Հայտնի է, որ նույն հանցանքի համար երկու անգամ չեն պատժվում: Սակայն մեր կալանավայրերում երբեմն այնքան վատ պայմաններ են, որ դատապարտյալն իրեն կրկնակի պատժված է զգում: Սոցիալական ու իրավական անարդարությունը, ինչը հաճախ մարդկանց հանցանքի է դրդել, շարունակվում է նաև ճաղերից այն կողմ: Կամայական վճիռներ՝ կապված վաղաժամկետ արձակման, բաց կալանքի ու այլ հարցերի հետ: Արդյունքում՝ պատիժը նպատակին չի ծառայում: Արդարադատության պակասը, հիասթափությունը մարդկանց նոր հանցանքների են դրդում: Թեմայի շուրջ զրուցել ենք «Հույսի ճրագ» ՀԿ նախագահ Դոնարա Ալեքսանյանի հետ:
- Տիկին Ալեքսանյան, հաճախ մենք, բարձրաձայնելով դատապարտյալների խնդիրները՝ առողջապահական, սոցիալական, կենցաղային, այնքան ցավոտ ենք ընկալում եւ այնքան շատ բարձրաձայնում, ինչքան՝ մանկատան երեխաների կամ ծերանոցների խնդիրները: Արդյոք դատապարտյալները, ովքեր արդարացի են բանտում հայտնվել՝ մարդասպաններ են, գողեր, տարբեր բնույթի հանցանքներ են գործել, եթե նրանց կենցաղային պայմանները բարելավվեն՝ համապատասխանեցնելով այն մակարդակին, որ հաճախ պահանջում են հասարակական կազմակերպությունները, դա չի՞ նպաստի հանցագործությունների աճին. մարդիկ կմտածեն՝ լավ պայմաններ են, ոչինչ, 1-2 կամ մի 5 տարի էլ կնստենք: Արդյոք այդ վտանգը չե՞ք տեսնում:
- Այս կազմակերպությունից բացի, որ արդեն մի քանի տարի է՝ բացել եմ, ես 10 տարի աշխատել եմ տարբեր կալանավայրերում, երկար տարիներ՝ կանանց գաղութում: Շատ մոտ եմ կանգնած այս օրենքներին, ծանոթ եմ դատապարտյալների կյանքին, կենցաղին: Ինձ հիմա թույլ են տալիս լինել միայն կանանց գաղութում՝ Աբովյանի ՔԿՀ-ում, եւ ես նախորդ տարիների համեմատությամբ տարբերություն չեմ զգում, չի փոխվել աշխատակիցների վերաբերմունքը դատապարտյալների հանդեպ. աշխատում են հին մեթոդներով, հետամնաց գաղափարներով՝ լինի պետ, տեղակալ, հսկիչ, թե՝ շարքային աշխատող: Իմ կարծիքով, ինչքան էլ ՔԿՀ-ներում պայմանները լավացնեն, իդեալական աշխատողներ լինեն, միեւնույն է, հանցագործություն անելու են, դա պայմանների հետ կապված չէ: Իսկ Աբովյանի ՔԿՀ-ի ներկայիս պայմանները բավարար են կնոջ համար: Կան կանայք, որոնք դրսում մնալու, քնելու տեղ չունեն, իրենց համար կալանավայրը, կարծես, Սոչի առողջարան է: Հանդիպման ժամանակ, երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ նորից վերադարձար, պատասխանում է՝ գնալու տեղ չունեմ, այստեղ ինձ համար շատ լավ է. ձմեռը տաք է, ուտելիք, քնելու տեղ կա, ստացվեց՝ եկա: Այսինքն, կալանավայրերում այն աշխատանքը, դաստիարակությունը չի տարվում, որ մարդը դուրս գալուց հետո երբեք ու երբեք չվերադառնա: Կարող եմ ասել, որ երբեք ոչ մի դատապարտյալ չի շտկվում:
- Այսինքն, կալանավայրը եւ պատիժն իր բուն նպատակը չի հետապնդում, որպեսզի մարդը երկրորդ անգամ չվերադառնա կալանավայր:
- Երկրորդ, երրորդ, չորրորդ: Հենց աշխատակիցներն են ստեղծում պայմաններ, դատապարտյալին դարձնում են, իրենց լեզվով ասած, «ծախող», «գործ տվող», որոնք տարբերվում են մյուս դատապարտյալներից: Այնտեղ կան կատեգորիաներ՝ լավը, միջինը, վատը, ամենավատը. ծայրահեղ սոցիալական պայմաններում ապրող բանտարկյալները, ում տեսակցության չեն գալիս, ոչինչ չունեն, ստիպված պետք է քծնեն, շողոքորթեն, ծառայեն մյուսների՝ ապահովվածների առաջ, որպեսզի օգտվեն նրանց թե՛ սննդամթերքից, թե՛ հագուստից: Շատ բարդ է այդ կառույցը՝ թեկուզ ղեկավարելու համար: Շատ եմ զարմացած ու մտահոգված մի խնդրով. մի կալանավայրի ղեկավարի, որը շատ վատ է աշխատել, համակարգից հեռացնելու փոխարեն տեղափոխում են մեկ այլ ՔԿՀ, վերջինիս պետին էլ բերում են այստեղ, որ նա էլ է վատ աշխատող: Ինչո՞ւ են տեղափոխում, եթե կարող են հանել եւ այնպիսի մարդու նշանակել, որը կարող է շատ լավ ղեկավարել: Եթե պետը տեղափոխվում է, իր հետ տանում է տեղակալին, ռեժիմի պետին. ինչո՞ւ է թույլ տալիս Արդարադատության նախարարությունը կամ վարչության պետքը: Եթե չտանեն իրենց հետ այդ խումբը, կարծում եմ, որ շատ լավ կլինի, աշխատանքներ կտարվեն: Մի կալանավայրում գործող 3-4 հոգովանոց այդ «մաֆիան» նույն ոճով էլ մյուս հիմնարկում պետք է աշխատի: Եթե այս խնդիրը լուծվի, կարծում եմ, որ 100 տոկոսով չի շտկվի, բայց էլի փոփոխություն կլինի, կզգաստանան նաեւ դատապարտյալները: Նրանք ներսում ավելի շատ բան գիտեն՝ որ պետը ինչ եղավ, ոնց եղավ, ինչպես պատժվեց, քան մենք՝ դրսում: Դատապարտյալները շատ հետաքրքիր մտածելակերպ ունեն. ես կանանց ի նկատի ունեմ, չնայած հեռակա կարգով տարբեր ՔԿՀ-ների տղամարդկանցից էլ եմ բողոքներ ստանում, որ անարդարությունն ամենաշատը վաղաժամկետ ազատման հարցում է: Հանձնաժողովի անդամները, օրինակ, եթե այդ ՔԿՀ-ի աշխատողներ չեն, գաղափար չունեն այդ դատապարտյալից, նրան ներկայացնում են շատ լավ բնութագրով: Անարդարությունը եկավ հանձնաժողովից: Ներկայացվում ու արդարացվում, վաղաժամկետ դուրս են գալիս այնպիսի դատապարտյալներ, որոնք վատ վարք ու բարք են ունեցել, եւ դա զայրացնում է մյուս դատապարտյալներին, որոնք անհամբեր սպասում էին իրենց վաղաժամկետ զատմանը: Ես կուզեի, որ նրանց ասած այդ «ազատ գաղութը» փակվեր, չգործեր, որովհետեւ բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ովքեր են այդ կանայք, որոնք դուրս են գալիս աշխատելու՝ առավոտյան գնում, երեկոյան գալիս են: Դատապարտյալը մտածելու է, որ ինքը պատժվել է, օրենք է խախտել, հանցագործություն է կատարել, բայց այստեղ աշխատողները՝ պետը եւ այլք, ավելի մեծ հանցագործներ են, քան իրենք՝ այնտեղ նստածները: Շատ տարիներ առաջ՝ 1980-1990թթ., երբ աշխատում էի այդ հիմնարկներում, միշտ ասում էի՝ դատապարտյալի անուն-ազգանունը, որ կպցրած է կրծքին, պետք է կպնի հենց սպաների ճակատին, որովհետեւ նրանք ավելի հանցագործ են: Այս երկար տարիների ընթացքում բացարձակ ոչինչ չի փոխվել, այստեղ կադրային փոփոխություն է հարկավոր: ՔԿՀ-ների պետերը կոմունիստական ժամանակներից աշխատող տարիքով սպաներ են, պետք է իրենց տեղերը զիջեն երիտասարդ, խելացի կադրերին, ովքեր կարող են փոփոխություններ կատարել: Ես առաջարկել եմ, որ դատապարտյալների հիվանդանոցում լինի կանանց բաժանմունք, որպեսզի կանանց տեղափոխեն այնտեղ, այլ ոչ թե՝ քաղաքացիական հիվանդանոց, քանի որ այնտեղ տեղափոխելու համար ամիսներ է անհրաժեշտ, որ պետպատվեր գա. եթե հիվանդը չունի հարազատներ եւ գումար, ապա պետք է սպասի պետպատվերին, որին սպասելով մարդը կարող է հասնի վիրահատության, կարղ է մահանալ: Չնայած՝ ոչ մի ջանք չեն խնայում, հնարավոր ամեն ինչ անում են: Հիմա մի փոփոխություն կա. եթե դատապարտյալը գումար ունի, կարող է գնալ հետազոտման, վիրահատության, վարչությունը չի մերժում, օրենքը թույլ է տալիս: Հիմա, կարծեմ, հսկիչները տանում են բուժման, ատամ հեռացնելու, եթե մարդը չի ուզում այդ հիմնարկի ատամնաբույժին դիմել: Աշխատակիցները պետք է տարբերություն չդնեն դատապարտյալների միջեւ՝ ունեւոր- չունեւոր, այդ չունեւորները շատ են խեղճացած այնտեղ: Հիմա, օրինակ, կանայք հագնում են քաղաքացիական հագուստներ եւ այնպես են հագնվում: Իսկ չունեւորը պետք է սպասի մինչեւ ինչ-որ մեկն ազատվի կամ իր հագուստը դեն նետի, որ տան իրեն հագնելու: Հենց ներսում եղող այս սոցիալական տարբերություններն ինձ մտահոգվելու, խորհելու առիթ է տալիս:
- Արդարադատության մասին խոսելիս՝ մենք ասում ենք, որ հաճախ ճաղերից այն կողմ են հայտնվում (խոսքը հիմնականում տղամարդկանց մասին է) անմեղ մարդիկ: Արդյոք կանանց դեպքում պատկերը նո՞ւյնն է:
- Արդար մարդուն երբեք չեն նստեցնում: Հիմա ինձ տանեն ու նստեցնեն՝ հանուն ինչի՞: Այսինքն՝ փոքրիկ հանցանք է կատարել, բայց դրա համար պետք չէ մարդուն տարիներով «փակել»: Ոչ միայն կանայք, տղամարդիկ էլ են ընտանիք կորցնում, բաժանություն, երեխաներ, մուրացիկներ, նորից հանցագործներ են դառնում: Ընտանիք կա, որի բոլոր անդամները «նստած» են: Դատապարտյալներն ինձ հետ կիսվում են, որովհետեւ իրենց ընտանիքներին դրսում սոցհարցերով շատ եմ օգնում: Ես հովանավոր չունեմ, գումարով չեմ օգնում, օգնում եմ իմ հնարավորության սահմաններում եւ իմ լայն շրջապատի շնորհիվ՝ առողջապահական, փաստաթղթային հարցերով: Ես մեկուսարանում խոսեցի մի կնոջ հետ, որը չորս երեխա ունի, ամենափոքրը 2 տարեկան է: Հիմա գիտեք՝ դատերն ինչ երկար են տեւում՝ ամիսներ, տարի նույնիսկ: Փոխանակ մորը պայմանական թողնեն դրսում մինչեւ դատը լինի, վճիռ կայացվի, ինքը լինի իր 4 երեխայի կողքին: 4000 դոլարի համար նրան զրկել են այդ երեխաներից: Կարող են ստորագրությամբ թողնել դրսում, թող մնա իր ընտանիքի, երեխաների գլխին: Մայրը գիտի, որ վերջում դատապարտվելու է, այդ ընթացքում իր ընտանիքի գործերը կկարգավորի, ամեն հարց կլուծի՝ մտածելով, որ երկար տարիներ պետք է փակ տեղում լինի: Դա օգուտ կբերի նաեւ ընտանիքի անդամներին: Տարիներով մեկուսարանում պահելը ո՞րն է, ես չեմ հասկանում: Այս դատերն անընդհատ երկարաձգում են. կամ արագ վերջացնում եք, կամ թողնում եք դրսում՝ զգալով, որ դատը տարիներ պետք է տեւի: Մի ժամանակ ուզեցին օրենք ընդունել, որ 1-ին, 2-րդ անգամ հանցագործություն անելիս տուգանքներ վճարեն, իսկ 3-րդ անգամ արդեն տուգանքը չի անցնում. դու անուղղելի ես, չես շտկվում: Էլ 1/2, 1/3, վաղաժամկետ չլինի. միանգամից կալանքը դնեն՝ երկարաժամկետ, եւ մարդը, կարծում եմ, էլ հանցագործություն չի անի: Օրինակ, թխվածքաբլիթ գողացած այն մարդուն դատելն ամոթ է. թխվածքաբլիթն արժեր, ասենք, 500 դրամ, թող տուգանեին 50.000 դրամ, 5 մլն դրամ, բայց ամոթ է, որ դրա համար դատ անեին ու տանեին «նստացնեին»՝ չմտածելով, որ նրա երեխան գուցե իրոք դրա կարիքն ուներ այդ պահին: Չի կարելի դրա համար մարդուն ընտանիքից եւ հասարակությունից կտրել ու դատապարտել: Շատ նուրբ հարցեր են: Խելացի մարդիկ պետք է աշխատեն, իմանալով տվյալ հիմնարկի լավ ու վատ կողմերը՝ ներկայացնեն «վերեւներում», որ պետք է փոփոխել ինչ-որ բաներ: Աշխատող չկա, որովհետեւ աշխատավարձն էլ է շատ ցածր: Օրինակ, Աբովյանի ՔԿՀ-ում հարեւան գյուղերից գալիս են աշխատելու, գումար են վաստակում ու լռում են: Այսինքն, եթե իրենց աշխատանքի ժամին այնտեղ ինչ-որ բան կատարվեց՝ վիճաբանություն եւ այլն, ամեն ինչ չէ, որ վարչության պետին է հասնում. թաքցնողներ կան, ինչ է թե առավոտյան ասեն՝ խաղաղ է անցել: Եւ դրանից օգտվում է դատապարտյալը: Շատ-շատ թերություններ կան: Լավ բաներ էլ կան, իհարկե: Աբովյանի ՔԿՀ-ում Արեգա անունով մի կին կա, 76 տարեկան է, սպանության փորձի համար արդեն 6 տարի է՝ դատապարտված: Կարելի էր նրան առողջական վիճակի համար (արդեն չէր քայլում) ազատել, նա արդեն իր պատիժը կրեց ու գնալու տեղ չունի, հարազատները հրաժարվել են նրանից: Իմ միջնորդությամբ եւ վարչության պետի հետ միահամուռ ջանքերով իրեն տարանք սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ բուժեցին, ոտքի կանգնեցրին: Հետո վերքեր էին առաջացել, ՄԻՊ-ի միջնորդությամբ նորից տարանք հիվանդանոց, բուժեցին վերքերը, հետ բերեցինք: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար էին պահում: Հոկտեմբերի վերջին ժամանակը եկավ, եւ նրան պետք է ներկայացնեին վաղաժամկետ ազատման: Թող շուտ մարդուն հանեն, տանեն խնամքի կենտրոն, տուն-ինտերնատ: Հաշմանդամության կարգ ունի, հաշմանդամների հատուկ տեղ կա՝ Քուվեյթն է կառուցել, շատ լավ հարմարություններով շենք է, խոստացել եմ անպայման օգնել այդ հարցերում: Եթե ես վարչության պետին տեղյակ չպահեի, այս ամենը չէր արվի: Այսինքն, տվյալ հիմնարկի բժիշկը պետք է այնքան մարդկային լինի, հոգատար, որ ինքը պնդի, պահանջի վարչության պետից, որ մարդկանց տեղափոխի հիվանդանոց: Այդ մարդիկ ամիսներ շարունակ վատ են եղել, մինչեւ ես պատահական գնացի, զրուցելով, խոսելով իմացա եւ հայտնեցի վարչության պետին. նստեցինք եւ որոշեցինք, որ պետք է օգնել այդ մարդկանց: Նաեւ մի երիտասարդ կար՝ հեպատիտ C-ով. 2011թ.-ից նա դատապարտված է, 2015թ. ձեռք է բերել այդ հիվանդությունը եւ երկու տարի անուշադրության է մատնվել: Պատկերացնու՞մ եք՝ չի բուժվում: Եւ այդ հիվանդությամբ շատ-շատերը կան բոլոր ՔԿՀ-ներում եւ չեն բուժվում, որովհետեւ դա շատ թանկ հաճույք է, պետպատվերով հնարավոր չէ, հարազատներն էլ ի վիճակի չեն այդքան գումար տրամադրել կամ այս ծրագրի մեջ մտցնել: Իրենց միջոցներով տարել էին երիտասարդին «Նաիրի» բժշկական կենտրոնում, կարծեմ, 100.000 դրամ վճարել, հետազոտել եւ պարզել էին, որ լյարդի վիճակը շատ վատ է: Երկու տարի տեղյակ չեն պահել, որ այդ մարդուն գոնե բուժեն: Ինքը կլինի, թե՝ 10 հոգի, թող բուժեն մարդուն: Էլի ես իմ համառությամբ, վարչության պետին խնդրելով, արեցինք, թեեւ իր գումարով դեղորայքը գնեցինք. մարդու աղիքներն արդեն պայթում էին, շատ վատ էր վիճակը: Հիմա նա լավ է զգում իրեն, այսինքն, պետք է բարեխիղճ լինեն աշխատողները: Ամեն մարդ պետք է իր գործում բարեխիղճ, սրտացավ լինի, այնպես անի, որ մարդիկ չհիասթափվեն կյանքից, որ դուրս գալուց հետո էլ նորից չվերադառնան նույն տեղը: Բայց դատապարտյալները հենց այդ հիմնարկներում տեսնելով անարդարությունը՝ասում են՝ դե թքած, այս ինչ երկիր է, նորից կանենք, կբռնվենք, կվերադառնանք, չբռնվենք՝ էլի մեր սեւ գործը կանենք: Այս մտածողությամբ էլ դուրս են գալիս: Շտկվողներ էլ կան: Դատապարտյալները, նրանց հարազատներն էլ են մեղավոր. ինչո՞ւ տեղյակ չեն պահում վարչության պետին: Կարող է ՔԿՀ-ի պետին ասեն, չանցնի, վախենում են, որովհետեւ սկսում են մի ուրիշ աչքով նայել, կողքինները սկսում են հալածանքներն այդ մարդու նկատմամբ՝ «ծախող», «գործ տվող»: Չեն մտածում, որ իրենք էլ բախտակից ընկերներ են, նույն ձեւով իրենք էլ են տուժվում. եթե մեկը բարձրաձայնեց, մյուսները պետք է օգնեն, իրենք էլ նույնը պահանջեն: Եթե օրենքը կա, ուրեմն պետք է օրենքով պատասխան տան արածի համար: Չեն անում, չեն բարձրաձայնում: Այդ վախը եթե չլինի, հաստատ ամեն ինչ կշտկվի, ու, կարծում եմ, ոչ ոք էլ երբեք այնտեղ չի վերադառնա:
- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը «Հույսի ճրագ» ՀԿ նախագահ Դոնարա Ալեքսանյանն էր: Հաջողություն: