Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն. հաղորդում 14

22.11.2017

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերին» օժանդակելու գործով մեղադրվող Կարո Եղնուկյանի գործն իրավական համակարգում կամայական որոշումների աստղաբույլ է: Շուրջ մեկ ու կես տարի կալանքի տակ պահվող Եղնուկյանին, ըստ էության, անգամ պարզ չէ, թե ինչի համար են իրեն մեղադրում: Ըստ պաշտպան Տիգրան Հայրապետյանի, Եղնուկյանի հանդեպ ոչ միայն կալանքի որոշումն է անհիմն, այլև հարուցված քրեական գործը, որով չկան կամ չեն ներկայացվում ապացույցներ ու վկաներ: Ներկայացված ապացույցներն էլ առնվազն կասկածի տակ են դնում գործի քրեական լինելը: «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը փաստաբան Տիգրան Հայրապետյանը ներկայացնում է Կարո Եղնուկյանի գործի մանրամասները:

- Այս պրոցեսի մեջ՝ «Սասնա Ծռերի» գործը եւ հարակից գործերը, այդ թվում՝ Կարո Եղնուկյանի, ի սկզբանե կանխատեսելի էր, որ քաղաքական է, ու որ տարբեր փուլերում մենք շատ խնդիրներ ենք տեսնելու: Ես ըստ էության ուսումնասիրեցի Կարո Եղնուկյանի գործը եւ տեսա, թե որքան իրավունքների խախտումներ կան, կամայական որոշումներ մի կառույցի կողմից (խոսքս դատական համակարգի մասին է), որը, ըստ էության, պետք է այդ իրավունքների, օրենքի կիրառողը լիներ: Մենք այստեղ պրն. Հայրապետյանի հետ ըստ կետերի առանձնացրինք, թե որ փուլում ինչ կամայական որոշումներ են արձակվել ու ինչ իրավունքներ են խախտվել: Սկսենք ամենասկզբից՝ կալանքից: Ինձ միշտ զարմացրել է, որ համատարած կալանքը որպես խափանման միջոց է ընտրվում, եւ, ըստ էության, դա անմեղության կանխավարկածի ոտնահարում է: Այս մասով ի՞նչ խնդիր կա ընդհանրապես ու Կարո Եղնուկյանի գործով՝ մասնավորապես:

- Մեր դատարանները կալանքը կիրառում են՝ հիմնականում բավարարելով քննիչների, դատախազների բերած միջնորդությունները, եւ որպես կանոն, անգամ վիճակագրական տվյալներ կան, որ կալանքի միջնորդությունների ավելի քան 95 տոկոսը բավարարվում է: Մենք ունենք բազմաթիվ այնպիսի գործեր, որտեղ առավելագույն պատիժը մեկ տարի է. նման դեպքերում օրենքը գրեթե բացառում է կալանքի կիրառումը, բայց կիրառում են: Կալանք կիրառելու նախապայմաններից մեկն էլ այն է, որ ինչ հանցագործության մեջ առերեւույթ մեղադրվում ես, առավելագույն պատիժը պետք է մեկ տարուց ավելի լինի: Քրեական օրենսգրքում կան շատ պատիժներ, որտեղ մեկ տարի է նախատեսում, բայց անգամ այդ դեպքերում քննիչները դիմում են կալանք կիրառելու միջնորդությամբ: Ինձ թվում է՝ կալանք չի կիրառվում 2-3 տոկոսի դեպքում, երբ կին է,  երեխա, անչափահաս, կամ չնչին արարքով է մեղադրվում, եւ որեւէ նյութ չկա կալանավորելու: Մնացած դեպքերում կալանքը համատարած կիրառվում է, եւ մենք այստեղ շատ լուրջ խնդիր ունենք: Նախ չի կիրառվում Քրեական դատավարության օրենսգիրքը, որովհետեւ դրանում գրված է. «Դատարանը, կալանքն ընտրելով խափանման միջոց, անդրադառնում է գրավի կիրառման հարցին», այսինքն՝ ցանկացած կալանքի դեպքում դատարանն ավտոմատ պետք է քննի նաեւ գրավի հարցը եւ որոշի, թե ինչ չափի գրավի դիմաց մեղադրյալը կարող է ազատվել կալանքից: Մեր դեպքերում չկա այդպիսի բան: 7-8 տարի առաջ, կարծեմ Ավանի դատարանում քննիչը ակնհայտ անհեթեթ, անհիմն մեղադրանքով դիմել էր կալանքի, դատավորներից մեկը՝ Սամվել անունով (ազգանունը չեմ հիշում), կալանք էր կիրառել այն  դեպքում, երբ 100 տոկոսով չպետք է կիրառվեր. մի քանի օր հետո գործը կարճվել էր: Կալանքից հետո գրավ էր կիրառվել, եւ դատախազը չէր առարկել: Այստեղ դատավորն իրավունք էլ չունի կալանք կիրառելու, եթե դատախազը չի առարկում գրավի դեմ: Դատավորին մեկ շաբաթվա ընթացքում  աշխատանքից ազատեցին: Այդ ժամանակ փաստաբանները գործադուլ արեցին. սա նշանակում էր, որ դա վերջն էր, եւ այդպես էլ եղավ: Մենք ասացինք, որ դատավորն իրավասու չէ. եթե նա կալանք կիրառեր, ապա ակնհայտ անօրինական դատական ակտ կկայացներ, որը քրեորեն պատժելի արարք է, եւ դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի: Չլսեցին, դատավորին հեռացրին: Սա «մեսիջ» էր, որ բոլոր դատավորները պետք է ուղիղ ենթակայության տակ լինեն ինչ-որ մեկից՝ նախագահականից, Վճռաբեկ դատարանից, գլխավոր դատախազից կամ նախագահին մոտ գտնվող անձից:

