Martuni

«Մարտունի համայնքի  կառուցվածքային զարգացման հեռանկարները» հանրային քննարկում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Մարտունի Ինֆոտան հետ համատեղ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Մարտունի համայնքի  կառուցվածքային զարգացման հեռանկարները» վերնագրով հանրային քննարկում։

Քննարկումը ԵՀՀ-ի, Մարտունի ինֆոտան և Մարտունու համայնքապետարանի տևական համագործակցության ու քննարկումների արդյունք է։ Քննարկումների ժամանակ, մանավորապես, բազմիցս արտահայտվել է այն միտքը, որ լինելով լճափնյա քաղաք, Մարտունին որևէ կերպ ինտեգրված չէ այդ բնական ենթակառուցվածքին։ Մեկ այլ կարևոր մարտահրավեր է խորհրդային շրջանում կառուցված ինդուստրիալ քաղաքների, մարզկենտրոնների և այլ գործառույթներ ունեցող համայնքների զարգացման հնարավորությունների և բնակիչների հարմարավետությունն ապահովող նոր կառուցվածքի քննարկումն ու ձևակերպումը։

Համապարփակ քննարկում ծավալելու նպատակով միջոցառմանը կմասնակցի համայնքի շուրջ 50 բնակիչ՝ ներկայացնելով համայնքում գործող կրթական, մշակութային, առողջապահական և այլ հաստատությունները, ինչպես նաև մասնավոր և հասարակական ոլորտները։ Միջոցառմանը կմասնակցի նաև կրթության, առողջապահության, քաղաքային մշակույթի և այլ ոլորտների հրավիրված փորձագետների խումբ։ Մշակված գաղափարները հետագայում կօգտագործվեն համայնքի զարգացման ռազմավարությունում, ինչպես նաև կիրականացվեն որպես առանձին ոլորտային ծրագրեր։

Քննարկման արդյունքում ակնկալվում է ունենալ նաև հստակ պատկերացում համայնքի արտաքին աշխարհի հանդեպ դիրքավորման և գայթակղելիության բարձրացման վերաբերյալ։

Ելնելով նշված նպատակներից՝ ԵՀՀ թիմը Մարտունու համայքնապետարանի և Ինֆոտան գործընկերների հետ միասին մշակեց մասնակցային պլանավորման այլընտրանքային և փորձարարական մի մեթոդ, որը հիմնված է ԵՀՀ նմանատիպ միջոցառումների կազմակերպման բազմամյա փորձի վրա։ Մեթոդի հիմքում ընկած է ոլորտային (օրինակ ՝ մշակույթ, կրթություն, առողջապահություն) պլանավորումների համադրման եղանակը, որի պատկերավորության նպատակով կօգտագործվի քարտեզագրման մեթոդը։   

Քննարկումը տեղի կունենա ս․թ․ փետրվարի 5-ին Մարտունի քաղաքի Մյասնիկյան 1 հասցեում։

 

Ավելին