արգելում են այն պատճառով, որ կա մեկ այլ միջոցառում, ասենք՝  համերգ, ապա ո՞վ ասեց, որ մարդկանց բողոքի ձայնը պակաս կարեւոր է, քան այդ համերգը: Որովհետեւ նույն սկզբունքով մարդիկ բողոքելու իրավունք ունեն, որը համարվում է մարդու ամենակարեւոր հիմնարար իրավունքը, որն էլ մարդիկ արտահայտում են խաղաղ հանրահավաքների միջոցով: Եվ սա պետք է լիներ բանակցությունների արդյունք, որ ժամանակավոր թույլ տրվեր հավաք անցկացնել, հետո համերգ կայանար կամ համերգը տեղափոխվեր: Կամ, ենթադրենք, համերգը վաղուց նշանակված է եղել, ապա լիազոր մարմինը նրանց միանգամից պետք է առաջարկեր այլ տեղ անցկացնել հավաք, ենթադրենք՝ Մատենադարանին հարակից տարածքում: Այսինքն, սա շատ ճկուն մեխանիզմ պետք է լինի՝ զերծ բյուրոկրատական ձեւականություններից: Նաեւ շատ կարեւոր հանգամանք է,  որ հավաքը կարող է լինել ինքնաբուխ. ինչ-որ դեպք է տեղի ունեցել, եւ շտապ հավաք է կազմակերպվում: Սա նաեւ մեր օրենքում է նշված: Եվ ամենակարեւոր սկզբունքը՝ նորից կրկնեմ, անկախ հավաքի բնույթից, նույնիսկ՝ արգելված, եթե խաղաղ է ընթանում, ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու: Անցնենք իրականությանը: Մեր կազմակերպության կամավորները հաճախ են լինում հանրահավաքներին, ես ինքս էլ: Օրինակ բերեմ 1915թ. հունվարին Գյումրիում Պերմյակովի հետ կապված այն դեպքը, որից հետո կանցնեմ անցյալ տարի «Սասնա ծռերին» աջակցողների օրինակին: Շատ ցցուն օրինակ է: Երեւանում՝ Ազատության հրապարակում, հավաքված էին շուրջ 50 հոգի եւ համացանցով հետեւում էին Գյումրու իրադարձություններին, մի քանիսի ձեռքին Հայաստանի դրոշն էր: Հավաքը երեկոյան ժամը 9-ին էր: Ես ուշ տեղեկացա, եւ չուզելով կամավորներին անհանգստացնել,  ինքս գնացի հանրահավաքին հետեւելու: Այս պարագայում նույնիսկ հավաք ասելն է դժվար, որովհետեւ շատ խաղաղ էր, մարդիկ ուղղակի եկել-նայում էին: Հանկարծ քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվեցին եւ սկսեցին մարդկանց ուղղակի գետնին քաշ տալով տանել: Ես ապշել էի, մտածում էի՝ ավազակային հարձակում է: Մոտեցա նրանցից մեկին եւ հարցրի, թե ինչ են անում: Պատասխանեց, որ ոստիկանության աշխատակիցներ են: Ես փաստաթուղթ պահանջեցի, չներկայացրին: Մոտեցա Թումանյան փողոցում կանգնած ոստիկանության բարձրաստիճան սպա Մովսիսյանին եւ ասացի, որ մարդկանց առեւանգում են, պատասխանեց՝  ոստիկանության աշխատակիցներ են: Հարցիս՝  թե այդ դեպքում ինչու են առեւանգում մարդկանց, խաղաղ հավաք է, որեւե ելույթ չկա, պատասխանում է՝ ուրեմն մի բան գիտեն: Մի փոքր խոսեցի,  հարցրեցի՝ բայց ի՞նչ գիտեն՝ ինձ էլ ձերբակալեցին: Հիմա անդրադառնանք «Սասնա ծռերին» աջակցողների խմբին: Անցյալ տարվա հուլիսի 18-ին Ազատության հրապարակում երիտասարդների միջին հավաք էր: Ես հեռվում կանգնած հետեւում էի: Որեւե խախտում չէր եղել, որեւե կոպիտ խոսք չէր հնչել, ուղղակի բարձարախոսները ձեռքին ինչ-որ բան էին ասում:  Հանկարծ իմ աչքի առաջ ոստիկանությունը հարձակվեց եւ սկսեց ջարդ ու փշուր անել հավաքի մասնակիցներին: Նման օրինակները բազմաթիվ են նույն այդ զեկույցում:  Խախտելով  ոչ միայն ՀՀ օրենքը, այլեւ՝  միջազգային նորմերը, այդ ոստիկաններից որեւե մեկը պատիժ չի կրել մինչեւ օրս: Սա է իրականությունը:

