• 2020

    Փետրվարին առցանց հրատարակվեց Armenia 3.0 անգլերեն գիրքը՝ ԵՀՀ տնօրենի հեղինակությամբ և թիմի մի շարք անդամների մասնակցությամբ. գիրքը քննարկում է Հայաստանի 20-րդ դարի պատմությունն ու սոցիալական պրոցեսները: Այն ստեղծվել է 2016-2017 թթ. հեռարձակված 9 դասախոսությունների նույնանուն շարքի հիման վրա և թիրախավորում է արտասահմանցուն կամ սփյուռքահային, որն ուզում է ավելի լավ ճանաչել Հայաստանը, հասկանալ այն և արդյունավետ կերպով մասնակցել բարեփոխումներին կամ կազմակերպել դրանք: «Հետևանքը՝ արտեֆակտ» տարածական և լուսանկարչական արվեստի ցուցահանդեսը և ֆիլմը՝ Արցախյան պատերազմների հետևանքների մասին, որ անցյալ տարվա վերջում ներկայացվել էին Արցախում, ներկայացվեցին Երևանում. բացմանը ներկա էին բազում հյուրեր, ներառյալ Հայաստանի միջազգային գործընկերները և Հայաստանի հանրապետության փոխվարչապետը:

    Տարվա սկզբում անհայտ էր, թե ի՛նչ ազդեցություն է ունենալու համավարակն աշխարհի և Հայաստանի վրա: Տնակալման քաղաքականությունն ուժի մեջ մտավ մարտի կեսին: ԵՀՀ-ի առջև ծառացան մի շարք հարցեր. ինչպե՛ս շարունակել աշխատանքը տնակալման պայմաններում այնպես, որպեսզի գործունեության որակը չտուժի: ԵՀՀ-ն մշակեց մի շարք կանոններ աշխատանքային նոր պայմանների վերաբերյալ, յուրացրեց հեռավար աշխատելու միջոցները և մեթոդները, և իր մշակումները տրամադրեց քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին: Նոր իրադրությունը պահանջեց փոխել մարտավարություններն անմիջական շփումներից դեպի ավելի հետազոտական, տեքստուալ մոտեցումներ. ԵՀՀ-ն կազմակերպեց կամ իրագործեց մի քանի հետազոտություն, մասնավորաբար՝ համավարակի պայմաններում ապօրինի միգրանտների վիճակի վերաբերյալ, Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվերով: Հայտնաբերվեցին հավելյալ առավելություններ, օրինակ՝ որ հեռավար հանդիպումները թույլ են տալիս համացանցով միավորել մարդկանց տարբեր աշխարհագրական տեղանքներից, մի բան, որ հնարավոր չէր առկա հանդիպումների դեպքում: Մարտավարությունների արագ փոփոխությունը թույլ տվեց ԵՀՀ-ին պահպանել իր գործունեության թափը և որակը: Մինչև աշուն, հրապարակվեցին նաև ԵՀՀ գործընկերների կողմից ձեռնարկած մի շարք բարձրորակ հետազոտություններ և ուսումնասիրություններ, ինչպես, օրինակ՝ «Ֆիրդուս. տեղի հիշողությունը», «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից» և այլն:

     Հունիսի 14-ի՝ բռնդատվածների օրվա կապակցությամբ, ԵՀՀ-ն կազմակերպեց մրցույթ, որը թույլ տվեց մեկտեղ հավաքագրել 20-րդ դարի բռնաճնշումների վերաբերյալ ստեղծագործական մի շարք աշխատանքներ՝ տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլ նյութեր. այս հավաքածուն մեծ նշանակություն կունենա բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ հայաստանյան 20-րդ դարը, որպեսզի ճիշտ գիտակցեն, թե ինչպե՛ս պետք է աշխատել զարգացման խնդիրների շուրջ ներկայումս: Ամռանը ԵՀՀ-ն ձեռք բերեց խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (UN EcoSoc): Այս հաջողությունն անհնարին կլիներ առանց այն վստահության և աջակցության, որ ԵՀՀ-ն ստանում է Հայաստանով մտահոգ միջազգային հանրության կողմից:

