«Անտանիք ճակատագրեր»

30.05.2017

Կարինե Հովսեփյանի ընտանիքը 9 տարի է՝ ապրում է Նազարբեկյան 48 շենքում, որը վերելակ չունի։ 8-րդ հարկում գտնվող  բնակարան հասնելն այս կնոջ համար  դարձել է փորձություն։

«Նստում եմ, բարձրանում եմ չորեքթաթ, եթե երեխան հետս է լինում։ Ես ոտքից հաշմանդամություն ունեմ, ամուսնուս աչքն է կույր, մյուս աչքի տեսողությունն  էլ 50% է իջել։ Հիմա ինձ ստիպեն էլ չեմ կարող երեխային բարձրացնել, գրիժա ունեմ»,- ասում է Կարինեն։

Ամուսիները  առողջական խնդիրները կարգավորելու հույս չունեն։ Նրանք հիվանդանոցում սպասված այցելուներից չեն։ Մի քանի անգամ այցելելուց հետո արդեն չեն գնում։

«Ճիշտ է՝ ասում են հաշմանդամություն ունեք, անվճար է, բայց դե էս երկրի օրենքները գիտեք, անվճար երբեք ոչինչ չեն անում։ Ոչ էլ գնում ենք բժշկի, ոչ ես, ոչ ամուսինս, դե ճանապարհածախսը մտածում ենք հաց կառնենք երեխան կուտի։ Էդ հարյուր դրամն էլ հաշվարկած է»,- ասում է Կարինեն։

Աշխատող ուժ չունեցող 5 հոգանոց ընտանիքը կանգնած է  օրվա հաց գտնելու խնդրի առաջ։ Հաշմանդամություն ունեցող  ամուսիների առանց այն էլ դժվար կյանքը թեթևացնելու համար երեխաների խնամքն իր վրա է վերցրել ընտանիքի ամենատարեց անդամը։ Տիկին Անահիտն էլ երկար ժամանակ չի աշխատում՝ ձեռքի վնասվածք ստանալու պատճառով։

«Ամեն առավոտյան արթնանում եմ, նայում եմ երեխաներիս, մտածում եմ, թե ինչ պիտի օրվա մեջ եփեմ, որ  էդ երեխեքը ուտեն»,- ասում է Կարինեի սկեսուրը՝ Անահիտը։

Բնակարանային անմխիթար պայմաններն նրանց ուղեկիցն են մոտ  10 տարի։ Սկզբից ապրել են 2-րդ հարկում, հետո  բնակարանը տրամադրվել է ուրիշին,  իսկ իրենք մնացել են դրսում։ Ամիսներ շարունակ անտուն մնալուց հետո, ի վերջո,  եկել են այստեղ՝ 8-րդ հարկ։ Անահիտը տան վիճակն է ներկայացնում։

«Արդեն աշուն է, մտածում ենք, թե ինչ անենք, շիֆերները լրիվ կոտրված են տանիքում, այստեղից  մի անգամ է թույլ անձրև եկել, դեռ չի էլ չորացել։ Գիշերը չենք իմանում՝ ոնց ձայնի տակ քնենք, կարծես թե երաժշտական դպրոց լինի, երկաթները շարժվում են, խշշում է, ճռռում է, կրիշում թույլ են պանելները»։

Օգնության ակնկալիքով նույնիսկ նամակ է գրել Սերժ Սարգսյանին, սակայն նախագահականից խորհուրդ են տվել դիմել թաղապետարան։ Խնդիրն այստեղ էլ վերջնական լուծում չի ստացել, նույնիսկ տարօրինակ հարց են տվել։

«Եթե հնարավորություն չունես ինչի՞ ես բերում։ Ապագա զինվոր եմ բերել Հայաստանը պաշտպանող և ազգը բազմացնող հայուհի, առողջ բալիկներ, որոնք հերթով հիվանդանում են: Մեր կառավարությունը, մեր պետությունը գիտի մեր ընտանիքի մասին, բայց ինձ օգնում են հասարակ, ինձ նման մարդիկ, ու պետությունն ինձ երեսով է տալիս՝ Ձեզ օգնել են…»։

Նազարբեկյան 48 հասցեն հայտնի է աղքատների շենք անունով։ Նույն շենքի 9-րդ հարկում է բնակվում նաև 53-ամյա Մելանյա Կուրղինյանի ընտանիքը, որը մինչ այս պատսպարվում էր վագոն տնակում։ Նրա հետ այստեղ աղջիկն ու երեք թոռներն են։

«Մենակ տուն եմ ուզում, երեխեքս արդեն մեծանում են, ամաչում են, տունը մարդ է գալիս ազդվում են, բայց ի վիճակի չեմ սարքելու ոչ մի ձևի»,- ասում է կինը։

Եվ չնայած չորս երեխա ունի, նրանցից օգնություն ստանալու հույս չունի.

«էն մի երեխես վարձով է ապրում, հնարավորություն չունի, ոչ կարողանում է վարձ տալ, ոչ կարողանում է սնունդը հասցնել, չգիտեմ…»

Աղքատությունն  իր մասին հիշեցնում է այս շենքի  գրեթե բոլոր անկյուններում։

Հայկուհի Սմբատյանն էլ ապաստանել է ոչ մի կերպ բնակարան չհիշեցնող մի տարածքում։ 31-ամյա կինն այս պայմաններում մեծացնում է 2 տարեկան որդուն՝ Էմանուելին։ Բնակարանի տարածքն ստացել է հորից, սակայն բնակելի է միայն մի հատվածը։

«Ամուսնալուծվեցի, հետ եկա հայրական տուն, քանի որ սա է հայրական տունս, այստեղ եմ ապրում։ Ես եկա տանիք, այստեղ բաց էր, դուռ ու լուսամուտ չկար, մենակ էս առաստաղը կար։ Ես որոշեցի դուռ ու լուսամուտ դնել ու ինձ համար մի փոքր սենյակում յոլա կգնամ»,- ասում է Հայկուհին։

Կինը միայնակ է հաղթահարել նորածին երեխային պահելու դժվարությունները.

 «Սառույցի վրով քայլել, գնացել եմ աշխատանքի խմորեղենի արտադրամաս։ Երեխան ծնվեց քառասունքի մեջ, տանում էի գիշերային հերթափոխի՝ խմորեղենի արտադրամաս աշխատանքի։ Ես չունեի տանը ամուսին կամ եղբայր, հայր, որ ինձ բերեին անհրաժեշտ պարագաներ»։

Հարազատների օգնող ձեռք չունենալը մայր ու որդի  հետո էլ են զգացել։ Երեխային կերակրելու անհնարինության պատճառով Հայկուհին նրան հանրային ճաշարան է տարել։

«Երեխաս 4 ամսականից  տատիկ-պապիկների ճաշով է մեծացել։ Ես ընդհանրապես դա էլ չեմ կարողացել ուտել։ Երեխան, երբ բրոնխիտով հիվանդացավ, ես չկարողացա շարունակել աշխատել։ Հարազատներս ոչ մի բանով չեն կարողանում օգնել, իրենք էլ անմխիթար են ապրում»,- պատմում է նա։

Հայկուհին չի էլ մտածում թեկուզ վարձով, բայց  բարեկարգ բնակարան տեղափոխվելու մասին։ Ստացած փողով հազիվ հաց է գնում, դեղեր՝ երեխային։ Ապրելու պայմանները Էմանուելի վատառողջության պատճառ են դարձել։

«Բրոնխիտով ընկանք հիվանդանոց, բարուր էր դեռ՝ երեք ամսական, բրոնխիտով պառկեցինք։ Մինչև յոթ տարեկանը հիվանդությունը կպահպանվի, իրեն չի կարելի էս պայմանները՝ ոչ փոշի, ոչ ձմեռվա ծուխ, այստեղ ձմեռը հավասարազոր է փողոցում ապրելուն։ Մի վայրկյան անգամ եթե վառարանը հանգչում է, ոնց որ դուրսը կանգնած լինես»,- ներկայացնում է կինը։

Իսկ փոքրիկ Էմանուելն ի տարբերություն իր հասակակիցների, չի խաղում Երևանի որևէ բարեկարգ խաղահրապարակում։ Նրա ժամանցն այստեղ է՝ կանաչ ծածկոցի վրա։ «Ադեալը փռում եմ ներսում, որպեսզի ինքը հանկարծ չշարժվի, ադեալից դուրս չգա, ամբողջ շուրջբոլորը բաց է։ Երկու տարեկան երեխա է, վազում է»։

Հայկուհու բնակարանից տեսարան է բացվում առանձնատներով մի թաղամաս, ինքը դա հարուստների թաղ է անվանում։ Երբ ուզում է մոռանալ իրավիճակի մասին, գալիս է այն հատվածը, որտեղ ննջարանը պիտի լիներ։

«Մարդիկ կան առանձնանում են, որ մենակ մնան, իսկ ես միշտ մենակ եմ…։ Ես չեմ հավատում, ինչի՞ն հավատամ, եթե պետական մարմինները չեն կարողանում տասնյակ տարիներ էս խնդիրը լուծեն, ո՞նց կարող է ինչ-որ հրաշք լինի»,- հավելում է Հայկուհի Սմբատյանը։

Նշենք, որ Նազարբեկյան 48 շենքը իր անմխիթար վիճակով եւ ճարահատյալ այստեղ բնակվողներով հայտնի է ամբողջ Երեւանում։ Շենքը սկսել է կառուցվել դեռևս խորհրդային տարիներին, բայց բազմաբնակարանի վերջին հարկի ու տանիքի կառուցումը մնացել են անավարտ:  Սակայն բնակիչները հաստատվել են այստեղ, քանի որ բնակվելու այլ տեղ չեն ունեցել։