- Օրենքն ի՞նչ է սահմանում, ոստիկանները ո՞ր դեպքում կարող են միջամտել. ոչ թե առեւանգել մարդկանց, այլ՝ միջամտել:

- Հավաքի ժամանակ տեղի ունեցող անկարգությունները, ելույթներում հնչող ռասսայական խտրականության, ազգային թշնամանքի, պատերազմական կոչերը եւ այլն կարող են հիմք հանդիսանալ հավաքն ընդհատելու: Բայց այս դեպքում ոստիկանը պարտավոր է մի քանի անգամ զգուշացնել: Եթե հավաքի մասնակիցներից անկարգություն անողներ կան, ասենք, քար նետող եւ այլն, դա չի կարող հիմք հանդիսանալ հավաքը դադարեցնելու. ուղղակի պետք է այդ մարդուն մեկուսացնել, բայց ոչ՝ հավաքը դադարեցնել: Իսկ երեք անգամ զգուշացնելուց հետո արդեն կարող են հավաքը դադարեցնել, այսինքն, հիմքեր պետք է լինեն: Իսկ մեր դիտարկումները ցույց են տվել, որ, որպես կանոն (գուցե առանձին դեպքեր կան՝ ես հիմա չեմ հիշում, զեկույցում գրված են) հիմնականում ոստիկանության գործողությունները ոչ միայն անհամաչափ են, ես կասեմ՝ անտեղի, որովհետեւ անհամաչափը շատ մեղմ է ասված. անհամաչափ նշանակում է ինչ-որ բան է տեղի ունեցել, եւ նրանք անհամաչափ գործողություններ են կատարել: Խաղաղ հավաք է ընթացել, միջամտելու կարիք ընդհանրապես չի եղել: Դրա անունը անհամաչափություն չէ, այլ անտեղի գործողություն, նույնիսկ կարելի է ավելի խիստ ասել՝ հանցագործություն է խաղաղ հավաքի մասնակցի նկատմամբ:

- Պարոն Իշխանյան, այդ հավաքների օրերին շատ էր խոսվում նաեւ ոստիկանների անհամաչափ թվաքանակի մասին, որը 2-3 անգամ գերազանցում էր հավաքի մասնակիցների թվին. դա օրենքով կարգավորվող նո՞րմ է:

- Դա օրենքով կարգավորվող նորմ չէ, բայց ամեն դեպքում մեր դիտարկումներիը ցույց են տվել, որ հաճախ եղել են նաեւ այնպիսի հավաքներ, որտեղ ոստիկանների թիվը նույնիսկ գերազանցել է հանրահավաքի մասնակիցների թվին: Սա օրենքի նորմ չէ, սա նշանակում է, որ մենք գործ ունենք, թող կոպիտ չհնչի, ոստիկանական պետության հետ, որովհետեւ երբ խաղաղ հավաքի ժամանակ, որի մասնակիցների թիվը 50 է, պարզվում է՝ 150 ոստիկան կա եւ այնպես զինված, որ բացարձակապես ավելորդ է այդպիսի պայմաններում: Ցուցարարը պետք է վստահ զգա, որ ինքը ոստիկաններով պաշտպանված է, իսկ Հայաստանում հավաքների ժամանակ ոստիկանության ներկայությունը ոչ թե հավաքի մասնակիցներին պաշտպանելու, այլ սպառնալու եւ նրանց նկատմամբ բռնություններ կիրառելու համար է: Ես համաչափ-անհամաչափ բառերը չեմ կիրառում, որովհետեւ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ խաղաղ հավաքը դուրս է գալիս  իր խաղաղ լինելուց:

- Մենք խոսում էինք արգելել-չարգելելու եւ լիազորված մարմնի մասին, եւ ես ուզում եմ ձեր մշտադիտարկումից մի հատված ընթերցել. 2016թ. հուլիսի 17-ին «Մենք  ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազատության հրապարակում նախատեսված շտապ հավաքը, որը դուք ասում էիք պարտադիր չէր իրազեկել, խափանվեց ոստիկանության կողմից՝ հավաքի մասնակից անձանց ոստիկանություն բերելու պատճառով: Հուլիսի  27-ին Խորենացի փողոցի արգելափակված հատվածում ոստիկանությունն արգելեց հավաք անցկացնել, կրկին բերման ենթարկելով թե՛ հավաքի ենթադրյալ մասնակիցներին, թե՛ հարակից շենքերի որոշ բնակիչների, որը, կարծում եմ, նույնպես քննարկման թեմա է: Հուլիսի 26-ին ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որով պահանջում էր հավաքները Խորենացի փողոցից տեղափոխել այլ վայր, այլապես հավաքները կդադարեցվեն: Հարկ է նշել, որ ըստ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի  հավաքների իրազեկումն ի գիտություն ընդունող կամ արգելող լիազոր մարմինը համարվում է համայնքի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանը, որը միայն  չորս օր անց՝ հուլիսի 30-ին, արգելեց հավաքների անցկացումը ՊՊԾ գնդի հարակից տարածքներում: Կարծում եմ սա միակ օրինակը չէ:

- Բազմաթիվ են այդպիսի օրինակները, ես ավելին կասեմ: Անդրադառնանք անցյալ տարվա «Սասնա ծռերի» հետ կապված դեպքերին: Մոռանանք պատճառները, ընդունենք, որ մի որեւէ քաղաքակիրթ երկրում հանկարծ մի խումբ գրավել է ոստիկանության ինչ-որ բաժանմունք: Ի՞նչ կաներ այդ քաղաքակիրթ երկրի իշխանությունը. օրենքով ժամանակավորապես, ասենք՝  ԱԺ-ի կամ քաղաքապետարանի որոշումով,  կսահմաներ արտակարգ դրության տիպի մի բան, գուցե եւ ամբողջ Երեւանում կսահմանափակեր խաղաղ հավաքների անցկացումը: Դա օրինական կլիներ, որովհետեւ վտանգավոր վիճակ էր, իսկ այդ տարածքում ընդհանրապես կարգելեր: Այդ ժամանակ եթե որեւէ ցուցարար գնար, նրան ձերբակալելը կլիներ օրինաչափ, բայց դա պետք է լիներ օրենքով: Բայց փաստորեն դուրս է գալիս, որ դա օրենքով չէ, ոստիկանությունը հանկարծ որոշում է այսպես անել կամ այնպես՝ խոսքը սրա մասին է: Ես անցյալ տարի հենց առաջին օրերին եմ ասել, որ պետք է լինի օրենքով, թող սահմանափակեն այստեղ հավաքների անցկացումը: Բացարձակապես նշանակություն չունեցավ իմ այդ խոսքը: Շատ հետաքրքիր իրավիճակ է: Ես դավադրությունների տեսությանը չեմ հավատում, բայց սկսում ես մտածել, որ հատուկ են այդպես անում, որ մարդկանց ավելի գրգռեն եւ ավելի շատ մարդ բերման ենթարկեն. չգիտեմ, պատասխանը չունեմ:

- Հուլիսի 17-ից օգոստոսի 13-ը կազմակերպված հավաքների վայրերում տեղի են ունեցել բերման ենթարկելու առնվազն 547 դեպք. կա՞ն այնտեղ իսկապես անօրինական բերման ենթարկվածներ, որոնք մինչեւ օրս, համարյա մեկ տարի, շարունակում են դատական քաշքշուկների մեջ մնալ:

- Վստահաբար ասում եմ, որ կան, որովհետեւ այդ բերման ենթարկվածների հետ կապված ինքս անձամբ դիտարկումեր եմ արել: Օրինակ, եթե չեմ սխալվում, ամսի 18-ին կամ 19-ին էր, երբ Խորենացի փողոցի վրա բավականին լարված վիճակ ստեղծվեց, եւ ես դժվարանում եմ ասել՝ ցուցարարների՞, թե՞ սադրիչների կողմից քարեր նետվեցին ոստիկանության ուղղությամբ: Սա հստակ խաղաղ հավաքի խախտում էր, եւ ոստիկանությունը պետք է այդ քարեր նետողներին ձերբակալեր: Բայց ի՞նչ կատարվեց իմ աչքի առաջ. ոստիկանությունը նորից անհամաչափ ուժ կիրառեց՝ պայթուցիկներով եւ այլն մի սարսափելի իրավիճակ ստեղծեց, գետնին արյունոտ  վիրավորներ էին: Բայց մոտեցած շտապօգնությունը նայում էր միայն, թե վիրավոր ոստիկաններ կա՞ն: Ես այսօր էլ համարում եմ, որ մենք ունենք քաղբանտարկյալներ, որոնց շինծու մեղադրանքներ են առաջադրված, ինչպես՝  Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Միքայելյանը, Դավիթ Հովհաննիսյանը, որոնք զուտ խաղաղ հավաքների մասնակիցներ էին, եւ մեր մշտադիտարկման ժամանակ մենք չենք տեսել նրանց կողմից որեւէ սադրիչ գործողություն: Հիմա նրանց մեղադրանք է առաջադրված՝ զանգվածային անկարգություններ եւ այլն: Կամ  2016թ. «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ, երբ դրանից ավելի խաղաղ հավաք դժվար է պատկերացնել, ցուցարարներից որեւէ մեկը ոստիկաններին դիմադրություն ցույց չի տվել, բայց ի՞նչ եղավ՝  300-ից ավելի մարդ բերման ենթարկվեց, ծեծի ու խոշտանգման, ինչ վերաբերմունք ցուցաբերվեց լրագրողների նկատմամբ: Եվ որեւէ մեկը պատիժ չի կրել:  Ահա ձեզ «Հավաքների ազատության մասին» ՀՀ փայլուն օրենքը եւ «փայլուն» իրականացումը:

- Օրենքը, փաստորեն, կա, երկարաժամկետ լուծումներ պետք չեն, բայց գործնականում տեսնում ենք, ինչպես ասեցիք, հակառակը: Լուծման ի՞նչ տարբերակ եք առաջարկում դուք:

- Նախ՝ ինչո՞ւ է այդպես, ես այդ հարցին կպատասխանեմ, որտեղից էլ գուցե երեւա լուծման տարբերակը: Ինչո՞ւ չի գործում այդ օրենքը, որովհետեւ այդպիսի օրենքները գործում են իրավական պետություններում:  Իսկ իրավական պետություն նշանակում է առնվազն, ես շեշտում եմ, դատարանի անկախությունը գործադիր  իշխանությունից: Ավելին ասեմ՝ դատախազության, քննչական կոմիտեների անկախությունը, եւ դրանից ելնելով ոստիկանությունն օրենքի շրջանակներում իր աշխատանքը պետք է տանի որպես գործադիր մարմին: Հայաստանում բրգաձեւ մի իշխանություն է. հանրապետության նախագահը, որի ձեռքին է գործադիր իշխանությունը, ինքն է նշանակում վարչապետին, նախարարներին, դատավորներին, գլխավոր դատախազին ու տեղակալներին: Նախագահին են ենթարկվում նաեւ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն ու Հատուկ քննչական ծառայությունը: Եվ այս պայմաններում բոլորը սպասում են ՀՀ նախագահի ցուցումներին: Չկա իշխանության տարանջատում, որ հետեւի դատավորներին, դատախազությանը, օրենքի կիրառմանը. այդ բոլորը մի կաթսայի մեջ են: Ո՞վ պետք է պատժի ոստիկանությանը, գործ հարուցի, ո՞վ կարող է բողոքարկման ժամանակ որոշում կայացնել: Սա է մեր իրականությունը,  որը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի գիտակցել, որ պետք է իշխանության տարանջատում՝ դատարանի անկախություն ունենալ:

- Քաղաքացին ի՞նչ պետք է իմանա իր իրավունքների մասին, հնարավո՞ր է սեփական իրավունքների պաշտպանությունը հավաքի ընթացքում, բերման ենթարկելիս, դատարանում:

- Ես ասացի՝ Հայաստանի հիմնական խնդիրը իշխանության տարանջատումն է, որը գոյություն չունի մեր երկրում, բայց չի նշանակում, որ չպետք է իմանալ իր իրավունքները: Շատ ցանկալի կլինի, որ Հայաստանի եւ՛ քաղաքական կուսակցությունները, եւ՛ քաղաքացիական տարբեր շարժումներ, եւ՛ ովքեր ուզում են քաղաքացիական շարժումներ կազմակերպել, հասարակական կազմակերպություններ ունենալ, մասնակցել հասարակական կյանքին, շատ լավ իմանան ՀՀ օրենսդրությունը, միջազգային նորմերը: Երբ կոնֆլիկտ  առաջանալիս դու ոստիկանության աշխատակիցների հետ հանգիստ, առանց հայհոյանքի, պիտակավորման սկսում ես խոսել քո իրավունքների մասին, դա բավականին զսպիչ դեր է կատարում: Հատկապես ակտիվիստները, շարժման ղեկավարները պետք է փայլուն տիրապետեն եւ՛ օրենքի նորմերին, եւ՛ միջազգային դրույթներին:

- Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այսօրվա թողարկման համար: Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր հյուրընկալել էի Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք: