Բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքը Հայաստանում․ կենտրոնանալով Գյումրի քաղաքում 1988թ․ երկրաշարժի հետեվանքով անօթեվանություն ձեռք բերած քաղաքացիների վրա

Սույն այլընտրանքային զեկույցի նպատակն է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին (ՏՍՄԻԿ) տեղեկություն տրամադրել ՀՀ Կառավարության կողմից ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագրի) 11-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների իրականացման վերաբերյալ։ Դաշնագրի հոդված 11-ով ամրագրված է պետության պարտավորությունն` ապահովելու յուրաքանչյուրի՝ իր ու իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բավարար սննդի, հագուստի ու բնակարանի և կենսապայմանների շարունակական բարելավման իրավունքը։ Զեկույցը վերաբերում է Հայաստանում Դաշնագրի հոդված 11-ով սահմանված` բավարար կենսամակարդակի իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդիրներին,  մասնավորապես, կենտրոնանալով 1988թ.-ի երկրաշարժի արդյունքում ստեղված աղետի գոտու բնակավայրերի քաղաքացիների՝ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդրի շուրջ։

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը վավերացվել է ՀՀ Կառավարության կողմից 1993թ.։ Հայաստանը 2009 թ.-ին ստորագրել է, սակայն առ այսօր չի վավերացրել Դաշնագրին կից կամընտիր արձանագրությունը, որով կապահովվեր Հայստանից ՏՍՄԻԿ անհատական կոմունիկացիաներով դիմելու հնարավորությունը։

Զեկույցում տեղ գտած բոլոր վերլուծություններն ու դիտարկումները վերաբերում են ՏՍՄԻԿ-ի կողմից իրականացված վերջին դիտարկումից՝ 2014 թ.-ից առ այսօր տեղի ունեցած օրենսդրական և փաստացի զարգացումներին։ Այսպիսով, զեկույցի ժամանակային շրջանակն է 2014-2019 թթ.։