Տեղական Կառավարում (2002 - 2005)

Ծրագրի նպատակը`բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքն ու ապահովել նրանց թափանցիկ գործունեությունը:

Հայաստանում կա շուրջ 925 տեղական ինքնակառավարման մարմին: Յուրաքանչյուր բնակավայրին ընկնում է մեկ տեղական ինքնակառավարմաան մարմին: Համայնքները, որոնց սպասարկում են տեղական ինքնակառավարման մարմինները, չափազանց տարբերվում են բնակչությամբ, մեծությամբ, ռեսուրսներով եւ սոցիալ-տնտեսական պայմաններով: Ծառայություններ մատուցելը կամ նվազագույն սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ լուծելը շատ ավելի բարդ է սուղ ռեսուրսներ ունեցող փոքր համայնքներում: Յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ անցկացվող տեղակաան ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո անձնակազմի փոփոխությունը կարող է ազդել տեղական կառավարման արդյունավետության վրա:

Սկսած 2002 թ-ից` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ֆինանսավորել է ծրագրեր` համայնքապետարանները միմյանց կապելու նպատակով ցանցեր ստեղծելու համար: Համայքնապետարանի եւ համայնքի բնակիչների միջեւ տեղեկատվոթյան հոսքն ապահովելու միջոցով այդ ցանցերը ներկայումս բարելավում են համայնքապետարանների գործունեության թափանցիկությունը: Դրանք համայնքապետարանների աշխատակիցների կարողությունները զարգացնելու եւ ծառայությունները համատեղ մատուցելու հնարավորություններ են ընձեռում:

Թափանցիկ գործունեություն

2002 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Հայաստանում ստեղծեց ցանց, որը միավորում է 10 համայնքապետարաններում գործող տեղեկատվական-վերլուծական կենտրոնները: Բոլոր կենտրոններն աջակցում են համայնքապետարանների աշխատանքների արդյունավետությանը` բնակիչներին տրամադրելով տեղեկություններ համայնքապետարանների գործունեության, ծառայությունների և ծախսերի վերաբերյալ: Հիմնադրամի աջակցությամբ “Տեղեկատվական համակարգերի զարգացման և ուսուցման կենտրոնը” 10 համայնքներում ստեղծել ու տեղադրել է հատուկ համակարգչային ծրագիր, որը հնարավորություն է տալիս իրականացնել համայնքապետարանների փաստաթղթավորման աշխատանքները: Կենտրոնը նաև մշակել է օնլայն համակարգ, որի միջոցով համայնքապետարանները հաղորդակցվում են համայնքի բնակիչների հետ: Համակարգը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում հասու լինել բյուջեների ու ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությանը, ստանալ տեղական ինքնակառավարման գործունեության վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը բևեռել համայնքին վերաբերող հիմնախնդիրների վրա:

Համագործակցություն

2005 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աջակցել է ընդհանուր առմամբ 84 համայնքապետարաններին` ստեղծելով 10 միջհամայնքային ցանց: Յուրաքանչյուր ցանց ավելի մեծ համայնքներին կապում է սուղ միջոցներ ունեցող ավելի փոքր համայնքների հետ: Այդ ցանցերի միջոցով համայնքապետարանները կարող են տեղեկություններ փոխանակել, համատեղ ուժերով կառավարել միջոցները և լուծել համայնքային հիմնախնդիրներ: Ցանցերի ստեղծումից հետո հիմնադրամն անցկացրեց ցանցերի անդամներին զարգացնելու ուղղությամբ կարիքների գնահատում, որի արդյունքում պարզվեց, որ համայնքապետարանների աշխատակիցները ֆինանսական կառավարման և “Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալու կարիք ունեն: Այնուհետև, հիմնադրամը վերոնշյալ երկու թեմաների շուրջ կազմակերպեց ուսուցանողների վերապատրաստման դասընթացների շարք: Այն համայնքապետարանների աշխատակիցները, ովքեր մասնակցեցին այդ դասընթացներին, հետագայում խորհրդատուների օգնությամբ ուսուցանեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների այլ աշխատակիցներին: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համոզմամբ` միջհամայնքային ցանցերի կարողությունները զարգացնելու միջոցով հնարավոր կլինի զարգացնել ընդհանուր տեղական կառավարման համակարգը:

Տեղական կառավարման համակարգի շարունակական զարգացում

Տեղական կառավարման համակարգը զարգացնելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ, մասնավորապես հետևյալ ուղղություններով`

  • աջակցել տեղական և տարածաշրջանային միջհամայնքային ցանցերի ստեղծմանը և գործունեության ծավալմանը,
  • զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները` գործընթացում գործարար շրջանակներին ու հասարակական կազմակերպություններին ներգրավելու համար,
  • բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը` ծառայություններ մատուցելու և եկամուտներն ավելացնելու հարցերի շուրջ համայնքապետարանների աշխատակիցների կառավարման հմտությունները կատարելագործելու միջոցով: Համայնքապետարանների ներքին կառավարման համակարգերը զարգացնելու նպատակով նաև մշակել կարգ` ներքին աուդիտի, գնումների, կեղծիքների բացահայտման ու դրանց վերաբերյալ զեկույցներ պատրաստելու մասին:

Համապատասխան նյութ

Տեղական կառավարում (79.46 KBytes)

Սկսած 2002 թ-ից` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ֆինանսավորել է ծրագրեր` համայնքապետարանները միմյանց կապելու նպատակով ցանցեր ստեղծելու համար:

 

Ավելին