- Փաստորեն դրանից հետո դատավորները չեն համարձակվում.....

- Իմ դիտարկմամբ՝ այո. քանի դեռ թույլտվություն չկա, կալանքը գրավով չի փոխարինվի:

- Դուք, փաստորեն, Կարո Եղնուկյանի դեպքում էլ կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն եք ներկայացրել:

- Ինչ վերաբերում է Եղնուկյանին, ես ուզում եմ մի փոքր առաջ ընկնելով ասել, որ Եղնուկյանը նաեւ ԱՄՆ քաղաքացի է: Սկզբում քննչական մարմինը նրա նկատմամբ զգուշավոր էր: Հաջորդ օրը Եղնուկյանը հարցազրույց տվեց լրատվամիջոցներին, եւ նրան միանգամից բերման եթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին, առգրավեցին մոտը եղած իրերը, հեռախոսները, ու տպավորություն ստեղծվեց, որ նրան պետք է ձերբակալեն: 5 ժամ պահելուց հետո որոշումը փոխվեց, եւ նրան  թույլատրեցին գնալ տուն: Հաջորդ օրը նա կրկին հարցազրույց տվեց արդեն «Սիվիլնեթ»-ին անգլերեն եւ հայերեն: Եղնուկյանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց բռնության ճանապարհով ինչ-որ բան փոխելու փորձը՝ չնայած շատերն իր գործընկերներն էին, համախոհները, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ: Նա ասաց, որ լիարժեք հասկանում է, թե ինչ է կատարվում, կարծում է, որ նրանք այլ ճանապարհ չեն ունեցել, բայց ինքը չի ընդունում բռնության ճանապարհով ինչ-որ բան փոխելու մոտեցումը: «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցից հետո, երբ Եղնուկյանը հասավ տուն, ԱԱԾ 10-ից ավելի աշխատակիցներ միանգամից խուզարկություններ կատարեցին նրա բնակարաններում, երեք ավտոմեքենաներում, ավտոտնակում եւ կալանավորեցին նրան: Երբ մենք սպասում էինք, թե նրան ինչում պետք է մեղադրեն, ամենատարօրինակն այն է, որ Եղնուկյանի մեղադրանքի մեջ չկար այնպիսի նկարագրություն, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքին: Անձին չի կարելի մեղադրանք առաջադրել, եթե նրա գործողությունները չի համապատասխանում ՔՕ ինչ-որ հոդվածի: Եղնուկյանին ասում էին, որ նա օժանդակել է «Սասնա Ծռերի»-ին, որպեսզի նրանք պահեն ոստիկան պատանդներին եւ զավթած շենք-շինությունները: Եւ որպես օժանդակության գործողություններ՝ նարագրվում էր հետեւյալը. Կարո Եղնուկյանն ապատեղեկատվություն է տարածել, որ իրավապահների տրամադրած սննդից