Փոփոխության առաջին քայլը գիտակցումն է, և հենց սա էր դպրոցի նպատակը

Լինելով փորձնակ և կողմնակի անձ, ես ցանկանում էի ավելի լավ պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի մասնակիցների ընդհանուր վերաբերմունքը: Ինձ նաև հետաքրքրում էր դպրոցի մեթոդաբանությունը, թե ինչպես էր այն կազմակերպվում և իրականացվում, մասնակիցների մտքերն արդյունավետ և առանց ուժգնորեն հակադրվելու ներկայացնելու համար։

Քննարկումն սկսեցինք փորձելով սահմանել «քննադատական մտածողությունը». բազմիմաստ և հաճախ սխալ կիրառվող այս հասկացությունը կարևոր նշանակություն ունի անհատի համար, ով ցանկանում է դառնալ գիտակից, տեղեկացված և ակտիվ քաղաքացի։ Այնուհետև հակիրճ անդրադարձանք քաղաքականության, հասարակության և մարդկային էության ընդհանուր պատկերին, որը չափազանց կարևոր էր կարծրատիպերի մարտահրավերները շրջանակելու համար, ինչը հաջորդեց այս քննարկմանը։ Ուսանողներն ակտիվորեն ներգրավված էին այդ քննարկմանը. բոլոր չորս օրերի ընթացքում շարունակաբար բարձրացվում էր մեր կողմից ինքներս մեզ համար ձևավորվող կարծրատիպերի և տարբերակումների հարցը:

 Ես հետաքրքրասիրությամբ էի դիտում, թե ինչպես էին ուսանողները դիտարկում իրենց՝ «մյուսների» և կառավարության հետ հարաբերություններում։ Սա արտահայտվում էր հատկապես հարց ու պատասխանների ժամանակ։ Ուսանողները կարողացան հարցականի տակ դնել իրենց՝ արդեն իսկ ձևավորված արժեքները, որոնք յուրացվել էին, ինչպես Գևորգ ՏերԳաբրիելյանն է անվանում «մշակութային բռնության» միջոցով։

Փոփոխության առաջին քայլը գիտակցումն է, և հենց սա էր դպրոցի նպատակը։ Ամբողջությամբ վերցրած, Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցն անհավատալիորեն գրավիչ ծրագիր էր։ Այն ինձ բացառիկ հնարավորություն ընձեռեց հասկանալու միջխմբային թշնամության կառուցվածքային և մշակութային պատճառները, ինչպես նաև հնարավոր ռազմավարությունները՝ նման հակամարտությունները  վերափոխելու համար։ Վերջում ավելացնեմ, որ ես շարունակ մտածում էի, թե որքան կշահեին ամերիկացի ուսանողները՝ եթե մասնակցեին այս դասընթացին։ Թեև մենք չունենք նման հակամարտություններ, ինչպես որ Հայաստանը հարևանների հետ, բայց ԱՄՆ-ում գոյություն ունեցող մշակութային բռնությունն անհերքելի է։ Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի շրջանակներում տրամադրված գործիքները կարելի է կիրառել ցանկացած տիպի կոնֆլիկտներում, քանի որ դպրոցի նպատակը կրթելը և անհատներին անկողմնակալորեն տեղեկացնելն է, քննարկումներ առաջացնելն ու ճիշտ հարցեր հղելու հնարավորություն ընձեռելը։

ԵՀՀ փորձնակ Լենա Բրիհանի

Ավելին