consequence artefact pic

Երևանում բացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը

2020 թ․փետրվարի 8-ին Հայաստանի նկարիչների միության սրահում բացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ համանուն ֆիլմի փակ ցուցադրությունը:  

«Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը 2019 թ. ընթացքում իրականացրել են լուսանկարիչ Արեգ Բալայանը և արվեստագետ Էդիկ Պողոսյանը: Ֆիլմը և ցուցահանդեսը փորձ է՝ քննելու հակամարտությունն այլընտրանքային տեսանկյունից՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը: Նախագծի հեղինակները փնտրել և ընտրել են հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և վերափոխել դրանք արվեստի գործերի:

Նախագծին անդրադառնալով, արվեստաբան, արվեստի քննադատ Ելենա Այդինյանը գրում է. «Ա­ղե­տա­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի՝ ար­վես­տի գոր­ծե­րի վե­րած­վե­լը, դրանց մա­սին ար­վես­տի գոր­ծե­րում խո­սե­լը, դրանք ար­վես­տի գոր­ծե­րի մի­ջո­ցով վե­րապ­րե­լը և առ­հա­սա­րակ ա­ղե­տի ու ար­վես­տի փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը խնդ­րա­հա­րույց են: Ե­թե նման ար­վես­տի գործն ազ­դե­ցիկ է, ա­պա դա են­թադ­րում է, որ գործն ըն­կա­լո­ղը հնա­րա­վո­րինս հա­մակ­վում է գոր­ծում մար­մին առած ող­բեր­գու­թյամբ: Որ­քան հա­ջող­ված է այդ մարմ­նաց­ման փոր­ձը, այդ­քան խորն է դրա ազ­դե­ցու­թյու­նը»:

Համադրող և լուսանկարչության պատմաբան Վիգեն Գալստյանը նշում է․ «Արեգ Բալայանի ու Էդիկ Պողոսյանի ջանքերով իրականացվող «Հետևանքը՝ արտեֆակտ» համագործակցային ծրագիրը միտված է ուսումնասիրելու և ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի «սառած» ռազմական հակամարտության հետևանքները: Իրենց «հնագիտական» մոտեցմամբ՝ արվեստագետները նպատակ ունեն հաղթահարելու նախապաշարմունքներն ու խոչընդոտները, որոնք բաժանում են շփման գծի երկու կողմերում ապրող ժողովուրդներին: Պատերազմի օրոք խարխլված շենքերից հավաքված մետաղական բեկորների համադրությունը հակամարտության գոտում բնակվողների լուսանկարների հետ կառուցված է պատմական հետքերի ու ներկա իրականության բարդ փոխառնչությունների շուրջ: Այստեղ աղետը հառնում է իբրև բնականոն և ընդունելի երևույթ՝ ազդելով կյանքի, աշխարհի ու ապագայի մասին մարդկանց առօրյա ընկալումների վրա»:

«Մեր գործունեությունը հասցեագրում է մի հակասություն, որը մեր հասարակությունները ժառանգել են չլուծված հակամարտության պատճառով, այն է՝ խաղաղարարության և հայրենասիրության միջև եղած թվացյալ հակասությունը։ Սույն նախագիծը փայլուն է ցույց տալիս, որ դա շինծու և մտացածին հակասություն է:», - իր բացման խոսքում ասաց ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ավելացրեց, որ «այս և նման նախագծերը մեր հարաբերություններին հաղորդում են հումանիզմի այն լիցքը, որն անհրաժեշտ է քաղաքակիրթ հարաբերությունները վերականգնելու համար»*։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. փետրվարի 28-ը։

Ֆիլմը և ցուցահանդեսն 2019թ․ նոյեմբերին արդեն ներկայացվել են հանրությանը Ստեփանակերտում և Թբիլիսիում։

«Հետևանքը՝ արտեֆակտ» ալբոմը հասանելի է այստեղ։

«Հետևանքը՝ արտեֆակտ» ֆոտոպատմությունների շարքն դարձել է LensCulture Exposure Award 2020 մրցույթի ֆինալիստներից մեկը։

*Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

 

 «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը իրականացվում է «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Ավելին