թունավորվել  են «Սասնա Ծռերի»-ի մի քանի տղաներ: Նախ ասեմ, որ այդ տեղեկատվությունը Եղնուկյանը չէր տարածել, եւ հետո՝ դա ապատեղեկատվություն չէր. իրականում նրանք կերել էին ՊՊԾ գնդում եղած հին պահածոները եւ թունավորվել էին: Եղնուկյանն ուղղակի հեռախոսով խոսել էր իր կնոջ հետ, ասել, որ թունավորումը համատարած չէ՝ մեկ հոգի է թունավորվել: Կինն առաջարկել էր հրապարակել այդ տեղեկությունը, սակայն Եղնուկյանը չէր համաձայնել, ասել էր, որ իրենք դա կօգտագործեն նրանց հաց տանելու թույլտվություն ստանալու համար: Քննչական մարմինը սա դիտել էր ապատեղեկատվության տարածում, եւ սրա համար  նրան սպառնում էր 25 տարվա ազատազրկում: Մյուս դեպքով ասվում էր, որ նա տեղեկություն է տարածել, որ տեխնիկան շարժվում է գնդի ուղղությամբ՝ գրոհ կատարելու համար, եւ տեղեկությունը հրապարակելու  արդյունքում գրոհը խափանվել է: Այստեղ բազմաթիվ հարցեր կան. նախ, արդյո՞ք տեղեկատվություն հրապարակելու համար անձը պետք է 25 տարով ազատազրկվի: Մեր պետությունը բազմաթիվ միջազգային պայմանագրեր է վավերացրել, որոնց համաձայն տեղեկության տարածմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. անձն ազատ է հրապարակել ցանկացած տիպի տեղեկություն ցանկացած տեղեկատվության միջոցով: Երկրորդ՝ ինչպե՞ս կարող էր այս տեղեկատվության հրապարակումն ազդել, որ իրավապահները չգրոհեին. ամենավառ երեւակայությամբ անգամ հնարավոր չէ սա պատկերացնել: Հաջորդ մեղադրանքը. Կարո Եղնուկյանը նպաստել է, որպեսզի հավաքի մասնակիցները Ազատության հրապարակից տեղափոխվեն գնդի տարածք: Հարցնում էինք՝ այդ ինչպե՞ս է նպաստել, կամ ենթադրենք, թե քաղաքացիներն Ազատության հրապարակում չեն հավաքվում, այլ՝ գնդի, ի՞նչ քրեորեն պատժելի արարք է. չէ՞ որ Հայաստանում հավաք կազմակերպելը նույնպես ազատ է: Քաղաքապետը պետք է որոշում կայացնի՝ թույլատրել կամ արգելել հավաքների կազմակերպումն այս կամ այն վայրում.  այդպիսի որոշում չի եղել: Քաղաքապետն առաջին 17 օրերին նման որոշում չի կայացրել, չնայած տրամաբանական կլիներ, եթե կայացներ:

-Երկրում այդ ժամանակ արտակարգ դրություն հայտարարված չէր, հետեւաբար՝ գործում էր այն ամենն, ինչ օրենքում գրված էր: Հիմա էլ՝  մեկ ու կես տարի անց, Ձեզ մեղադրանքը պարզ չէ:

-Շատ կարճ ժամանակ անց մեղադրանքը փոխվեց, հասկացան, որ անհեթեթ է: Հետո մեղադրանքն ավելի խճճվեց: Նախկինում ասում էին, որ Կարո Եղնուկյանը տեղեկություն է հրապարակել, հիմա ասում են հետեւյալը. Կարո Եղնուկյանը նպաստել է, որպեսզի մի երրորդ անձ այդ տեղեկությունը հրապարակի Ազատության հրապարակում, որովհետեւ Եղնուկյանն իր տանից դուրս չի եկել, եւ դա կարող են ապացուցել թե՛ իր հեռախոսային խոսակցություններով, թե՛ այլ միջոցներով: Փաստորեն չորս ամիս մեղադրում էին, որ նա է այդ տեղեկությունը հրապարակել, հետո այդ անհեթեթությունը փոխեցին, թե՝ նա նպաստել է այլ անձի կողմից տեղեկությունը հրապարակելուն: Չպարզվեց, այդ անձը տեղեկություն հրապարակել է, թե՝ ոչ, բայց գրված է անունը՝ Մաքսիմ Սարգսյանը տեղեկություն է հրապարակել: Երբ վերջինիս կանչել են, ասել է, որ ինքը չի հրապարակել. չի հաստատվել: Նրան անգամ վարչական պատասխանատվության չեն ենթարկել տեղեկություն հրապարակելու համար: Բայց Կարո Եղնուկյանը, որ չգիտենք, չեն ասում թե ինչպես, բայց նպաստել է, Մաքսիմ Սարգսյանը հայտարարել է, Մաքսիմ Սարգսյանին ողջունել են, պարգեւատրել են, Կարո Եղնուկյանին մեղադրանք են առաջադրել՝ 25 տարվա ազատազրկում: Կամ մյուս դրվագը. ասում են Կարո Եղնուկյանը ապահովել է Ազատության հրապարակից քաղաքացիների տեղափոխումը գնդի տարածք: Չորս ամիս ասում էին նպաստել է, չորս ամիս հետո՝ ապահովել է: Խնդրում ենք, հարցնում ենք՝ ի՞նչ է արել, որ ապահովել է. փո՞ղ է տվել, մեքենանե՞ր է վարձել, մարդի՞կ է ուղարկել, բարձրախոսով խնդրել-հորդորե՞լ է: Մինչեւ օրս պատասխան չկա: Այնինչ մեր օրենսդրությունն ասում է, որ մեղադրանք առաջադրելիս պետք է մեղադրանքի բնույթն ու հիմքերը բացատրեն: Եղնուկյանը հուլիսի 22-ին ցուցմունք տվեց, բայց քանի որ մեղադրանքի բնույթն ու հիմքերը մեզ պարզ չեն, անգամ մանրամասն նշեցինք, թե ինչը պարզ չէ, քննիչը որեւէ ձեւով  չբացատրեց: Քննիչին 3-4 գրավոր միջնորդություն ուղարկեցինք՝ չպատասխանեց, ուղարկեցինք դատախազին՝ չպատասխանեց: Բողոքարկեցինք Առաջին ատյանի դատարան՝ մերժեց, ասեց, որ նորմալ է, որեւէ խնդիր չկա: Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը եւ նշեց,  որ դատարանը խառնել է մեղադրանքի բնույթի ու հիմքերի պարզաբանման մեր պահանջը, քննիչն ու դատախազը չէին հասկացել  ինչի մասին է խոսքը: Բավարարելուց հետո գործը գնաց Առաջին ատյանի դատարան. նորից նույն որոշումը կայացվեց, բայց այս անգամ այլ հիմքով մերժեց, պատճառաբանեց, որ չի կարող այլեւս քննել այդ գործը, քանի որ այն արդեն գտնվում է դատարանում: Գնացինք դատարան և դատավորին խնդրեցինք ասել, թե ինչի՞ մեջ ենք մեղադրվում: Եթե անձը չգիտի, թե ինչի համար է մեղադրվում, ինչպե՞ս կարող է պաշտպանվել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ չգիտեր, հանգստացրեց, ասեց՝ սպասեք, մի քանի շաբաթ հետո, երբ դատախազը պետք է մեղադրանքը ներկայացնի, կհարցնենք ու կպարզենք, թե ինչի մեջ եք մեղադրվում:

- Այսինքն տարի ու կես մարդը կալանավորված է ու մինչեւ հիմա չգիտի ինչի համար: Դուք էլ, ըստ էության, չեք կարողանում Ձեր գործառույթն իրականացնել:

- Այո, աննկարագրելի դեպք է: 12 տարվա իմ դատական պրակտիկայում նման բան չեմ տեսել, նաեւ գործընկերներիս եմ հարցրել՝ չի եղել նման բան: Մինչդեռ սա այնքան կարեւոր իրավունք է, որ Եվրոպական կոնվենցիայում երկու հոդված կա սրա վերաբերյալ՝ 5-րդ եւ 6-րդ: 5-րդ հոդվածն ասում է՝ երբ անձին ձերբակալում են, գոնե բանավոր պետք է բացատրեն, թե ինչում է մեղադրվում, իսկ արդեն մեղադրանք առաջադրելիս մանրամասն պիտի ներկայացնեն եւ նյութեր տան, որպեսզի դատարանը քննի: Մենք հարցնում ենք, թե ի՞նչ նյութ կա տեղեկատվության տարածման կամ մարդկանց տեղափոխման հետ կապված՝ նյութ չկա:

