Պետական մարմիններում շահերի բախման մոնիտորինգ

Սույն զեկույցը պատրաստվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (այսուհետ` ԹԻՀԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (այսուհետ` ԵՀՀ) կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է չորս երկրներում (Մոլդովա, Հայաստան, Լեհաստան և Ուկրաինա) վեց գործընկեր կազմակերպությունների կողմից (Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Մոլդովա, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Բատորի հիմնադրամ (Լեհաստան), Հանրային քաղաքականության ինստիտուտ (Ուկրաինա) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ –Ուկրաինա):

Ծրագրի առաջին տարվա գործողությունները նպատակաուղղված էին զարգացնելու գործընկեր կազմակերպությունների կարողությունները՝ իրականացնելու շահերի բախման մոնիտորինգ պետական կառույցներում:

Սույն զեկույցը մշակվել է ԹԻՀԿ և ԵՀՀ կողմից` հիմք ընդունելով վերոնշյալ ուսումնասիրությունները: Դրա հնարավոր շահառուներն են հանրային ծառայողները, մասնավորապես` որոշում կայացնողները, քաղաքացիական հասարակության կառույցները և ԶԼՄ-ները: Լավ կառավարման և հակակոռուպցիոն ոլորտներում երկրի գործունեությունը դիտարկող միջազգային կազմակերպությունների համար ևս այն կարող է համարվել տեղեկատվական: