ՀԱՀ վեպն արդեն հասանելի է հայ ընթերցողին

«Երկար ժամանակ է՝ երկար-բարակ պարբերության գլխին կանգնած, ցուցամատս քունքիս մտածում եմ։ Երեք երկարուձիգ օր է՝ լալով-հեկեկալով թեյ եմ դնում ու անդադրում մտածում եմ։ Քունքիս մառ ու համառ հրացանափող է։ Կանգ եմ առել։ Մտածում եմ՝ պղպջակի պես շուռումուռ, մտասուզված։ Էլ չեմ կանգնի։ Որովհետև մի հնար էլ կա»։

Սա մի հատված է թուրք ժամանակակից արձակագիր Բիրգյուլ Օղուզի ՀԱՀ վեպից։ ՀԱՀ վեպը հայերեն թարգմանվել է վերջերս Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Դեկտեմբերի 18-ին ԵՀՀ գրասենյակում էին գրքի թարգմանիչները, խմբագիրն ու հեղինակը, որոնք եկել էին ՀԱՀ-ը ներկայացնելու: Հանդիպման ընթացքում Արմեն Օհանյանը ներկայացրեց Հայաստանի և Թուրքիայի գրական երկխոսության պատմությունը 1990 թվականից ի վեր:

ՀԱՀ-ի հայերեն թարգմանությունն իրականացվել է շատ հետաքրքիր համագործակցային մեթոդով։ Ծրագիրը, որի շրջանակում գիրքը թարգմանվել է հայերեն, նպատակ ուներ համախմբել հայ թարգմանիչների, խմբագիրների, նաև հեղինակին, որվքեր 7 օրերի ընթացքում Դիլիջանում միասին աշխատելով՝ թարգմանել են ՀԱՀ-ը հայերեն։

Գեղարվեստական գրքերի համագործակցային մեթոդով այսպիսի թարգմանություններ աշխարհում արվել են, բայց Հայաստանում առաջին անգամ էր կիրառվում։ Վեպը թարգմանել են Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադեւոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթեւիկ Սարգսյանը, Սաթենիկ Պետրոսյանը, իսկ խմբագիրները՝ Զավեն Բոյաջյանն ու Արմեն Հայաստանցին են։
ՀԱՀ-ը 2014-ին արժանացել է Եվրոպական միության Գրական մցանակին և արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով։ Վեպն այսօր արդեն հասանելի է ընթերցողներին Երևանի գրախանութներում։

Կից ներկայացնում ենք նաև Սիվիլնեթի պատրաստած տեսանյութը գրքի հեղինակի՝ Բիրգյուլ Օղուզի և ծրագրի ղեկավար՝ Արմեն Օհանյանի մասնակցությամբ։

Ավելին