    Սեպտեմբերի 27-ին պայթեց 44-օրյա պատերազմը, որը կատաստրոֆիկ կերպով ազդեց տարածաշրջանի, Հայաստանի, Արցախի և հայության վրա: Պատերազմի ընթացքում ԵՀՀ-ն շարունակեց իր աշխատանքը, փոփոխություններ կատարելով ըստ կարիքի: ԵՀՀ-ն ձեռնարկեց միջազգային հանրությանը իրողությունները բացատրելու գործունեություն, մասնակցեց բարեգործական ճակատի գործունեությանը որպես կազմակերպություն, ինչպես նաև թիմի անդամները՝ անհատապես: Պատերազմից հետո, համավարակի շարունակման պայմաններում, ԵՀՀ-ն ձեռնարկեց մի շարք միջոցառումներ, ճշտելու իր ռազմավարությունները նոր իրադրության մեջ: Նախ և առաջ ԵՀՀ-ն պատասխանատվություն է զգում դեպի իր այն շահառուները, որոնք պատերազմի անմիջական թիրախում հայտնվեցին՝ արցախցիները և այլք, որոնց պատերազմը չխնայեց: Միևնույն ժամանակ, պարզ է դարձել, որ հայաստանյան պետականությունը ստացել է ուժգնագույն հարված: Բոլոր բացերը, որոնք կուտակվել էին անկախության տասնամյակների ընթացքում, նախ և առաջ կոռումպացված կառավարությունների գործունեության արդյունքում, ի հայտ եկան միանգամից, սպառնալով հանգեցնել պետության քանդման: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ դրսևորվեցին նոր՝ անփորձ և պոպուլիստական կառավարության խորքային թերությունները: Պատերազմից առաջ ներկա կառավարությունն անկարող գտնվեց այն թույլ չտալ, պատերազմի ընթացքում՝ արագ կանգնեցնել, պատերազմից հետո՝ արդյունավետ կերպով վերակազմակերպել պետականությունը: Սա է՛լ ավելի մեծ պատասխանատվություն է դնում քաղաքացիական հասարակության վրա, և ԵՀՀ-ն իր ուժերի ներածին չափով կրում է այդ պատասխանատվությունը: Կարևոր իրադարձություններից էր այն, որ Շվեդիայի զարգացման գործակալությունը՝ Սիդան, հենց պատերազմի օրերին ԵՀՀ-ի հետ պայմանագիր կնքեց քաղաքացիական հասարակությանն օգնելու վերաբերյալ: Շվեդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի գործունեությունը Հայաստանում ցուցադրեցին, որ միջազգային հանրությունը չի պատրաստվում ետ կանգնել բարեփոխումներին աջակցելու ռազմավարությունից և պատրաստ է աջակցել Հայաստանի սուվերենության ամրապնդմանը և նոր մարտահրավերները հասցեագրելու՝ քաղաքացիական հասարակության ջանքերին: Պատերազմի արդյունքում ստեղծված իրադրության բոլոր հանգամանքներին՝ ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, անձնական, գումարվեց համատարած սոցիալական տրավման և հետտրավմատիկ սթրեսը, որը դարձավ ԵՀՀ հասցեագրման կարևորագույն թիրախներից մեկը: Բացի քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին աջակցելուց, ԵՀՀ-ն նաև ավարտի հասցրեց մի շարք մեթոդական ձևակերպումներ, այն է՝ կրթության և գենդերային հարցերին իր մոտեցումները, այդպիսով համալրելով տեսական և մեթոդական իր մոտեցումների և ռազմավարությունների շարքը, որն ընդգրկում է իր գործունեությունը մշակույթի, քաղաքային պլանավորման, 20-րդ դարի ուսումնասիրության ասպարեզներում, ինչպես նաև արժեքային հետազոտությունները՝ ժողովրդավարության և հանդուրժողականության արտահայտումները հայ գրականության մեջ:

    Նյութի վերջին խմբագրումը․ 26 հունիս, 2021

  • 2019

    Հեղափոխությունից հետո նոր կառավարության գործունեությունը թույլ տվեց ԵՀՀ-ին է՛լ ավելի թափով ընդգրկվել բարեփոխումների օրակարգում. հավասարության մասին օրենքը դեռևս չէր ընդունվել, կարիք կար շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ավարտի էր գալիս ԵՀՀ «Դեպո» ծրագիրը՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված: Անհրաժեշտ էր մշակել նոր ծրագիր՝ ըստ նոր առաջնահերթությունների: ԱՄՆ ՄԶԳ-ն առաջարկեց ԵՀՀ-ին նոր մեթոդ՝ համաստեղծում. այդպիսով նոր՝ ԴԱՏԱ ծրագիրը մշակվեց ԵՀՀ-ի, նրա գործընկերների և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ: Այս ծրագրի շեշտը քաղաքացիական հսարակության կարողությունների բարձրացումն է այնպես, որպեսզի այն կարողանա պետությանը ճիշտ և հաջող կերպով ջատագովություն անել: Մյուս շեշտը գիտելիքն է՝ փաստահեն և գիտելիքահեն, ապացույցահեն քաղաքականությունների մշակումը:

    Զուգահեռաբար, նոր հնարավորություններից մեկը, որ բացվեց շնորհիվ հեղափոխության՝ Հայաստանում բռնության դրսևորումների խորքային հասցեագրումն էր, ինչը ԵՀՀ-ն ձեռնարկեց իր «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտությունների նախագծով, Սևծովյան համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Հետազոտությունները նվիրված էին բռնության դրսևորումների սոցիալ-պատմական հիմքերին (խորհրդային շրջան, «գուլագային մշակույթ»), բռնության դրսևորումներին դպրոցում, բանակում և ընտանիքում: Այս հետազոտությունը եկավ համալրելու ԵՀՀ հետազոտական և մեթոդական գործունեությունը, որի կարևոր մասերից էր «Քննադատական մտածողություն. տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» գրքույկի լույս ընծայումը, մի հրապարակում, որն առաջինն է Հայաստանում և հայերեն՝ քննադատական մտածողության վերաբերյալ:

    Բարեփոխումների ընդհանուր կոնտեքստում մեծ նշանակություն ուներ նաև այն, որ ԵՀՀ-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսին՝ կրոնական հանդուրժողականության վերաբերյալ, բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի վարչապետը: Առաջին անգամ էր, որ երկրի ղեկավարը մասնակցում էր ԵՀՀ որևէ միջոցառման: Կարևագույն իրադարձություններից էր նաև ԵՀՀ Մարդու Իրավունքների ծրագրի ընդլայնումը՝ ընդգրկելով դրա մեջ դատաիրավական սեկտորի բարեփոխումների բավական ծավալուն գործունեություն, ինչպես, օրինակ՝ վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների արմատավորման շուրջ աշխատանքը: ԵՀՀ թիմը շարունակեց խորհրդատվական գործունեությունը մի շարք գերատեսչություններում՝ կրթական, մշակութային, ոստիկանությունում և այլն:

    Նյութի վերջին խմբագրումը․ 26 հունիս, 2021

  • 2018

    Այս թվականին տեղի ունեցավ ապրիլյան ոչ բռնի հեղափոխությունը: Հաշվի առնելով նախորդ տարիների համատարած կոռուպցիոն պետական համակարգի ոչ էֆեկտիվությունը, ժողովրդավարության բացակայությունը, ռեֆորմների մասնակի և հաճախ անհետևանք բնույթը, ԵՀՀ-ն մասնակցեց ժողովրդական և երիտասարդական շարժմանը, հավատալով, որ փոփոխությունները կօգնեն Հայաստանին դուրս գալու զարգացման նոր ուղեծիր: Նոր կառավարության ստեղծման օրից ԵՀՀ-ն, իր ծրագրերի սահմաններում, ձեռնարկեց մի շարք գործողություններ, որոնց նպատակն էր՝ օգնել նոր կառավարությանը ստեղծել ավելի էֆեկտիվ պետական համակարգ, բարեփոխել պետական ինստիտուտները: ԵՀՀ-ն մասնակից դարձավ կառավարության կողմից ստեղծվող տարբեր խորհրդակցական շրջանակներին՝ գերատեսչություններին և կառավարությանը կից: 2018 թ. օգոստոսին ԵՀՀ-ն կազմակերպեց խոշոր միջոցառում՝ նվիրված նոր կառավարության և քաղաքացիական հասարակության երկխոսությանը, մի քանի քննարկում-հաղորդում կազմակերպեց այն մասին, թե ինչպես պիտի իրագործվի բարեփոխումը կազմակերպությունում, մասնավորապես՝ պետական սեկտորում:

    Հեղափոխությունը կարիք ստեղծեց քաղաքացիական հասարակությանը՝ ճշտելու իր դիրքորոշումը և մարտավարությունները նոր իրադրության մեջ, և նոր հնարավորություններ ստեղծեց նոր ձեռնարկումների համար: Պայմաններ ստեղծվեցին ավելի արդյունավետ համագործակցության՝ քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ԵՀՀ-ի և նրա շահառուների, և կառավարության միջև: ԵՀՀ-ն իր գործունեության ընթացքում առաջին անգամ դրամաշնորհ ստացավ Հայաստանի կառավարությունից՝ 20-րդ դարի Երևանի վերաբերյալ բանավոր պատմությունները որպես ոչ նյութական մշակույթ հավաքագրելու ծրագրով, «Հազարաշեն» կազմակերպության հետ միասին: Մեկ այլ ծրագիր հասցեագրեց գրքերի վաճառքի և տարածման խնդիրները Հայաստանում:

    Միևնույն ժամանակ, շատ բացեր, որոնք կուտակվել էին նախորդ ժամանակներից, է՛լ ավելի հստակորեն դրսևորեցին իրենց, կարիք ստեղծելով նորովի հասցեագրել ռեֆորմների օրակարգը և անելու ձևը:

    Նյութի վերջին խմբագրումը․ 26 հունիս, 2021

  • 2017

    2017-ը հարուստ էր մի շարք հաջողություններով: ԵՀՀ Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը Հայաստանում աշխատող միջազգային հանրության կողմից պարգևատրվեց Ազատության պաշտպան պարգևով, ի նշումն իր նվիրյալ գործունեությանը՝ կրոնական հանդուրժողականության և այլ ազատությունների ու իրավունքների պաշտպանության ասպարեզում: ԵՀՀ-ն հրատարակեց «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների ժողովածուն, շարունակելով իր ճիգերը՝ հասարակությանը դրդել արժեքային քննարկումները տանել համաշխարհային և ազգային արժեքների խաչմերուկներ, այլ ոչ թե խխունջանալ մեկ կամ մյուս ծիրում: Այս տարի ԵՀՀ-ն առաջին անգամ համագործակցեց հայության ամեենախոշոր համաշխարհային ոչ կառավարական կազմակերպության՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ՝ Երոպական միության ֆինանսավորմամբ քաղաքացիական հասարակության զարգացմանը նվիրված ևս մեկ ծրագիր իրագործելու նպատակով: Այս ծրագիրը, ինչպես և ԵՀՀ բոլոր նախորդները, մեթոդաբանական նորույթ մտցրեց քաղաքացիական հասարակությունը զարգացնելու մեր մոտեցումներում, հասցեագրելով մասնագիտական կոնկրետ խմբեր այսպես կոչված «ուղղահայաց»՝ մասնագիտացված մարզումների միջոցով: Հասցեագրվեցին էկոլոգիական, կանանց իրավունքների, մշակույթի հարցերով զբաղվող՝ թանգարանների, գրողների, էլեկտրոնային գրքեր ստեղծողների և այլ նախաձեռնություններ: Կապեր հաստատվեցին Սփյուռքի կամավորների և հայաստանյան ՀԿ-ների միջև:

    Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը հնարավորություն տվեց Էրդողանի կառավարությանը լայնատարած հարձակում սկսել քաղաքացիական հասարակության և լրագրողների հանդեպ: Հազարավոր մարդիկ բանտարկվեցին, ոմանք հեռացան երկրից: ԵՀՀ աշխատանքը Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ ազդվեց այդ իրադարձություններից. շատ գործընկերներ հետապնդումների թիրախ դարձան: Ավաղ, 2017 թ. աշնանը բանտարկվեց ԵՀՀ կարևորագույն գործընկեր Օսման Քավալան՝ «Անադոլու Կուլտուր» կազմակերպության ղեկավարը, Թուրքիայի քաղաքացիական հասարակության խարիզմատիկ առաջնորդներից մեկը: Չնայած միջազգային հանրության բողոքներին, Օսմանը մնաց բանտում: Սակայն նույնիսկ այդ իրադրության մեջ նա քաջալերեց իր կազմակերպությանը և գործընկերներին՝ շարունակել երկխոսական ծրագրերը Հայաստանի հետ, որպեսզի հայաստանյան և Թուրքիայի հասարակությունները շարունակեն միմյանց ճանաչելու և անցյալի հարցերը ճշտելու դժվարագույն գործընթացը:

    Նյութի վերջին խմբագրումը․ 26 հունիս, 2021

  • 2016

    Արդյունավետ կառավարում։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՀաՄաՏեՂ ծրագրի շրջանակներում Արարատում և Վայքում բացվեցին երկու նոր Ինֆոտներ։ Ինֆոտները տեղական բնակչության համար ինֆորմացիոն կենտրոններ են։ ԵՀՀ-ն կազմակերպել է ուսումնական այց Էստոնիայում, տեղական ինքնակառավարման լավագույն փորձն ուսումնասիրելու համար։ ԵՀՀ-ն արտադրել է տեղական ինքնակառավարման վերաբերյալ ուսուցողական երկու մուլտֆիլմ:

    Մեդիա։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՄՔՏՄ ծրագրի շրջանակում ԵՀՀ-ն կազմակերպել է Մարդամեջ սոցիալ նորարական օրեր Հայաստանի ութ մարզերի ութ ինֆոտներում, որի արդյունքում մոտ երկու տասնյակ ծրագրեր ֆինանսավորվել են։ Դրանք ուղղված էին տեղական ինքնակառավարման բարելավմանը, թափանցիկությանը և համայնքի խնդիրների լուծմանը։
    Վեց ինֆոտներում մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է ավելի քան 250 միջոցառում՝ մեդիագրագիտության, կարողությունների զարգացման և բանավիճելու հմտությունների դասընթացներ։ Ծրագրի շրջանակներում տեղական մեդիա ընկերությունները փաստերի ճշգրտման և լուրերի հավաստիության քաղաքականություններ են մշակել։

    Խաղաղարարություն:ԵՀՀ-ն սկսել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»ծրագրի երկրորդ փուլը։ Մի խումբ հայ և թուրք ճարտարապետներ այցելել են Արդվին հայկական մշակութային ժառանգությունը քարտեզագրելու համար։ Խումբը պետք է զեկույց պատրաստի՝ ներառելով բոլոր մշակութային տարածքները, նաև առաջարկություններ տրամադրի հնարավոր վերականգման վերաբերյալ։
    Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական բանկերի անդամները հավաքվել էին Հայաստանում քննարկելու հետագայում իրականացվելիք համատեղ ծրագրերը, որոնք ոչ միայն բարելավելու են հայերի և թուրքերի հարաբերությունները, այլև համայնքային խնդիրներ են բարձրաձայնելու և փնտրելու դրանց լուծումները։

    Մարդու իրավունքներ: ԵՀՀ-ն ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել է Հավասարության վերաբերյալ օրենքի նախագիծը։ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպում-քննարկումներից հետո և նրանց կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելով՝ ԵՀՀ-ն օրինագծի վերջնական տարբերակը տրամադրեց Արդարադատության նախարարությանը։ Ակնկալվում է, որ օրենքը կընդունվի 2017 թվականին։ Օրենքի մշակումն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

    ԵՀՀ-ն պատրաստել է ուղեցույց և կազմակերպել դասընթաց Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների համար՝ «Ինչպես աշխատել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մարմինների հետ»։ Ուղեցույցն ու դասընթացները կազմակերպվել են «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմների իրազեկման բարձրացումը Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից։ ԵՀՀ-ն այդ դասընթացները վարելու համար հրավիրել էր Մորս Ֆլորեսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից։

    ԵՀՀ-ն կազմակերպել է կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն նյութերի ամենամյա լրագրողական մրցույթ։ Լավագույն 10 պատմությունների հեղինակներին մրցանակներ շնորհվեցին։

  • 2015

    Քաղաքացիական հասարակության զարգացում: ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում ԵՀՀ-ն սկսեց կազմակերպել ՀԿ կառավարման դպրոցներ Հայաստանի հասարակական կազմակերպությունների համար։ Դպրոցը նպատակ ունի նպաստել կազմակերպությունների կայունությանը՝ ֆինանսական, ռազմավարական և ծրագրերի կառավարման մասին դասընթացներ ապահովելով։

    Գործարկվեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ռեսուրս հանդիսացող www.hkdepo.am պորտալը։ Այն հարուստ է տեղեկատվական նյութերով, այդ թվում՝ դրամաշնորհային հնարավորությունների, ծրագրերի և սեմինարների մասին հայտարարություններով, ինչպես նաև այլ ռեսուրսներով, որոնք օգտակար են հասարակական կազմակերպությունների համար։

    Ստեղծվել է www.hkdepo.am, որը հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բացահայտելու և գնահատելու իրենց կազմակերպության ձեռքբերումներն ու բացթողումները։

    Խաղաղարարություն: ԵՀՀ-ն կազմակերպել է Մեդիա շրջագայություն Հայաստանի և Թուրքիայի լրագրողների համար «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիր շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Մեդիա շրջագայության ավարտին մասնակից լրագրողները ներկայացրեցին տասնյակ պատմություններ։

    Մարդու իրավունքներ: ԵՀՀ-ն տարբեր կրոնական և ազգային պատկանելություն ունեցող երեխաների հանդեպ խտրականության դեպքերի հետազոտություն է անցկացրել, որն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։ Հետազոտությանը կից նաև ներկայացվել են խտրականության դեմ պայքարի և հանդուրժողականության խթանման ուղղված առաջարկություններ։

  • 2014

    ԵՀՀ-ն դարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի hնգամյա ՀԿ Դեպո ծրագրի իրականացնող գործընկերը։ Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կազամակերպությունների (ՔՀԿ-ների) կազմակերպական կարողությունները Հայաստանում: Այն իրականացվում է հինգ այլ հայաստանյան գործընկերների հետ:

  • 2011

    Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալությունը (SIDA) աջակցեց ԵՀՀ-ի հիմնական գործունեությանը 2010թ.-ի հոկտեմբերից  մինչև 2012թ.-ի մարտ ամիսը, տրամադրելով մեկ միլիոն Եվրոյի դրամաշնորհ։

  • 2010

    Մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ (ARM) քառամյա ծրագիրը։ ԵՀՀ-ն նախահիծն իրականացրել է Ինտերնյուսի (ԱՄՆ) առաջնորդությամբ, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ի (ներկայիս Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն) և Երևանի մամուլի ակումբի հետ։ 

  • 2008

    ԵՀՀ-ն Միացյալ Թագավորության Մարդու Իրավունքների Հիմնադրամի աջակցությամբ սկսեց Խոսքի ազատություն նախագիծը, որպես Մարդու Իրավունքների իր ծրագրի առաջին նախագիծ։

  • 2007

    Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում հիմնադրվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամը:

    Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում հիմնադրվեց Արևելյան Եվրոպա հիմնադրամը:

  • 2006

    Բիշկեկում և Օշում (Ղրղզստանի Հանրապետություն), Ալմա-Աթայում (Ղազախստան) և Դուշանբեում (Տաջիկստան) հիմնադրվեց Կենտրոնական Ասիայի Եվրասիա հիմնադրամը:

    Եվրասիա հիմնադրամն աջակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտին` Միջին Արևելքի համար նոր հիմնադրամ ստեղծելու նպատակով:

  • 2005

    Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում Եվրասիա հիմնադրամը նշեց իր գործունեության տասնամյակը:

    Վլադիվոստոկում Եվրասիա հիմնադրամի հեռավոր արևելյան ռուսական գրասենյակը պաշտոնապես դարձավ Նոր Եվրասիա հիմնադրամի մաս:

    1992 թ-ից ի վեր, Եվրասիա հիմնադրամը ներդրել է մոտ 275 միլիոն ԱՄՆ դոլար և իրականացրել 7700 դրամաշնորհային և տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով:

  • 2004

    Ռուսաստանում մեկնարկեց Նոր Եվրասիա հիմնադրամը, որը կյանքի կոչեց ռուս-ամերիկյան-եվրոպական գործակցությունը:

    Իզմիրլյան-Եվրասիա վարկավորման ընկերությունն առաջին վարկային գործարքն իրականացրեց Հայաստանում:

  • 2003

    Եվրասիա հիմնադրամի Տնտեսական կրթության և հետազոտության ծրագիրը դարձավ անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն: Այն հետազոտական ծրագիր է իրականացնում Մոսկվայում և բարձրագույն կրթության ծրագիր Ուկրաինայում:

    Եվրասիա հիմնադրամը 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորին:

  • 2002

    Նյու-Յորքի Կարնեգի Կորպորացիայի ֆինանսավորմամբ Եվրասիա հիմնադրամն ստեղծեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները, որոնք օգնում են հետազոտողներին սոցիալական գիտությունների ու քաղաքականությունների բնագավառներում հետազոտություններ անցկացնել:

    Բիշքեկում սկսեց գործել Ղրղզստանի գրասենյակը:

  • 2001

    Ադրբեջանում հիմնադրամն արժանացավ Յուսուս Մամեդալիևի մրցանակին` կրթության և մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

    Հյուսիսային Տաջիկստանում հիմնադրամն ստեղծեց ուսուցողական կենտրոն համայնքապետարանների աշխատակիցների համար:

    Հիմնադրամը ֆինանսավորեց առաջին անկախ բարձրագույն կրթության հաստատությունն Ուզբեկստանի պատմության մեջ: Դա Կելայակ Իլմի բիզնեսի միջազգային դպրոցն է:

    Նախկինում պետքարտուղար և ներկայումս Եվրասիա հիմնադրամի խորհրդատվական կոմիտեի անդամ Ջեյմս Ա. Բեյքեր III–ին շնորհվեց Եվրասիայի տարածաշրջանում առաջնորդության մրցանակ:

  • 2000

    Ղազախստանում սկսեց գործել Եվրասիա հիմնադրամի գրասենյակը, որը տեղակայվեց Ալմա-Աթայում:

  • 1999

    Ռուսաստանի հյուսիսում Եվրասիա հիմնադրամը ստեղծեց Սանկտ-Պետերբուրգի կառավարման դպրոցը, որը մագիստրոսի որակավորման ծրագիր է առաջարկում:

    Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ուղղորդում է հիմնադրամին Բիշքեկում (Ղրղստան) բացել գրասենյակ:

  • 1998

    Եվրասիա հիմնադրամը հիմնադրեց Հարավային Կովկասի համագործակցության ծրագիրը՝  խթանելու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցությունը:

  • 1997

    Ադրբեջանի գրասենյակն իր աշխատանքներն սկսեց Բաքվում:

    Եվրասիա հիմնադրամը Հայաստանում սկսեց իրականացնել «Մամուլի զարգացման» ծրագիր: Այն դյուրացրեց թերթերի հրապարակման ու տարածման աշխատանքները և կոտրեց թերթերի տպագրության մոնոպոլիան:

    Հիմնադրամը Մոլդովայում հիմնեց BASA անկախ լրատվական գործակալություն:

  • 1996

    Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ուղղորդեց հիմնադրամին` Հայաստանում մեկնարկել առաջին անկախ վարկային ծրագիրը: Այն վարկեր տրամադրեց փոքր բիզնեսի զարգացման համար և ավելի ուշ դարձավ Իզմիրլյան-Եվրասիա վարկային ընկերություն:

    Եվրասիա հիմնադրամը ղեկավարեց դոնորների խումբը` նախկին Խորհրդային Միության երկրներում Տնտեսական կրթության և հետազոտության ծրագիր մեկնարկելու համար:

    Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ուղղորդում է հիմնադրամին` Թուրքմենստանում և Տաջիկիստանում հիմնել գրասենյակներ:

  • 1995

    Հայաստանում և Վրաստանում սկսեցին գործել Եվրասիա հիմնադրամի գրասենյակները:

  • 1994

    Եվրասիա հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակն առաջին անգամ դրամաշնորհ տրամադրեց Տաջիկստանի և Թուրքմենստանի տեղական կազմակերպություններին:

    Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ուղղորդեց հիմնադրամին` Երևանում, Թբիլիսիում, Ալմա-Աթայում և Տաշքենդում բացել գրասենյակներ:

  • 1993

    Եվրասիա հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակն առաջին անգամ դրամաշնորհ տրամադրեց Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տեղական կազմակերպություններին:

  • 1992

    Վաշինգտոնում հիմնադրվեց Եվրասիա հիմնադրամը` որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն: