«Չորս պատմություն իշխանության մասին» գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Տեքստը ստեղծվել է «Իշխանություն» տեսանյութի սղագրության հիման վրա: Փորձ է կատարվում համայնապատկերել իշխանության (իշխի) դրսևորումները և դրանց առնչվող խնդիրները: Անդրադարձ է կատարվում «իշխանություն» հասկացությանը, իշխի բուրգային համակարգին, իշխի բազմապիսի դրսևորումներին, մոտեցումներին, միջազգային հարաբերություններին, «անվտանգության դիլեմային» և այլն։ Ներկայացվում են իշխի բռնության, հարկադրանքի վրա հիմնված տարատեսակներից դեպի ավելի մասնակցային տեսակները։ Ջոն Լոքը և Թոմաս Հոբսը հիմնադրեցին իշխի երկու գլխավոր և հակադիր մոտեցումները, որոնցով մենք մինչև այսօր առաջնորդվում ենք։ Ըստ Հոբսի՝ պետությանն ու օրենքին բոլորը պարտավոր են ենթարկվել, անկախ այն հանգամանքից՝ օրենքը ճիշտ է, թե ոչ։ Լոքը դիտարկում է պետություն և հասարակություն հարաբերությունը սոցիալական պայմանագրի շրջանակներում, երբ կողմերը պայմանավորվում են, թե ի՞նչ է օրենքը, ինչպե՞ս է իշխը ձևավորվում և այլն: Ժողովրդավարական, ինֆրակառուցվածքային իշխի վրա հիմնված զարգացած ժամանակակից համակարգն ամենաբարդն է։ Այն պարունակում է իշխի բոլոր տեսակի դրսևորումները՝ տարբեր մակարդակներում։ Որոշ ինստիտուտներ կլոր սեղանի սկզբունքով են աշխատում, որոշները՝ բուրգի, որոշները, կրկնելով պետական իշխի սկզբունքը, ավելի փոքր մասշտաբով՝ ռեֆերենդումային տարբերակով և այլն։ Այս համակարգը հենց իր բարդությամբ է ճկուն և հարմարվող: Այդ է պատճառը, որ այն շատ դժվար է քանդել։ Մենք ամբողջ օրն ընկղմված ենք իշխի մեջ, որոշումներ ենք կայացնում, բանակցում ենք իշխերի հետ՝ մեր սեփական իշխի, մեր մերձավորների իշխի, պետության, հասարակության իշխի, սոցիալական այդ իշխի՝ այդ ճնշող, տաբուացնող իշխի։ Իշխի հետազոտման ավանդական մոտեցումը մեծ մասամբ սահմանափակվում է կա՛մ ներկայացնելով բուրգայինը, կա՛մ խունտան, կա՛մ ժողովրդավարությունը, առանց բացատրելու դրանց միջև իմաստային կապերը՝ իշխի հոսքը կառավարման մի ձևից մյուսին: Իսկ այս տեքստում 30 տրվում է «իշխ» երևույթի պարադիգմատիկ, աբստրակտ-իդեալական, որոշակի իմաստով՝ օնթոլոգիական պատկերը: Իրականության սոցիալական կառուցման հղացքը նոր հնարավորություններ է ընձեռում՝ հասկանալու իշխի էությունը: Բացահայտվում են այնպիսի հասկացություններ, ինչպես «կառուցվածքային իշխ» և «կառուցվածքային բռնություն»: