Հակակոռուպցիոն ծրագիր (2011)

Ծրագրի նպատակն էր մեծացնել Հայաստանի պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս նպատակին հասնելու համար կատարել հետևյալ գործողությունները.

  • Զարգացնել պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կարողությունները` հակակոռուպցիոն աշխատանքներում ներգրավվելու համար։
  • Խթանել պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների միջև համագործակցություն` պետական կառավարման մարմինների գործունեությունը թափանցիկ դարձնելու համար։
  • Առաջարկել ռազմավարական և ընթացակարգային փոփոխություններ` կոռուպցիայի դեմ պայքարում:

2003 թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումից հետո ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց մաքսային օրենսգրքում, «Հարկերի», «Ֆինանսական համահարթեցման», «Գնումների», «Կրթության» և «Առողջապահության» մասին ՀՀ օրենքներում և քննարկեց «Լոբբիստական գործունեության մասին» օրինագիծը: Չնայած այս փոփոխություններին, անցկացրած մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարում դեռևս անկում էր նկատվում: Հանրային միջոցների սխալ օգտագործումը խոչընդոտում էր երկրի տնտեսական և քաղաքական զարգացմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀՀ Ազգային ժողովի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հետ համատեղ 2006 թ. ապրիլ ամսին կազմակերպեց համաժողով, որը համախմբեց իշխանությունների, հասարակական կազմակերպությունների  և լրատվամիջոցների ավելի քան 300 ներկայացուցիչների` կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերը միավորելու  և համագործակցություն հաստատելու համար: Համաժողովի արդյունքում մշակված առաջարկներում մատնանշվեց կոռուպցիայի դեմ պայքարում նոր ու մատչելի նախաձեռնությունների մշակման անհրաժեշտությունը: Դրանք ուղղված էին պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը` եռակողմ համագործակցություն հաստատելու, պետական կառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ապահովելու և օրենսդրական փոփոխություններ կատարելու համար:

Այդ առաջարկների հիման վրա, 2007 թ․ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց ծրագիր, որն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների դերի մեծացմանը: Ծրագրի շրջանակներում հիմնադրամը համագործակցել է պետական կառավարման մարմինների, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Կարողությունների զարգացում

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու լրագրողների համար նախատեսված դասընթացները հնարավորություն են տվել խթանելու հանրային կառավարման գործընթացների թափանցիկությունը:

Այդ դասընթացներն ուղղված էին հետաքննական լրագրության զարգացմանը, պետական կառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովմանը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ու կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային լավագույն փորձի կիրառմանը: Դասընթացներին մասնակցեցին տասներկու թերթերի քառասուն եւ հասարակական կազմակերպությունների քսաներկու ներկայացուցիչներ:

Նրանց ընտրության ժամանակ հաշվի առնվեցին երիտասարդների, կանանց և հասարակության խոցելի խմբերի հետ աշխատելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվ գործունեություն ունենալու հանգամանքները: Առավել թափանցիկ կառավարում ապահովելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով դասընթացներ են անցկացվել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:

Վերոնշյալ հարցերի առնչությամբ դրամաշնորհային աջակցություն է տրամադրվել հասարակական կազմակերպություններին, թերթերին և լրագրողական ընկերություններին: Ծրագրային գործողություններում ընդգրկված էին մի շարք կլոր-սեղան քննարկումներ և հեռուստատեսային բանավեճեր` նվիրված կոռուպցիոն հարցերին: Անցկացվել է նաև քարոզարշավ` ուղղված տեղական իշխանությունների` քաղաքացիների դիմումներին արձագանքելու կարողությանը: Հանրապետության վեց մարզերում հանրային իրազեկման աշխատանքներ են իրականացվել ` նվիրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին: Կազմակերպվել է նաև քաղաքացիների կողմից մոնիտորինգ` ուղղված ճանապարհային ոստիկանության, քաղաքացիական ծառայության, դպրոցների ու տեղական կառավարման աշխատանքներին:

Համագործակցություն

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է հակակոռուպցիոն ցանց, որը բաղկացած էր պետական կառավարման մարմիններից, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներից` այդ երեք կառույցների կողմից համատեղ հակակոռուպցիոն ռազմավարական գործողություններ մշակելու և իրագործելու նպատակով: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը համագործակցել է ցանցի անդամների հետ` ցանցի կառուցվածքը կազմելու և ռազմավարությունը մշակելու համար: Ցանցի անդամները, հետագայում ստեղծեցին և ղեկավարեցին ինտերնետային հակակոռուպցիոն ռեսուրս կենտրոնը, որը հնարավորություն տվեց հանրությանը հասու դարձնել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն աշխատանքների մասին տեղեկություններին, իսկ կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` օգտվելու ուսուցողական նյութերից, ուղեցույցերից և այլ ուսումնասիրություններից: Իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվեցին ուսուցողական այցեր դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ` հակակոռուպցիոն հաջողված մոդելներն ուսումնասիրելու և նմանատիպ կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու նպատակով:

Ռազմավարական եւ ընթացակարգային փոփոխություններ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել հակակոռուպցիոն ցանցին` կոռուպցիայի դեմ պայքարում ռազմավարական և ընթացակարգային առաջարկություններով հանդես գալու նպատակով:

Ծրագրի մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Ավելին