- Ես ճի՞շտ եմ հասկացել, որ միջնորդություններ չքննելը մի տեսակ պրակտիկա է դարձել, որովհետեւ առաջին անգամը չէ, որ լսում եմ:

- Այո, փաստորեն: Այսպիսի բազմաթիվ միջնորդություններից հետո դիմեցինք դատարան, որ գլխավոր դատախազն իր պարտականությունները չի կատարում: Քննիչն ասում է, որ մեր միջնորդությունը անհիմն է, բայց չի հիմնավորում: Մենք նշում ենք բազմաթիվ կետեր, չարչարվում, գրում ենք, քննիչը մեկ նախադասությամբ ասում է՝ անհիմն է: Բողոքում  ենք դատախազին, ասում է՝ քննիչն արդեն պատճառաբանել է: Ասում ենք՝ ցույց տվեք, ցույց չի տալիս: Դիմեցինք դատարան.  երկար ստուգեց, ջայլամի քաղաքականությամբ ասեց, որ բողոքը մերժել են: Անցավ որոշ ժամանակ, Եղնուկյանն արդեն կալանավորված էր: Կրկին դիմեցինք գլխավոր դատախազին՝  խափանման  միջոցը փոխելու համար, որովհետեւ բազմաթիվ պատգամավորներ երաշխավորել էին՝  կամ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ, կամ անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու: Օրենքը պահանջում է երկու մարդու ստորագրություն, եթե այդ մարդիկ հայտնի են, իսկ եթե չափազանց հայտնի են՝ բավարար է մեկինը: Գրեթե բոլորը չափազանց հայտնի մարդիկ են եղել. 7 պատգամավոր, բոլոր ընդդիմադիր պատգամավորներն ստորագրել էին՝  Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Արամ Մանուկյան, ՄԻ պաշտպաններ՝ Լարիսա Ալավերդյան, Կարեն Անդրեասյան, իրավապաշտպաններ Արթուր Սաքունց, Իշխանյան, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ՝ օլիմպիական չեմպիոն, դերասան, երգիչներ, կոմպոզիտորներ, բիզնեսմեններ, արտասահմանյան երկու շատ հայտնի կազմակերպություններ, որից մեկը՝ Ամերիկյան հայ իրավաբանների ընկերակցությունը, ովքեր դատապարտում էին եւ ասում, որ Կարո Եղնուկյանի պես անձը չի կարող այսպիսի անհեթեթ մեղադրանքով կալանավորված լինել: Այդ իրավաբաններն իրենք էին ուսումնասիրել մեր օրենսդրությունը եւ ասում էին, որ անգամ ամենավառ երեւակայության դեպքում այստեղ չկա մեղադրանք: Եվ նշել էին՝ վստահ ենք, որ շուտով դա կվերացվի: Նունիսկ ԱՄՆ դեսպանը մի քանի անգամ խոսեց այս դեպքերի մասին, անգամ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց, թե իրենց համար հասկանալի չէ ՊՊԾ գունդ չմտած, բայց օժանդակության համար մեղադրվող մարդկանց  նկատմամբ ամենախիստ խափանման միջոց կիրառելը, երբ դեռ այդքան էլ պարզ չէ, թե ինչ են կատարել, հիմնավոր չէ: Միեւնույն է, ոչինչ չի փոխվում: Դատախազը մերժեց գրավի վճարման պահանջը, նորից գնացինք Առաջին ատյանի դատարան՝ մերժեց, գնացինք Վերաքննիչ դատարան՝ բավարարեց. աննախադեպ որոշում էր, որովհետեւ գրել էր. «Պարտավորեցնել գլխավոր դատախազին՝ վերացնելու Եղնուկյանի իրավունքների խախտումը»: Գլխավոր դատախազը, եթե մերժում էր, գոնե պետք է հիմնավորեր: Պատգամավորներն ու մյուս հայտնի մարդիկ գումար են վճարում, երաշխավորում են Կարո Եղնուկյանի պատշաճ վարքագիծը, մյուս դեպքում Կարո Եղնուկյանն էր առաջարկել 1 մլն դոլար գրավ:         Մեղադրանքներում չկա որեւէ հանցավոր արարք, որեւէ մեկը Եղնուկյանի դեմ ցուցմունք չէր տվել, ո՛չ վկա, ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող: Այսինքն չկա գործում որեւէ ապացույց, ցուցմունք տվող անձ: Ասում են՝ Եղնուկյանը դուրս կգա, գործի նյութերը կվնասի: Հարցնում ենք՝ ո՞ր նյութերը, հեռախոսային խոսակցության ձայնագրությունը ձեզ մոտ է: -Կազդի վկաների վրա: Ասում ենք՝ չկա իր դեմ ցուցմունք տված վկա: -Մեղադրյալների հետ կհանդիպի: Բայց ոչ  մի մեղադրյալ իր դեմ ցուցմունք չի տվել: Բնականաբար դիմել ենք ԵԴ, արդեն շատ բողոքներ գնացել են: Երեւի 40-ից ավել դատարաններ եւ 3 ատյաններ ենք դիմել, 120 դատական ակտ ունենք: Այսօր Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարան բողոք եմ գրում. Առաջին ատյանի դատարանն անհիմն մերժել է ավարտական միջնորդությունները, 22 տարբեր միջնորդություն ենք արել, 23-րդն էլ ինքն իր հերթին ունի 20-ից ավելի կետեր: Եվ քննիչն էլի մեկ նախադասությամբ գրել էր, որ անհիմն է: Գնացինք Առաջին ատյանի դատարան, քննիչն ասեց՝ չեմ քննում, որովհետեւ գործը գտնվում է դատարանում, ապացուցեցինք, որ ինքը պարտավոր է քննել: Վերաքննիչ դատարանն ասեց, որ մեր բողոքը հիմնավոր է, պետք է քննել, ինչ-որ գրել էինք՝ արտագրեց, ասեց՝ այո, բայց վերջում գրեց՝  բողոքը համարել անհիմն ու մերժել: Չենք կարողանում հասկանալ, եթե դու մեր բողոքի հիմքերն ու հիմնավորումները համարել ես հիմնավոր եւ գտել, որ Առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել, ինչո՞ւ պետք է մեր բողոքը մերժես: Այսպիսի անհասկանալի, անհեթեթ շատ որոշումներ են եղել, բայց ամենակարեւոր իրավունքներից մեկն էլ հետեւյալն էր, որ Կարո Եղնուկյանը պահանջում էր, որ իր գործից մասն անջատվի: Եղնուկյանին մեղադրում են մի ենթադրյալ հանցագործության կատարման մեջ, որը որեւէ մեկի հետ կապ չունի: Նա ընդամենը 1-2 րոպե խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ, 1-2 րոպե էլ՝ Արամ Հակոբյանի: Եղնուկյանին ասում են, որ նա օժանդակել է ոստիկան պատանդներին պահելու: Նախ ասեմ, որ ոստիկան պատանդներին բաց են թողել, եւ Վարուժան Ավետիսյանին չեն մեղադրում ոստիկան պատանդներ պահելու մեջ: Ինքը խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ, ասում են՝ օժանդակել ես պահել ոստիկան պատանդներին: Վարուժան Ավետիսյանին այդ մեղադրանքը չեն առաջադրել, Եղնուկյանին առաջադրել են: Ասում են՝ օժանդակել ես, որպեսզի շենք-շինություները զավթած պահեն: Վարուժան Ավետիսյանին այդ մեղադրանքը չեն առաջադրել, որովհետեւ նա հանձնել է շենք-շինությունները, Եղնուկյանին մեղադրում են: Հիմա մենք ասում ենք, որ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը եթե անգամ հիմնավոր է, ամեն ինչ ճիշտ է, որեւէ մեկի հետ չի առնչվում. ընդամենը 1-2 րոպե խոսել է Վարուժան Ավետիսյանի եւ Արամ Հակոբյանի, նաեւ՝ իր կնոջ հետ: Այլ անձ ցուցմունք չի տվել, եւ իր կինն է հրաժարվել ցուցմունք տալուց, եւ Վարուժան Ավետիսյանը, եւ Արամ Հակոբյանը: Որպեսզի դատարանը որոշի՝ Եղնուկյանը մեղավոր է, թե՝ ոչ, երկու գործողություն պետք է կատարի. պետք է նայի՝ Կարո Եղնուկյանի արարքում հեռախոսային խոսակցություններից բացի եղե՞լ է որեւէ գործողություն, թե՝ ոչ: Ես կարող եմ հեռախոսով խոսել ինչ ցանկանամ, դա չի նշանակում, որ ես հանցագործություն եմ կատարում: Եթե դու ինձ ասես՝ կարո՞ղ ես գնալ գողության, կասեմ՝ այո, կարող եմ գնալ, բայց որեւէ  քայլ չանեմ: Այստեղ հանցագործություն չկա, ես ձեզ խաբել եմ. քանի որ ձեզ շատ է պետք, որ ես գողություն անեմ, ես դա հասկացել եմ եւ չեմ ուզել ձեզ նեղացնել, կամ էլ սխալ եմ հասկացել եւ ասել եմ՝ այո: Այսինքն դատարանը պետք է նայի, թե Կարո Եղնուկյանը հեռախոսով խոսելուց բացի մեկ ուրիշ գործողություն կատարե՞լ է, թե՝ ոչ: Ենթադրենք նպաստել է, ինչպես իրենք են ասում, քաղաքացիներին փող է տվել՝ Ազատության հրապարակից տաքսիներով գնդի տարածք գնալու համար: Ենթադրենք՝ կատարել է, դա հանցագործությո՞ւն է, թե՝ չէ: Դատավորը սա երկու դատական նիստով կավարտեր, մինչդեռ Կարո Եղնուկյանին սկզբում բերեցին 14 մեղադրյալների մասով, ընդ որում այդտեղ կար նաեւ մահվան ելքով, սպանության մեղադրանքներ, հարյուրավոր եզրակացություններ, նաեւ՝ զենքերի հետ կապված: Եղնուկյանն ընդհանրապես կապ չունի, բայց ամեն անգամ պետք է տանեին-բերեին դատական նիստերի դահլիճ. սա համարվում  է անմարդկային վերաբերմունք: Եղնուկյանը բռնության դեմ է եւ պետք է լսեր, թե ինչպես է բռնություն կիրառել՝ մահվան ելքով: Մենք ամեն անգամ դատական նիստերին տեսնում ենք, որ ինքը չի կարողանում  այս անարդարությունը տանել, եւ հիմա շատ լուրջ, ծանր խնդիր ունի: Եղնուկյանը 59 տարեկան է, ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական կողմի տատեր-պապերը, ե՛ւ հայրը մահացել են ուղեղի կաթված(ինսուլտ)-ից կամ ինֆարկտից, այսինքն, նա հակում ունի այդպիսի ժառանգական հիվանդությունների: Նա կատարելապես առողջ է, չունի արյան զարկերակային ճնշման կամ սրտի հետ կապված որեւէ խնդիր: Դատավորն առանց հիմնավորելու, բանավոր մերժեց այս գործից մաս անջատելու կամ կալանքը գրավով փոխելու մեր բազմաթիվ միջնորդությունները՝ կրկին մեկ նախադասությամբ: Ու ստացվեց, որ Կարո Եղնուկյանը, ըստ էության, հիմա դատապարտված է, այսինքն, առնվազն 4-5 տարի կալանավորված վիճակում պետք է գնա-գա դատական նիստերի: Արդեն խախտվում է անմեղության կանխավարկածը, որովհետեւ որեւէ լուրջ հանցագործության մեջ չի էլ մեղադրվում, բացի դրանից, նա արդեն պատիժ է կրում: Այս անարդարությունն ու անզորությունը նրա մոտ հուզմունք առաջացրեց, եւ զարկերակային ճնշումը կտրուկ բարձրացավ: Երբ դատավորն այս երկու միջնորդություններն ակնհայտ անհիմն մերժեց, Եղնուկյանը վատացավ եւ հայտարարեց, որ դուրս է գալիս. ուժ չգործադրեցին, եւ նա դուրս եկավ նիստերի դահլիճից: Շտապ բժշկական օգնություն հրավիրեցին, պարզվեց, որ զարկերակային ճնշումը 120/80-ից միանգամից բարձրացել էր 180, դեղեր նշանակեցին, գնաց մեկուսարան, մի քանի ժամից ճնշումը կարգավորվեց: Երկրորդ դատական նիստին ճնշումը բարձրացավ 220/120, եւ այդ տատանումը շատ վտանգավոր է: Օրինակ, կալանավայրում կա մեկը, ում ճնշումը  միշտ 240 է, եւ դա վտանգավոր չէ, որովհետեւ նրա օրգանիզմը, երակները դիմանում են այդ ճնշմանը: Չորս սրտաբան են այցելել եւ չորսն  էլ ասել են, որ կյանքին վտանգ է սպառնում, ամեն պահ  կարող է ուղեղի կաթված կամ ինֆարկտ ստանալ: Եղնուկյանն ինքն էլ ասում է, որ ամեն անգամ դատարանի դահլիճ մտնելիս, երբ տեսնում է դատավորին կամ դատախազին, անկախ իրենից, մանրամասն հիշում է բոլոր 120 դատական վեճերը:

Ինքն էլ փաստաբան է, իրավաբան, Վճռաբեկ դատարանի բոլոր նախադեպային որոշումներն ինքն էր տանում-բերում, դատարանում փորձում էր արդարության հասնել, վկայակոչում էր Վճռաբեկ դատարանի որոշումներն ու Եվրոպական կոնվենցիայի կետերը, անգամ ուսումնասիրել էր քաղբանտարկյալների Եվրոպայի խորհրդի բանաձեւը: Համատարած այս մերժումներից հետո ասեց, որ չի դիմանում, եւ ցանկացած պահի, երբ բերում են դատարան, վտանգ է սպառնում իր կյանքին: Մի ճանապարհ կա, որ ինքը գա, հայհոյի դատարանին, դատարանը դա ընդունի որպես անհարգալից վերաբերմունք եւ դատական սանկցիա կիրառի Եղնուկյանի նկատմամբ, որպեսզի նրան հեռացնեն նիստերի դահլիճից: Հիմա մենք ունենք կյանքի-մահու կռիվ. սրտաբանները գրել են, որ սա էպիզոդիկ հիպերտոնիա է, որ առաջանում է խիստ հուզմունքից՝ դատական նիստերի ժամանակ: Այսինքն, նրան հակացուցված է դատական նիստերին մասնակցելը: Բժիշկները բարձր դոզայով դեղեր նշանակեցին նիստերից առաջ խմելու համար, բայց դա էլ չօգնեց. ճնշումը 120-ից դարձել էր 220 սրտի աշխատանքը 70-ից՝ 146: Առողջ մարդուն, ով սրտի, ճնշման  խնդիր չունի,  դեղեր են տալիս այն դեպքերում, երբ ճնշումը 120/80 է: Ամեն օր խմում է այդ դեղերը, վերջում էլ ներարկում էին կատարել, եւ արյան ճնշումն այնքան էր իջել, որ բավականին վատ էր զգացել: Մեկ ուրիշ անգամ էլ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, 3-4 ժամ մնաց այնտեղ: Մի խոսքով, մենք այս պահին ելք չենք տեսնում: Դիմել ենք բոլոր հարց որոշող, լուծող պետական պաշտոնյաներին, որպեսզի որեւէ միջոց ձեռնարկեն՝ Եղնուկյանին դատական նիստերի դահլիճ չտեղափոխելու համար. թեկուզ մնա խցում կալանավորված վիճակում, որովհետեւ նիստերին մասնակցելը նրա համար կարող է ողբերգական ավարտ ունենալ: Եթե այդպիսի բան լինի,  ամբողջ պատասխանատվությունն ընկնում է թե՛ դատավորի, թե՛ դատախազի, թե՛ ՔԿ վարչության, թե՛ ՄԻՊ-ի եւ մյուս պաշտոնյաների վրա, ում մենք դիմել ենք:

- Եկեք պայմանավորվենք, որ մենք թեման բաց ենք թողնում, որովհետեւ շատ բան կա ասելու, շատ կետերի մասին չհասցրեցինք խոսել եթերաժամանակի սղության պատճառով, բայց որոնց անդրադառնալու կարիք կա: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, նաեւ առողջություն մաղթենք Կարո Եղնուկյանին: Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Ես հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել էի փաստաբան Տիգրան Հայրապետյանին,  ով հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպանը: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք: