Ինպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 2)

22.04.2016

Տեսանյութի սղագրությունը

Բանալի բառեր
Քննադատական մտածողություն, մեդիագրագիտություն, ինֆորմացիա, դիսկուրս, վստահություն, կոգնիտիվ դիսոնանս, հեղինակություն, կոնսպիրոլոգիա, դավադրություն, ռացիոնալ մտածողություն

Քանի որ մենք ապրում ենք ինֆորմացիոն հոսքի ահագնացող տարափի տակ, և դա բազում ֆրուստրացիաներ է ստեղծում, թվում է՝ շեղում «ուղիղ» ճանապարհից, կենտրոնանալ թույլ չի տալիս, մինչև այլ թեմաների անցնելը՝ պիտի փորձենք նախնական գործիքակազմ ձեռք բերել այդ հոսքին քիչ թե շատ հաջողությամբ դիմակայելու համար:

Անդրադառնանք մի քանի տեսական դրույթների, թե ինչպես կողմնորոշվել հանրային դիսկուրսում, օգտագործելով քննադատական մտածողությունը: Ի՞նչն է, որ հանրային դիսկուրսում կողմնորոշվելու կարիք է ստեղծում: Նախ, ի՞նչն ենք մենք անվանում հանրային դիսկուրս: Դա այն ամբողջ ինֆորմացիայի տարափն է, որը մեզ շրջապատում է, լցվում է մեզ վրա: Այն կարող է գալ ցանկացած ալիքով՝ ինտերնետով, հեռուստատեսությամբ, մարդկանց հետ շփվելով, մեր տեսածով: Ամեն ինչով՝ բոլոր ուղղություններով: Ինֆորմացիայի այդ տարափը միայն խոսքը չէ. մեր տեսածն է, մեր զգացածը, ամեն ինչը: Եվ այդ դիսկուրսը, փաստորեն, շատ իմաստներով ձևավորում է մեզ:

Ես հանրային դիսկուրսի մեջ երեք կառուցվածքային բաղադրիչ կնշեմ: Դրանցից մեկը հենց կանվանենք ինֆորմացիայի տարափ: Գիտենք, որ շատերը Facebook-ից դուրս են գալիս, հեռուստացույցը անջատում են: Ինչի՞ց է դա. որովհետև նրանք չգիտեն, թե ինչպես դիմակայեն ինֆորմացիայի տարափին: Սա է հանրային դիսկուրսի մի բաղադրիչը:

Մյուս մասն ավելի խորն է, բայց երկխոսության մեջ է մտնում ինֆորմացիայի տարափի հետ: Խոսքը կրթական համակարգից ստացած մեր հաղորդագրությունների մասին է: Տարիներ շարունակ մեր ժողովուրդը սովորում է Հովհաննես Թումանյան, սովորում է, որ ուրարտացիների ժամանակներ են եղել, եղել է Տիգրան Մեծ, եղել է Հայկ և Բել, և այլն: Այդ բոլոր հաղորդագրություններն ինչ-որ չափով ձևավորում են մեզ, և դրանք հանրային դիսկուրսի շատ կարևոր մասն են կազմում:

Երրորդ գործոնը ես անվանում եմ սոցիալական ճնշում: Մենք այդ մասին խոսել ենք իշխի տեսակների մասին զրուցելիս, երբ նշեցինք, որ կա քաղաքական իշխանություն և սոցիալական իշխանություն[1]:  Այն և՛ ընտանիքում է դրսևորվում՝ ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս չվարվել, ի՞նչ ավանդույթ կա, ի՞նչ ադաթ կա, և՛ դպրոցում,  և՛ ավելի մեծ հասարակական միջավայրում: Օրինակ, երբ  փոքր էի, անժամանակ, գարնան վաղ շրջանում կարճ շալվարով գնացել էի դասի: Դասարանի տղաներն իմ վրա ծիծաղում էին: Ոչ թե որովհետև կարճ շալվար չէր կարելի հագնել, դա ավելի ուշ, ավելի մեծահասակ տղաների պրոբլեմն էր. իսկ այդ ժամանակ՝ պարզապես դեռ շուտ էր հագնել կարճ շալվար, դեռ եղանակին չէր համապատասխանում, իրենց կարծիքով:

Շատ տարբեր ձևերով կարող է հանրային ճնշումը իրագործվել։ Եվ այդ ճնշման մեջ մարդ պիտի կողմնորոշվի, դրա նկատմամբ պիտի դիրքորոշում ընդունի, ավելին,  այդ ճնշումից  մարդ շատ հաճախ ընկնում է սթրեսի մեջ, երբեմն ոչ շատ ուժեղ սթրեսի մեջ, երբեմն էլ ուժեղ սթրեսի մեջ, անգամ դեպրեսիայի մեջ է ընկնում:

Ու պետք է նշել, որ այս իրադրությունը աշխատում է աշխարհի ցանկացած մասում: Մենք ապրում ենք հանրային դիսկուրսի ճնշմամբ առաջացած գլոբալ ճգնաժում, որը գործում է և՛ արևելքում, և՛ արևմուտքում, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ ամենուր: Արևմուտքում եթե դու տուն ունես, տան դիմաց անպայման կլինի փոքրիկ հողակտոր, որտեղ խոտը չես հնձել ժամանակին: Հարևանները կնախատեն, կամ նույնիսկ ոստիկանությանն իմաց կտան, որ դու խախտում ես հանրային կարգը:

Իսկ, ասենք, որոշ պետություններում կինն իրավունքներ չունի, կարող է, լինելով անմեղ, խոշտանգումների ենթարկվել, և այլն: Այսինքն կապ չունի՝ ինչ որակի, ինչ մակարդակի, բայց այդ սոցիալական ճնշման տարատեսակները կան ամենուր:

Բայց հասարակություններն իրարից տարբերում են ևս մի շատ կարևոր փոփոխականով: (Ես այդպիսի փոփոխականներն անվանում եմ հաստ փոփոխական: Դա անգլերեն տերմին է՝ thick variable): Այդ հաստ փոփոխականն անվանենք վստահություն. վստահության մակարդակ: Դա շատ լավ քննարկել, մեկնաբանել  է Ֆրանսիս Ֆուկոյաման իր «Վստահություն» կոչվող գործում[2]:

Սա շատ պարզ փոփոխական է: Իմաստն ի՞նչն է. թե մարդիկ որքա՛ն են վստահում միմյանց և որքա՛ն են վստահում այս դիսկուրսներին, դիսկուրսների այս տարատեսակներին: Այն, թե արդյոք մարդիկ իրենց հարմարավետ են զգում այս իրադրության մեջ, շատ առումներով որոշվում է վստահությամբ, և վստահությունը հասարակություններում լինում է էլի շատ տարբեր տեսակների:

Կան ցածր վստահության հասարակություններ, կան բարձր վստահության հասարակություններ: Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դու կարող ես ընդունվել համալսարան առանց ոչ մի հարցազրույցի: Զուտ թեստի հիման վրա և քո CV-ն ուղարկելով: Ոչ մի փաստաթուղթ էլ չեն պահանջում: Հետո կգաս՝ կտեսնեն, ով ես: Դա բարձր վստահության հասարակություն է: Նույն պատճառով առաջներում այնտեղ շատ էին տալիս վարկեր: Այսինքն, դու նամակ էիր գրում վարկային կազմակերպությանը, և նա քեզ վարկային քարտ էր ուղարկում: Ո՛չ ստուգում էին բանկային հաշիվդ, ո՛չ ստուգում էին կարո՞ղ ես մուծել, թե՞ չէ, ճի՞շտ ես գրել, թե՞ չէ, ինչքա՞ն երեխա ունես, թե՞ չունես, և այլն: Բարձր վստահության հասարակությանը բնորոշ վարք: Ինչու՞. որովհետև նրանք հաշվարկել էին, որ այդ շուկայում մարդիկ սովոր են ոչ միայն վստահելուն, այլ նաև օրինապահությանը:

Վստահությունն ինչի՞ց է գալիս. նրանք սովոր են ենթարկվել ընդունված կանոններին: Ուրեմն, մեծամասնությունը մուծելու է իր պարտքերն այդ վարկից: Իսկ ով  չի մուծելու, նրանց էլ կարելի է ապահովագրել և ապահովագրությունից ստանալ տարբերությունը: Հաշվարկված է. տասը-տասնհինգ տոկոսը բոլորից, ովքեր վարկ են ստանում, կարող են չմուծեն: Այդպիսին էր իրադրությունը, փաստորեն, մինչև 2008 թվականի տնտեսական ճգնաժամը, հետո մի քիչ փոխվեց, բայց էությունը չի փոխվել: Ամերիկայի Միացյալ Նահանգները մնում է բարձր վստահության երկիր:

Զուգահեռաբար,  շատ երկրներ կան, որոնք բարձր վստահության երկիր չեն: Հայաստանն այսօր հենց այդպիսի երկրներից մեկն է: Այստեղ խոտորված է պատմությունը. մենք, շատ առումներով, Խորհրդային Միության պատմության մեջ ընկղմված լինելու պատճառով ենք ցածր վստահության երկիր:

Իսկ կան երկրներ, որտեղ ավանդույթն է այդպիսին: Օրինակ, Ֆրանսիան ավելի ցածր վստահության երկիր է, քան ԱՄՆ: Այնտեղ ավելի հավանական է, որ քեզ գործի վերցնեն ծանոթի միջոցով: Ենթադրենք դու շրջանավարտ ես ու գործ ես փնտրում: Դու պիտի ունենաս լավ հայրիկ, որն ունի լավ ընկեր, որպեսզի նա քեզ գործի վերցնի: Դիմելով, դիմումներով ավելի փոքր հնարավորություն ունես:

Երբ ես Ամերիկայից գնացի մեծ Բրիտանիա, ես Ամերիկայում ունեի մի քանի վարկային քարտ և մի քանի բանկային հաշիվ: Ոչ մեծ հաշիվներ, բայց քանի որ այնտեղ էի ապրում, ես ունեի այնտեղ իմ բանկային պատմությունը: Մեծ Բրիտանիայում ես շատ ավելի կարևոր աշխատանքի էի անցել, քան Ամերիկայում էի, ու իմ աշխատանքի տեղից կար թուղթ, որ «այս մարդը եկել է այստեղ աշխատելու».սակայն բանկերը հրաժարվում էին ինձ համար բանկային հաշիվ բացել: Պարզապես հաշիվ բացել, այսինքն, որ ես այնտեղ փող տեղադրեմ: Հետո իմ ընկերուհու հայրը, որ Ուելսի, Քարդիֆի բանկի ղեկավարն էր,  զանգահարեց լոնդոնյան բանկի համապատասխան բաժանմունք, և մենք ընկերուհուս հետ միասին գնացինք, որպեսզի ինձ համար այդ հաշիվը բացեն: Դա ցածր վստահության շատ ակնառու օրինակ է:

Ինչո՞ վ է պայմանավորված բարձր վստահության երկիր լինելը: Շատ հանգամանքներ կան, բայց գլխավորներից են. վստահությունը գիտությանը՝ գիտելիքին. մարդիկ գիտեն, որ հասարակության մեծամասնության վարքն ավելի հավանական է, որ լինի այսպիսին, քան թե այնպիսին:

Դա, իր հերթին, պամանավորված է և՛ գիտության, գիտելիք կուտակելու ավանդույթով, և՛ կանոններին հետևելու ավանդույթով. այսինքն, կա ուժեղ պետություն, ուժեղ հասարակություն, որի մշակույթի մասն է՝ կանոններին հետևել, այսինքն կանոնները հիմնականում համարվում են արդար և արժեքավոր, իսկ եթե մեկը խախտում է՝ պատիժը համարվում է գրեթե անխուսափելի, այսինքն «նապաստակ»[3] համեմատաբար քիչ հավանական է, որ կարողանաս լինել, և, ուրեմն, դա շահավետ չէ մեծ մասամբ:

Բնականաբար, այդպիսի երկրում նաև հումորը սպեցիֆիկ է, կանոնների խախտման վրա չի սիրում կառուցված լինել: Նաև՝ կանոնների խախտումը նույնիսկ խաղի դեպքում՝ տհաճություն է թվում հաճախ: Օրինակ, իմ փորձից, ամերիկացիները չեն սիրում խաղալ «մաֆիա»[4]: Վերջապես, քաղաքական կոռեկտությունը[5]՝ չափազանցված ուշադրությունը նրան, որ հանկարծ մեկնումեկի զգացմունքները չվիրավորես, նույնպես, կարծես թե, այս հիմքից է գալիս:

Դա նաև հասարակություն է, որը հիմնված է ապագայի վրա. այն ռիսկային է, այն համաձայն է ռիսկի դիմել, որպեսզի հաջողության հասնել, և այն պրոյեկտներ[6] անելու վրա է հիմնված, այսինքն ավելի լավ է փորձել և տապալվել, և նորից փորձել, քան թե հապաղել և չփորձել՝ վախենալով, որ չի ստացվի, քանի որ քեզ «կքցեն»[7]: Այդ հասարակության անդամների գիտակցության մեջ ռիսկն ավելի հաճախ է հաջողության հասցնում, քան ցածր վստահության հասարակության անդամների գիտակցության մեջ. նրանք հենվում են իրենց նախորդ փորձին:

Իսկ ինչու՞ այդ համակարգը սկսեց թուլանալ: Գուցե գլոբալիզացիայի պատճառով, երբ ժամանեցին ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք այլ մշակույթի կրող են, և որոնք ավելի հակված են կանոնները խախտել, «նապաստակություն» անել: Մյուս կողմից՝ հենց իրենց հասարակության ներկայացուցիչները, ճամփորդելով աշխարհով, տեսան, թե որքան հաչող է երբեմն խարդախությունն աշխարհում, և իրենց գործերում էլ սկսեցին այդ պես վարվել... Մի կողմից, արդյունքը եղավ տնտեսական «փուչիկը», մյուս կողմից, դրանից հետո՝ պահպանողական արժեքների աճը. արժեքներ, որոնք ցածր վստահության դրսևորում են, ինչպես դեպի ապագան, այնպես էլ դեպի հասարակության այլ անդամներ:

Հիմա. եթե մենք Հայաստանում ունենք վստահության բացակայություն կամ շատ ցածր աստիճան, այս ինֆորմացիոն տարափը, բնականաբար, դժվար իրավիճակի մեջ է մարդկանց գցում: Եվ հատկապես մեծ, կարևոր նշանակություն է ձեռք բերում զտելը: Այսինքն պետք է տեղադրվի ինչ-որ մի զտիչ, որպեսզի դու ամբողջ ինֆորմացիան զտես և իմանաս, թե ինչպե՛ս կողմնորոշվես, ինչպե՛ս իմանաս, թե ինչ է կատարվում: Օրինակ, ինչպե՞ս իմանալ՝ ո՛ր բժիշկի մոտ գնալ, ինչպե՞ս իմանալ՝ ռազմաճակատում ի՞նչ վիճակ է, ինչպե՞ս իմանալ՝ ո՛ր սննդամթերքը գնել, ո՛ր խանութից, ո՛ր գնով, և այլն:

Հազար ու մի հարց, որ  ընդհանուր ինֆորմացիոն հոսքից դու ինքդ պիտի կարողանաս զտել ցածր վստահության հանգամանքներում: Այսինքն, դու չես կարող հույս ունենալ, որ ամեն սննդամթերքի խանութ մտնելու միայն 10 տոկոսի դեպքում է, որ դու կգնես վատ որակի կաթնամթերք: Շատ ավելի հավանական է, որ այդ տոկոսը լինի շատ ավելի մեծ:

Այդ պատճառով դու պիտի ապավինես որոշակի այն հաղորդագրություններին, որոնց վստահում ես: Որտեղից էլ դրանք գան՝ ընդհանուր հասարակության արժեքային համակարգից, կրթական համակարգից կամ սոցիալական ճնշումից, թե ընդհանուր ինֆորմացիոն հոսքից:

Իսկ ինչի՞ն է մարդ վստահում ընդհանրապես: Մարդ սովորաբար վստահում է մի քանի դեպքերում:

Առաջին դեպքը հասարակական հեղինակությունն է: Եթե ասում են, որ Հովհաննես Թումանյանն է ասել. «ապրեք էրեխեք, բայց մեզ պես չապրեք», դա, սովորաբար, ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան թե ասած լիներ անծանոթ մեկը, որ փորձեց ինչ-որ սրամիտ կամ խորիմաստ բան ասել:

Մյուս դեպքը, ավանդաբար, գիտությունն է, որը հանրային դիսկուրսում հաճախ փոխարինվում է տվյալներով և թվերով, իսկ երբեմն էլ գիտական կամ փսևդո-գիտական բանաձևերով:

Երրորդն այն է, ինչ մենք անվանում ենք evidence: Այսինքն «տեսանելին». քո աչքով տեսածը: Ակնառու փաստ: Անգլերեն սա շատ կարևոր բառ է, հայերեն դրա ճշգրիտ համապատասխանը, փաստորեն, չկա:

Չորրորդն անալոգիան[8] է (համանմանություն, զուգադրում, հանգունություն): Սա այն է, երբ նախորդ վարքը՝ քո կամ քեզ վստահելի անձանց, հաջողության հասցրեց, ուրեմն դու, վստահելով քո կամ կողքիններիդ նախորդ փորձին՝ նույն կերպ ես վարվում: Չնայած հասկանալի է, որ անալոգիան միայն մոտավոր նույնություն է, մոտավոր մոդելավորում է անցյալում արդեն եղած, ծանոթ իրադրության: Սակայն սա, իհարկե, խորապես առնչվում է նաև վարքի կանոններին. մոտավորապես նույն իրադրության մեջ փորձում ես նույն կանոնով գործել, ինչը նախորդ անգամ ճիշտ արդյունքի էր բերել: Այստեղ շատ կարևոր է կրկնության հանգամանքը: Ի վերջո, բնության օրենքները հիմնված են կրկնության վրա[9]: Կրկնությունը լավագույն հիմքն է՝ ապագան գուշակելու[10]: Դա պարգևում է կայունության զգացում: Կրնության վրա է հիմնված նաև պահպանողականության արժեքը: Սակայն եթե հանգամանքները փոխվեցին, իսկ դու շարունակում ես վարվել նույն կերպ, ինչ անցյալում էիր վարվում, այլ հանգամանքներում՝ բնականաբար հաջողության չես հասնի: Ե՛րբ վստահել կրկնության անփոփոխությանը, ե՛րբ փոխել վարքդ՝ դա, այդ որոշումներն են հիմքն ավելի հաջող կամ պակաս հաջող ադապտացվելու և աշխարհը հաջողությամբ փոխելու կամ դրան կուլ գնալու՝ մարդու գործունեության հնարավոր արդյունքի:

Եվ հինգերորդը վստահության ավանդույթն է, սովորությունը, այն, ինչը ես անվանում եմ «հորիզոնական վստահություն»: Այսինքն, եթե կա ինչ-որ մեկը, որին դու վստահում ես երկար տարիներ, կամ՝ ինչ-որ հաստատություն, ասենք՝ որևէ մեդիա, ապա հավանական է, որ կշարունակես նրան վստահել: Սրա տարբերությունը վերը նշածս հասարակական հեղինակությունից այն է, որ այս դեպքում այն սուբյեկտը, որին վստահում ես, գուցեև հասարակական վստահություն չի վայելում, չունի այդպիսի ռենոմե: Բայց քեզ համար՝ վստահելի է:

infofiltr

ՊԱՏԿԵՐ 1. Ինֆորմացիոն հոսքի զտիչը

Ինչպես տեսնում ենք, այս տարատեսակները հիմնականում միմյանց կապված են. գիտությունը հեղինակություն է, անալոգիան՝ փորձիդ հեղինակությունը, հորիզոնական վստահությունը՝ նույնպես: Այսինքն այս միջոցներին ավելի բարձր արժեք է հատկացվում, քան այլ միջոցներին՝ որոշում ընդունելիս: Ավելի բարդ է evidence-ի՝ ակնառուության արժեքը, որը կապված է գենետիկ հատկանիշների հետ, մարդու ունակության՝ տարբերակել «իրականը» «ոչ իրականից»: Մինչդեռ սա խաբուսիկ է, քանի որ պարզվում է, որ մարդու ուղեղն ամեն ինչ է տեսնում «էկրանի վրա», քանի որ աչքերն իր համար էկրան են, որի վրա «արտատպվում է» «իրականը»: Այդ իսկ պատճառով պատկերը կարող է թվալ իրական, այդ պատճառով է հաճախ մարդը հուզվում արվեստի գործերից, և գիտնականները համարում են, որ այդ պատճառով է, նաև, որ պոռնոգրաֆիան արթնեցնում է մարդու սեռական ցանկությունը:

Դիտարկենք գիտությունը։ Ինչու՞ է ժուռնալիստիկան շատ կարևոր այն առումով, որ ասի. ի՛նչ տեղի ունեցավ, ե՞րբ, ժամը քանիսի՞ն, ժամը քանիսի՞ն է դա զեկուցվել, ո՞վ, ի՞նչ էր անում, '՞վ է պատմում, և հայտնի ինչ-որ տվյալներ, թվեր և այլն. որպեսզի այս «տեսանելիությունը» մոտեցնի տվյալների ու թվերի միջոցով:

Շատ հաճախ նաև բանաձևեր են օգտագործվում, հաճախ՝ ծպտելով դատարկությունը, օրինակ, «աշխարհաքաղաքական» հոդվածներում: Օրինակ, ասում են. մաթեմատիկորեն հասկանալի է, երկու անգամ երկուսի պես պարզ է, որ, ասենք, Իրանը չեզոք է հայ-ադրբեջանական հակամարտությունում։ 

Այսպիսի ձևակերպումները իրական գիտություն չեն. կա իրական գիտություն, բայց իրական գիտությանն էլ վստահելու համար մարդ պիտի հատուկ սովորած լինի: Եթե մարդ սովորել է, որ աշխարհը յոթ օրվա մեջ է ստեղծվել, բնականաբար, նա դժվարությամբ կհավատա, նա գուցե անգամ տհաճություն զգա, իմանալով, որ գիտությունն ասում է, որ մարդը, ի վերջո, կապիկից է առաջացել: Եվ նա արդեն դժվարությամբ կհավատա նաև գիտության այլ դրույթներին: Մի անգամ էլ կգնա բժշկի, բժիշկը կասի՝ գիտությունը սա՛ է ասում, իսկ դա մարդուն չի օգնի... Դեղ կառնի, շատ թանկ կնստի ու չի օգնի... Դրանից հետո կգնա շամանի մոտ, և գուցե շամանը նրան օգնի: Եվ նա լիովին կհամոզվի, որ գիտությունը սուտ է:

Ուրեմն, գիտությանը հավատալը նույնպես որոշակի դժվարություն է իր մեջ պարունակում: Շատ ավելի հեշտ է՝ առանց գիտությանը հավատալու, առանց ռացիոնալ արգումենտին հավատալու հավատալ հեղինակությանը:

Բայց երբ մենք ասում ենք «վստահության պակաս», նախ և առաջ ի՞նչ նկատի ունենք. մենք ասում ենք, որ հեղինակությունն է խնդրառված Հայաստանում: Մեր այսօրվա հայաստանյան հասարակությունում հեղինակություններ չկան: Հեղինակություններն են ճոճվում. և՛ մեր ժամանակակից հեղինակությունները, և ՛ մեր հեղինակությունների հեղինակությունները: Եվ ամբողջ աշխարհում է սա տեղի ունենում:

Այսինքն, մենք բոլորս կուզենայինք, որ Շեքսպիրը լիներ աշխարհի ամենածանոթ եվրոպական անունը: Մենք ուրախանում ենք, երբ ասում ենք, որ Աստվածաշունչն աշխարհում ամենաշատը հրատարակված, ամենաշատ տպաքանակով երբևէ հրատարակված գիրքն է: Բայց պարզվում է, որ բոլորին հայտնի, Եվրոպայից ծնված ամենատարածված անունն աշխարհում Հիտլերն է, Ադոլֆ Հիտլերի անունն է: Դա առաջացնում է կոգնիտիվ դիսոնանս[11]. մենք հասկանում ենք, որ հեղինակությունների այն պանթեոնը, այն շարքը, որը մենք կուզենայինք, որ աշխարհում տիրապետեր, պարտադիր չէ, որ իրապես տիրապետի աշխարհում:

Նույն կերպ, երբ ասում են, որ երեխաները գիրք չեն կարդում, խաղեր են խաղում համակարգչային կամ «ամբողջ օրը համացանցում նստած են»: Նույն պատմությունն է: Այն հեղինակությունը, այն արժեքը, որ մենք դնում էինք գիրք կարդալու մեջ՝ խոտորված է: Եվ դա  միայն Հայաստանում չէ, այլև ողջ աշխարհում:

Իսկ Հայաստանում խոտորված է այդ թվում նաև կոռուպցիայի պատճառով, նաև կուսակցությունների անկարողության պատճառով, և մի շարք այլ պատճառներով:

Վերջապես՝ հորիզոնական վստահությունը: Այսինքն, եթե դու ինչ-որ մեկին վստահել ես, ապա հավանական է, որ նորից վստահես: Ցածր վստահության պայմաններում շատ կարևոր է հորիզոնական վստահության արժեքը չխախտել: Ուրեմն, ընկերությունը, մանկության ընկերությունը, ծնողների ընկերների երեխաները, կոլեգաները, որոնք  միմյանց հետ աշխատելու փորձ ունեն...

Ես մի անգամ գործուղման էի գնացել, որպես հասարակական ոլորտի ներկայացուցիչ, մի պետական ոլորտի ներկայացուցչի հետ: Նախապես հակված էի նրան չվստահել: Դժվար գործուղում էր: Մենք պիտի միջազգային հանրության հետ խոսեինք: Բայց գործուղման ընթացքում մենք հանպատրաստից միմյանց այնպե՛ս օգնեցինք, որ դրանից հետո դարձանք ընկերներ, և մինչև հիմա մեր համագործակցությունը, բարեկամությունը շարունակվում է: Դա արժեքավոր է: Ես դա որպես դրական արժեք եմ նշում ինձ համար, պահուստում եմ, և աշխատում եմ հոգապահուստի պես կուտակել նման հարաբերությունները: Որովհետև այսօրվա պետական գործիչների հետ (մինչև 2018-ը) այդպիսի հարաբերությունը հազվադեպ է:

Ուրեմն, կարևոր է կուտակել հարաբերություններ և ստեղծել հորիզոնական վստահության համակարգ: Լինեն դրանք անձեր, թե կազմակերպություններ, կարևոր է, որ  հորիզոնական վստահության հարաբերություններ լինեն:

Մյուս խնդիրը հետևյալն է. երբ շատ դժվար է իմանալ, թե գիտությունը ճի՞շտ է, թե՞ ոչ, երբ հեղինակությունները հարցականի տա՛կ են, երբ հատկապես քո աչքով չե՛ս կարող տեսնել, որովհետև բարդ հարց է՝ ուրեմն ի՞նչ պետք է անես: Եթե երկուսը միմյանց վստահում են, իսկ այդ երկուսից մեկը և մի երրորդ անձ նույնպես իրար վստահում են, բնականաբար, որպեսզի դու քո կյանքի ապահովությունն ավելացնես, դու պիտի աշխատես այն երկուսին, որոնք իրար չգիտեն, միմյանց հետ կապել:

Դա երբեմն ստացվում է, երբեմն էլ չի ստացվում: Ասենք, հայրս ուներ հինգ ընկեր, որոնք ողջ կյանքն ընկերություն էին անում: Երբ ես գնացի համալսարան, պարզվեց, որ այդ ընկերներից ոմանց երեխաները նույնպես համալսարանում են, իմ տարեկիցներն են: Ես առաջարկեցի, որ մենք ընկերանանք: Բայց դրանից քիչ բան ստացվեց: Ոմանք ընկերացան, ոմանք՝ ոչ: Արհեստականորեն միմյանց ընկերացնելը հաճախ չէ, որ աշխատում է:

Սակայն այն ժամանակ վստահության խնդիրն այդքան հստակ դրված չէր դեռ ինձ համար: Իսկ այսօր նույնիսկ նրանք, որոնց հետ ես չեմ էլ ընկերացել, պարզապես միմյանց ճանաչում ենք երկար ժամանակ՝ մենք գիտենք, որ հիմա ընգրկվում ենք մեկ ցանցի մեջ: Որովհետև հանրային վստահությունն այնքան է ցածրացել, որ պարզ է, որ եթե մեկին ճանաչում ես տասնյակ տարիներ և գիտես, որ այդ մարդը կեղտոտություն չի արել, քեզ լավ է տրամադրված, սերում է որոշակի ակունքներից, որոնց դու հակված ես վստահել՝ ավելի շուտ նրա հետ գործ կունենաս, քան մյուսի հետ:

Ուրեմն, սկսում է ստեղծվել, ձևավորվել վստահության  ցանց, որը շատ կարևոր է երկիրը ցածր վստահության այս ճգնաժամից դուրս բերելու համար: Բնականաբար, շատ կարևոր է չսխալվել: Հենց որ վստահությունդ չարդարացավ՝ իսկույն թուլանում են կապերը ցանցի ներսում: Ուրեմն, եթե միմյանց վստահել են մարդիկ, դա մեծ արժեք է:

Մյուս հանգամանքը. ես ունեմ մարդիկ, որոնցից խորհուրդ եմ հարցնում: Ընդ որում շատ կարևոր է իմանալ, որ ոչ մի խորհուրդ վերջնականապես որոշիչ չպիտի լինի որոշում ընդունելիս: Որոշում մարդ պիտի անհատապես ընդունի՝ իր ուղեղով, իր մտքով, սակայն խորհուրդ հարցնելու համար կողքդ մարդիկ ունենալը  շատ կարևոր է: Անգլերեն ասում են «sounding base»՝ հիմք, որից կարող ես արձագանք ստանալ: Դա ևս շատ կարևոր հանգամանք է: Ընդ որում, պիտի կրկնեմ, պետք չէ հիասթափվել, երբ որ տալիս են ո՛չ այն խորհուրդը, որը տալիս են քեզ, ո՛չ այնպիսին, որն անառարկելիորեն արժեքավոր է վերջնական որոշում ընդունելիս: Չէ որ նրանք չգիտեն բոլոր հանգամանքները մեծ մասամբ, և տալիս են խորհուրդ՝ անալոգիայից ելնելով: Միևնույն է դա օգուտ է. այդ խորհուրդն օգնելու է, որ դու ձևակերպես քո որոշումը:

Այս խնդրին կապված է մարդու սեփական գործունեությունը, նրա սեփական վարվեցողության սկզբունքներն այս իրադրության մեջ, ցածր վստահության պայմաններում: Իսկ դու՞ ինչ պիտի անես: Դու, բնականաբար, ցանցը պետք է կառուցես ինքդ քեզ համար, մասնակցես  ցանցի կառուցմանը: Բայց նաև դու ինքդ խոսող, մտածող, զգացող արարած ես: Ուրեմն ինչպե՞ս վարվել, լինի դա օնլայն տիրույթում, թե լինի դա սովորական ամենօրյա կյանքում:

Ես կասեի, որ այստեղ կա երեք իրադրություն, երբ խոսքը գնում է ոչ թե արարքների, այլ ասելիքների և կարծիքների մասին: Երբ մարդ մի բան է ասում, կարծիք է հայտնում, դա կարող է օգուտ լինել, կարող է վնաս լինել և կարող է աղմուկ լինել:

Եվ կա շատ պարզ վարվեցողության կանոն. մտածի՛ր՝ արդյոք քո ասելիքը օգու՞տ է լինելու, վնա՞ս, թե՞ աղմուկ: Եվ, իհարկե շատ կարևոր է, թե ու՛մ համար է, որովհետև կարող է մեկի համար օգուտ լինել, մյուսի համար՝ վնաս: Եթե օգուտ է, արդյոք նրանց համա՞ր է օգուտ, ում դու ուզում էիր, թե՞ գուցե ինչ-որ մի ուրիշի: Եթե աղմուկ է, կարելի է չասել, բնականաբար: Իհարկե, մենք հուզվող, զգացական արարածներ ենք, մենք ասում ենք՝ հաճախ աղմուկ ենք անում, հաճախ աղմուկը մեզ հանգստացնում է: Մենք ինքներս մեր սեփական փոքրիկ աղմուկ-փոթորիկն ենք ստեղծում, որպեսզի այս տարափին այդ ձևով դիմակայենք: Աղմուկը՝ որպես ֆիզիոլոգիական երևույթ, այդքան էլ բարդ բան չէ, որ, ասենք, «ճռվողում են» կանայք զրուցելիս, և ոչ միայն կանայք, տղամարդիկ էլ են հաճախ «ճռվողում»: Բայց ի վերջո, երբ այսպիսի ճգնաժամային իրադրություն է ստեղծվել, աղմուկն ի վերջո տենդենց ունի վնաս դառնալու: Կարող է վնաս դառնալ, կարող է խանգարել, գալ միավորվել ինֆորմացիոն տարափին և ավելացնել այն սթրեսը, որը մարդը զգում էր: Դրա համար արժի զտել, իսկ զտել, փաստորեն, ստիպված ենք վերը նշված միջոցներով:

Կա ևս մեկ խորհուրդ, որը էլի հարյուր տոկոսանոց չէ, քարի մեջ փորագրված չէ, իմ փորձից է գալիս: Ես կասեի՝ խուսափել խմբերին ավելորդ մասնակցությունից: Մի կողմից ասում եմ, մյուս կողմից զգուշանում, որովհետև, իհարկե, մարդ պիտի խմբերով ու թիմերով գործ անի, առաջնորդվի, շարժվի, բայց կա խմբերի մի քանի տեսակ: Եվ տեսակներից մեկն այն է, որն անվանում են ամբոխ: Դա անգիտակից խումբն է: Դա խումբն է, որը չի մտածում: Իմ նշած վստահության խումբը մտածում է: Եթե ստեղծվում է այդպիսի խումբ, ապա նրա վերևում կա մտածման ալիք: Այստեղ յուրաքանչյուրն իր անհատականությունը պահպանում է: Բայց կան խմբեր, որոնք այդպիսի մտածման մթնոլորտ իրենց վերևում չեն ստեղծում: Կարող են աղմուկի մթնոլորտ ստեղծել և կարծել, որ դա մտածման մթնոլորտ է, բայց դա մտածման մթնոլորտ չէ:

Ուրեմն, խուսափել խմբայնությունից, որովհետև խմբայնության մեջ անպայման ավելանում է հավանականությունը, որ քեզ կսկսի սոցիալական ճնշումը ճնշել, ինֆորմացիայի տարափը ճնշել, գուցե սուտ հեղինակությունը ճնշել: Սա իմ խորհուրդն է: Աշխատեք ցանկացած խումբ վերածել վստահության և մտածման խմբի: Փորձեք զտել, քան թե ենթարկվել ու մտնել խմբերի մեջ:

Բնականաբար, ես արդեն ասացի, որ եթե դու վստահում ես ինչ-որ մեկին, շատ կարևոր է, որ նա էլ քե՛զ վստահի, և որ ձեր վստահությունը պահպանվի: Դա սովորաբար ձևակերպում են «արժանապատվություն» բառի միջոցով: Մարդը պիտի արժանապատիվ լինի: Շատ հեշտ է արժանապատվությունը կորցնել, հատկապես մեր հասարակարգում: Բայց արժանապատվությունը շատ մեծ արժեք է, որը տրված է մեզ ի ծնե: Երբ երեխան ծնվում է, նա արժանապատիվ է: Նա բարոյական ոչ մի սխալ արարք, ոչ մի քրեական արարք չի կատարել: Ուրեմն, պետք է սեփական արժանապատվությունը բարձր պահել:

Երբ մարդ սեփական արժանապատվությունը բարձր է պահում, և տարիներ են անցնում, նրան հաճախ սկսում են անվանել «հասարակության սյուն»: Հասարակությունն այդպիսի սյուների վրա է հիմնված: Մենք այսօր գտնում ենք և՛ մեր նախորդ ժամանակների մեծամեծներին, և՛ ոչ այնքան հայտնի մեծամեծներին, բայց, ասենք, պաշտոնական անձանց, որոնք Խորհրդային Միության պայմաններում, Խորհրդային Հայաստանի պայմաններում արժանապատվություն էին պահպանում: Մենք ասում ենք՝ դրանք հասարակության սյուներն էին, որոնց վրա հիմնված էր այն ամբողջ լավը, որը տեղի էր ունենում հասարակությունում: Ասենք՝ Պարույր Սևակ, Մինաս Ավետիսյան, բայց միևնույն ժամանակ, ասենք, Գրիգոր Հասրաթյան՝ Երևան քաղաքի քաղաքապետը, նաև Ֆադեյ Սարգսյան՝ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն եղած ժամանակ, Մերգելյան, Հենրիկ Իգիթյան, նաև շատ ու շատ այլ անուններ, որոնք, լինելով խորհրդային հասարակարգի գործիչներ, միևնույն  ժամանակ հստակ օգուտ էին բերում: Դա կարող էր լինել գիտնական, հասարակական գործիչ: Տարբեր ասպարեզներում նրանք օգուտ էին բերում հասարակությանը, և մենք հիմա նրանց հենվելով ենք այն ժամանակները նկարագրում:

Շատ կարևոր է մտածել երիտասարդ տարիքից, թե ո՛վ է լինելու, ու՛մ եմ ես իմ երեխաներին, թոռներին ասելու, որ «մեր ժամանակ դրանք էին հենասյուները»: Եկեք հարց տանք ինքներս մեզ: Այս վերջին քսան տարվա անկախ Հայաստանի ընթացքում ովքե՞ր են այն «հենասյուները», որոնց մենք քսան, քառասուն տարի հետո հղելու ենք:

Հանրային դիսկուրսի հարձակման նկատմամբ շատ բնական ռեակցիան  դավադրությունների տեսության ծնունդն է՝ կոնսպիրոլոգիայի ծաղկումը[12]: Ինչու՞ է դա տեղի ունենում:

Նախ, այն դեպքում, եթե գիտությանը չես վստահում, կամ գիտական հստակ պատճառահետևանքային կապ չկա իրադարձությունների մեջ:

Երկրորդը, եթե քո մոտիկ հեղինակությունները, քո հենասյուները, որոնց դու քո աչքով տեսնում, հավատում, վստահում ես՝ ճոճվում են կամ ընդհանրապես բացակայում:

Երրորդը, եթե դու վատ կրթություն ես ստացել, եթե կրթական համակարգն այդքան էլ հաջող չէ, և քեզ շատ բան չեն սովորեցրել, և այլն: Դու ինքդ քեզ չես հավատում, որ՝ դու գործիչ ես այս կյանքում: Հետևաբար՝ դու չես հավատում, որ քո շրջապատն է գործիչ այս կյանքում, և քեզ շատ ավելի հարմար է թվում կարծել, որ գործիչ ինչ-որ մեկ այլ գաղտնի ուժ է, որի մասին մենք շատ բան չգիտենք, բայց նա՛ է կազմակերպում ամեն ինչ:

Շատ հայտնի դասական օրինակ՝ երբ որ Օստապ Բենդերի մասին պատմության՝ «Ոսկե Ցլիկի» այդ «պիկեյե ժիլետների» խմբավորումը, որոնք Սուխումիում թե Օդեսայում ծովափին սուրճ էին խմում, զրուցում էր քաղաքականությունից: «Ես մատս Բրիանի բերանը չէի դնի», ասենք, ասում էր այդ «պիկեյե ժիլետներից» մեկը: Ինչպես ասում են հեղինակները՝ Իլֆն ու Պետրովը, նրա մտքով բացարձակապես չէր անցնում, որ, երևի թե, Բրիանը չէր էլ թույլ տա, որ նա իր հաստ մատը՝ սևաերիզ եղունգով, փորձի նրա բերանը մտցնել:

Ուրեմն,  դավադրությունների տեսությունը շատ ուժեղ կապված է աղմուկի հետ: Կարելի է դեն նետել դիսկուրսի այն ամբողջ մասը, որը կազմված է դավադրությունների տեսության մեթոդով ասվածներից, չի ասում, թե ո՛վ իրականում, ինչպե՛ս, ի՛նչ և այլն, հիմնված չէ ռացիոնալ մտածողության՝ գիտության և հստակ, ակնառու փաստի՝ evidence-ի, տեսնվելիք, տեսնվող, տեսնված իրականության վրա, և հորիզոնական վստահության վրա էլ հիմնված չէ: Պարզապես կրելի է դեն նետել: И я толпу мету как сор, «Եվ ես ավլում եմ ամբոխը, ինչպես աղբ», ասում է Դանիիլ Խարմսը:

Հաճախ հաճելի է որպես զվարճալի ժամանց կարդալ, թե ի՛նչ մտածեց Օբաման, երբ Պուտինի հետ միասին որոշեց, որ Ալիևին ասի, որ հայկական հողերը հանձնեն... Կարելի է դրա պատճառով շատ հուզվել: Այդ ամբողջ դիսկուրսն իրականում զուտ աղմուկ է, այն կարելի է լրիվ դեն նետել: Կա գիտական մոտեցում, որը կոչվում է «Օքամի ածելի»[13]: Օքամն անգլիացի միջնադարյան փիլիսոփա էր, որն ասում էր, որ այն ամենը, ինչի հստակ ապացույցը կամ տեսանելիությունը չունես՝ դե՛ն նետիր, հաշվի մի՛ առ, դրանով մի՛ զբաղվիր, դրա վրա ժամանակ մի՛ կորցրու:

Ի վերջո այս ամենը մարդուն դարձնում է ավելի իշխելի: Ինֆորմացիոն տարափը բթացնում է, աղմուկի հետ միավորված կրթական համակարգն էլ, եթե վատն է, ապա սխալ բաներ է սովորեցնում: Սոցիալական ճնշումը պահանջում է, որ ենթարկվեն: Արդյունքն այն է, որ մարդն ավելի իշխելի է դառնում: Եթե նա սկսում է հավատալ դավադրությունների տեսությանը՝ կոնսպիրոլոգիային, ապա նա դառնում է շատ հեշտ իշխելի: Քանի որ զգում է, որ ինքն անձամբ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունի:

Այդ պատճառով՝ զգուշացե՛ք կոնսպիրոլոգիայից: Եթե հիմք ունեք կասկածելու, որ ինչ-որ կոնսպիրոլոգիական հարց կա՝ դիմե՛ք ձեր վստահության պլատֆորմին: Տեսե՛ք, նրա՞նք ինչ կասեն: Իհարկե, մեզ մոտ կոնսպիրոլոգիան ունի պատմություն. այն սերմանվում էր Խորհրդային Միության տարիների շնորհիվ: Որովհետև մարդուն որքան ապաիշխանավորում են (to disempower), այնքան նա ավելի հակված է դեպի բացատրությունների՝ կոնսպիրոլոգիական տարբերակները: Որքանով որ ինքը որոշում չի կայացնում, այնքան նրան ավելի է թվում, որ ինչ-որ այլ ուժեր են որոշումներ կայացնում: Մինչդեռ որոշում կայացնողը մնում է ինքը, պարզապես չի գիտակցում: Նրա որոշում չկայացնելը դառնում է այն որոշումը, որը կայացավ, որի պատճառով աշխարհը դառնում է այնպիսին, ինչպիսին կա:

Մենք տարիներ շարունակ, սերնդեսերունդ դաստիարակվել ենք մի քիչ կոնսպիրոլոգիական ոգով: Մեր նախնիները, մեր հայրերը, պապերը, մայրերը, տատերը մի քիչ այն, օսմանյան և ստալինյան ժամանակներից սկսած՝ կոնսպիրոլոգիական ոճով են դաստիարակվել, որպեսզի հանկարծ չհամարձակվեն ապստամբել: Ստալինի հենց թեկուզ կերպարը, որ այսօր ունենք, որպես առասպելական ինչ-որ մի չարիք, պատուհաս, ահեղ դատաստան բայց և փրկող, եթե խնդրանքդ նրան հասավ՝ նույնպես այդ կոնսպիրոլոգիայի արդյունքներից մեկն է: Կարծեմ Դովլաթովն է ասել. «Լավ, հասկացանք՝ Ստալինը գազան էր, իսկ ովքե՞ր էին այն մարդիկ, ովքեր գրում էին այդ տասնյակ հազարավոր մատնագրերը»: Այսինքն, մարդիկ իրենք էին ստեղծում այդ իրադրությունը, այդ հասարակությունը, իսկ հետո՝ վերագրեցին միայն Ստալինին, կամ հենց միաժամանակ էլ վերագրում էին Ստալինին: Քանի որ դա ավելի հեշտ է, դա ինքնարդարացում է, և դա թույլ է տալիս և՛ լուծելսեփական պատասխանատվության հարցը, և՛ պահպանել անցյալի վերաբերյալ այն պատկերացումը, որ եթե այդ մի խոշոր բացասական հանգամանքը չլիներ՝ ապա մնացյալ ամենը կարգին և նորմալ էր լինելու:

Որքան ավելի իշխանությունն անարդար է, այնքան նրան ավելի շահավետ է մարդկանց «կոնսպիրոլոգ»՝ «դավադրագետ» դարձնել, որովհետև արդյունքում կստացվեն ապաիշխանավորված մարդիկ: Եվ որքան ավելի մարդը պինդ է և հասկացող, այնքան ավելի քիչ է նա կոնսպիրոլոգիայի թովչանքին ենթարկվում: Գիտեք, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ շատ-շատ էր այդ կոնսպիրոլոգիական խոսակցությունը. ռուսներն են կռվում այս կողմից, այն կողմից, օգնում են այս կողմին, այն կողմին: Ի վերջո ովքե՞ր փրկեցին իրադրությունը: Ովքե՞ր են այդ մարդիկ: «Ֆիդայի» ենք մենք անվանում: Դրանք առանձին միմյանց վստահող «հասարակության սյուներն» էին: Ուրիշ բան, որ նրանցից շատերի հետ ես շատ հարցերում չէի համաձայնի, որովհետև շատ հարցերում իրենք էլ կոնսպիրոլոգ էին, բայց նրանք գիտեին, որ իրենցից բացի ուրիշ մեկը չկա, ոչ մի Ռուսաստան, Իրան, չգիտեմ, էս, էն: Մե՛նք ենք:

Կոնսպիրոլոգիայի դեմ պայքարելու լավագույն ձևերից մեկը թափանցիկությունն է: Եթե ասում են ՝ այսինչ կողմը, այսինչ դավադրությունն ինչ-որ բան է անում, հարց ես տալիս. ու՞ր է փաստը, ու՞ր է տեսանելիքը, ու՞ր է գիտական ապացույցը, ցու՛յց տվեք: Եթե չկա՝ քննարկելն իմաստ չունի: Ոքամի ածելին եկավ: Դա շատ հեշտ է և խնայողական:

Եվ քո կյանքում էլ՝ և՛ արժանապատվության համար, և՛ վստահության ցանցի մեջ մտնելու համար շատ կարևոր է թափանցիկությունը: Ինչքան քիչ բան թաքցնես, այնքան լավ: Այսօր ամբողջ այդ Wikileaks-ությունը, այդ «Պանամայի թղթերը»[14], այդ ամենն ինչի՞ մասին է. որ աշխարհը հասել է զարգացման այն մակարդակին, երբ թափանցիկությունը տեխնոլոգիայի շնորհիվ դառնում է գերիշխող: Անհնար է ինչ-որ բան թաքցնել: Հետևաբար մարդ պիտի նաև հանդուրժող՝ տոլեռանտ դառնա, որովհետև մարդիկ շատ հաճախ չեն ուզում, որ իրենց անձնական կյանքը բոլորի աչքի առաջ երևա, բայց եթե ինչ-որ պահ երևում է՝ այդ տեսնողը պիտի հանգիստ վերաբերվի դրան: Մյուս կողմից, բոլորս պիտի սովորենք, որ մենք ապրում ենք թափանցիկ աշխարհում, և դրա դեմ պայքարելն անիմաստ է, թեև անձնական կյանքի գաղտնիքը պիտի պահպանվի, որքան հնարավոր է:

Եվ ո՞վ է ուզում, որ թափանցիկություն չլինի. էլի անարդար իշխող ուժը: Անարդար իշխող ուժն է սերմանում գաղտնիություն: Ոչ մի թաքցնելու բան չկա: Մենք ենք, մեր սարերը: Ոչ մի բանից, ոչ մեկից, ոչ մի տեղից  ոչ մի գաղտնիք չկա:

Եթե ինչ-որ անհայտ լուր եք ստացել, հարցրեցիք, ասացիք «տվեք ապացույց»՝ չեղավ, հարցրեցիք խորհուրդ ձեր պլատֆորմից՝ չեկավ համոզիչ պատասխան, նրանք էլ չգիտեն... Ինչպե՞ս վարվել այդ իրադրությունում:

Դու ունես քո պատկերացումների համակարգված մասը: Այնտեղ բոլոր պատկերացումներդ իրար փոխկապակցված են, բոլոր հարաբերությունները: Սա քո աշխարհն է, որը համակարգված է, ռացիոնալիզացված է: Դու գիտես՝ ինչպե՛ս տուն գնալ, փողոցը՝ այսպիսին է, հազիվ թե մի բան պատահի, չնայած երբեմն կարող է փլուզում լինել: Դա էլ է քեզ մոտ համակարգված: Ավտոծատացված կերպով՝ սովոր միջավայրում դու գիտես, ինչպես նաև խուսափել հնարավոր վտանգներից: Քո ուղեղը, գուցեև դա քեզ համար անհայտ է, սակայն նախապես համակարգել է այն բոլոր անսպասելիությունները, որոնք, իր կարծիքով, կարող են պատահել:

Բայց անսպասելիությունները շատ ավելի շատ են, քան քո ուղեղի ենթագիտակցական մասը հաշվի է առել:

Այստեղ ավարտվում է համակարգված մասն ու սկսում է անհամակարգված մասը, որը գալիս է, հիմնականում, նույն ինֆորմացիայի տարափից: Նորանոր ազդակներ են գալիս, և  այդ ազդակներից  մեկն այն է, ինչի պատասխանը դու չգիտես. վստահե՞ս, չվստահե՞ս, ի՞նչ անես: Ի՞նչ է անում մարդը, որը ձև է փնտրում այս իրավիճակը հաղթահարելու. նա այդ ինֆորմացիան «կախում է»: Նա դրա վերաբերյալ ոչ մի հետևություն չի անում: Նա «կախում է» այդ ինֆորմացիայի կտորները «օդում» կամ «անօդ տարածության մեջ»՝ իր համակարգից դուրս: Նա միանգամից չի շտապում այն մտցնել իր համակարգի մեջ, այսինքն հավաստիություն հաղորդել կամ այն հերքել, սակայն նաև՝ չի մոռանում ու դեն նետում այդ լուրը: Նա պահում է: Գիտեք, օրինակ, Ֆերմայի թեորեմը չորս դար «կախված» էր: Մարդիկ փորձում էին լուծել՝ չէին կարողանում. չէին կարողանում մաթեմատիկայի այն համակարգի մեջ մտցնել, որն արդեն կար. «ետ էին տանում», հետաձգում նրա վերաբերյալ կարծիք կազմելը, և այն «կախված» մնում էր: Մինչև՝ վերջերս. եկավ մի մաթեմատիկոս և լուծեց այդ թեորեմը:

Ուրեմն՝ եթե չգիտես պատասխանը, եթե ոչ մի հիմք չունես ո՛չ հերքելու ամբողջությամբ, ո՛չ վստահելու՝ պիտի կարողանաս ուղեղումդ, հիշողությանդ մեջ այդպես, մոնադի[15] պես «կախած» պահել: Պահ կգա, երբ պարզ կդառնա: Կա՛մ այդ ինֆորմացիան պետք է և իմաստ ունի և, ուրեմն, այն կկապվի մնացած գիտելիքիդ հետ, քո համակարգի մեջ կընդգրկվի, կա՛մ հակառակը՝ պարզվեց, որ պետք չէր, իմաստ չունի, և այն կարելի է դուրս մղել և մոռանալ դրա մասին, կամ՝ հետևություններ անել, թե ո՛վ էր դա ասում, և ըստ դրա որոշել՝ արդյոք կարելի՞ է նրան վստահել, թե՞ ոչ:

Հարցեր

1. Ի՞նչ է հանրային դիսկուրսը և ի՞նչ ալիք(ներ)ով է այն տարածվում:

2. Ի՞նչ կառուցվածքային միավորներից է բաղկացած դիսկուրսը, բաղադրիչներ, որ շատ իմաստներով ձևավորում են մեզ:

3. Ո՞ր դեպքերում է մարդը վստահում:

4. Ի՞նչ է «sounding base»-ը:

5. Ի՞նչ է ամբոխը:

6. Ինչո՞ւ է ծաղկում կոնսպիրոլոգիան:

7. Ո՞րն է կոնսպիրոլոգիայի դեմ պայքարի լավագույն միջոցը:

 

[3] Տե՛ս այստեղ. https://en.wikipedia.org/wiki/Free-rider_problem

«Նապաստակի» մասին տե՛ս նաև այստեղ. «Դատողություններ էլեկտրական Երևանի ետևից». https://www.gtergab.com/hy/news/media/thinking-aloud-about-electric-yerevan/100/

[4] Տե՛ս դա նկարագրված այստեղ. «Посредине нигде». https://gtergab.com/ru/news/prose/in-the-middle-of-nowhere/73/

[5] Քաղաքական կոռեկտության մասին տե՛ս այստեղ. https://en.wikipedia.org/wiki/Political_correctness

Տե՛ս նաև քննարկված այստեղ. https://www.youtube.com/watch?v=0DL93TcwvvM&fbclid=IwAR1lKh-FoTLpsoKTgvFLr2E9IrSTBCAHG-mVddd2XnPOV1gi7_4bAnmHPHU

[6] Տե՛ս պրոյեկտային պարադիգմի մասին այստեղ. Ծրագրերի կառավարում (Jam Session 43, 45). Մաս 1. https://epfarmenia.am/hy/video/GTG-project-management-part-1, տեքստային տարբերակ. https://epfarmenia.am/sites/default/files/inline-files/Project_Management_Part_1_GTG_July25_2018_final.pdf. Մաս 2-3. https://epfarmenia.am/hy/video/GTG-project-management-part-2-3, տեքստային տարբերակ. https://epfarmenia.am/sites/default/files/inline-files/Project_Management_Part_2_3_GTG_March_14_2019.pdf

[7] Տե՛ս դա քննարկված այստեղ. Ֆասիլիտացիա (Jam Session 44). https://epfarmenia.am/hy/video/GTG-facilitation, տեքստային տարբերակ. https://epfarmenia.am/sites/default/files/inline-files/CTS_Facilitation_GTG_July_21_2018_March_7_2019.pdf

Տե՛ս նաև այստեղ. Արմենիա 3.0. հասկանալ 20-րդ դարի Հայաստանը, էջ 118 (անգլերեն), 2019. https://epfarmenia.am/document/Armenia-3-0-Understanding-20th-Century-Armenia

[9] Տե՛ս այստեղ կրկնության և օրենքի մասին. https://www.gtergab.com/ru/news/essay/what-is-rationality/95/

[10] Տե՛ս այստեղ այդ մասին. «Будущее, борьба за». https://www.gtergab.com/ru/news/essay/the-future-the-fight-for/111/

[15] Տե՛ս այստեղ. https://en.wikipedia.org/wiki/Monad