Հակամարտության կարգավորո՞ւմ, թե՞ տրանսֆորմացիա (Jam Session 5)

22.07.2016

«Քաղաքացիական հասարակության խաղաղարարը աշխատում է ոչ թե ժամանակավոր բռնի ուժով ստեղծված խաղաղության կնքման համար, այլ համապարփակ խաղաղության զարգացման համար։ Համապարփակ խաղաղությունը բավական բարդ հասկացություն է, բայց կարելի է պատկերացնել, թե ինչ նկատի ունեն։ Նկատի ունեն այն, որ ցանկացած ասպարեզում, ցանկացած մասնագետ՝ բժիշկը, նկարիչը, ուսուցիչը, բանվորը, պետական գործիչը, ցանկացած նախարարության մեջ աշխատող, տեղական ինքնակառավարման մեջ աշխատողը, գյուղացին, ճամփորդը, երիտասարդը, ով ուզում է լինի, բոլորը կարող են իրենց գործունեության մեջ անել մի բան, որը ավելացնում է խաղաղությունը կամ խաղաղության հնարավորությունը կամ հակառակը։»

«Կարգավորո՞ւմ, թե՞ տրանսֆորմացիա։ Երկուսն էլ անհրաժեշտ են։ Երբ որ կարգավորում ենք ասում, ես ավելի կարճաժամկետ եմ հասկանում, իսկ տրանսֆորմացիան ավելի երկարատև պրոցես է, արդյունք չի։ Խաղարարությունը նաև արժեքներ է բերում իր հետ, մշտապես այդ կառույցները ունենալու համար, այսինքն նոր արժեքներ է բերում իր հետ, լիբերալ արժեքներ է բերում իր հետ, դեմոկրատիկ արժեքներ է բերում իր հետ։» 

«Կարգավորումը տրանսֆորմացիայից տարբերվում  է նրանով, որ տրանսֆորմացիան ենթադրում է նաև աշխատանք սեփական հասարակություններում, որովհետև կարգավորումը կարող է լինել շատ մեխանիկական մի հարց՝ դրսից պարտադրված ինչ-որ մի լուծում, ժամանավոր։ Բայց եթե չկա երկու կամ երեք կամ կոնֆլիկտային հասարակությունների մեջ աշխատանք և չկա ներքին տրանսֆորմացիա, դա երկարատև լինել չի կարող։» 

«Տրանսֆորմացիան ենթադրում է խաղաղություն, պարտադիր չէ, որ լինի վերջին կետը կամ առաջին կետը, դա կարող է լինի միջանկյալ մի կետ, որից հետո էլի տրանսֆորմացիան շարունակվում է: Տրանսֆորմացիան շատ ավելի համապարփակ պրոցես է, որ ենթադրում է և՛ կարգավորում, և՛ բանակցություններ, և՛ ցանցերի ձևավորում, և՛ քաղաքացիական հասարակության ներգրավում որուշումների կայացմանը, և՛ գենդերային հարցերի դուրս հանմանը և դրանց արձագանքմանը, և՛ մի քայլ առաջ մտածելը, թե ինչ կարող է լինել, ինչ պոտենցիալ վտանգներ կամ կոնֆլիկտներ կարող է լինել և դրանց կանխելը։»