Ինչպես ապրել Հայաստանում և խուսափել կոռուպցիայից

Սույն ձեռնարկը մշակվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ «Հասցեագրելով հակակոռուպցիոն բարեփոխումների բացթողումները Հայաստանում և Արևելյան գործընկերությունում» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ձեռնարկի մշակման ընթացքում հեղինակների խումբը հարցազրույցների շարք իրականացրեց Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Չեխիայի Հանրապետությունում և արդյունքում հավաքագրեց կոռուպցիայի տարբեր դրսևորումներին վերաբերող իրական դեպքերի նկարագրությունների շարք: Ձեռնարկն անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ որոշումների կայացման էթիկան, շահերի բախումը և այլն, և հանդիսանում է կրթական ռեսուրս հանրային կառավարման, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման որակի բարելավման համար, ինչպես նաև պետական համակարգից դուրս գտնվող կառույցների համար: Ձեռնարկը կազմված է երկու մասից: Առաջին մասում ներկայացվում է Հայաստանում առկա կոռուպցիոն դրսևորումների տիպաբանությունը, կոռուպցիոն ռիսկերի առաջացման պատճառները և հակակոռուպցիոն պայքարի հիմնական մեթոդները:Երկրորդ բաժինը ներկայացնում է իրական դեպքերի վրա հիմնված նկարագրություններ, որոնք հավաքագրվել են հարցազրույցների ընթացքում: Դեպքերից յուրաքանչյուրը ներկայացնում է կոռուպցիայի առանձին տեսակ՝ հիմնվելով առաջին բաժնում ներկայացված կոռուպցիոն տիպաբանության վրա:Դեպքերի ներկայացմանը նախորդում են իրավական և տեսական տեղեկություններ արծարծվող կոռուպցիոն տեսակի վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի նկարագրությանը հաջորդում են հնարավոր վարքագծային սցենարների առաջարկներ, որոնցից մեկը պետք է ընտրի դասընթացի մասնակիցը կամ պարզապես ընթերցողը:

Ձեռնարկի վերջում ներկայացվում են կոռուպցիոն եզրերի համառոտ բառարանը, օգտակար տեղեկատվության աղբյուրները և իրավապաշտպան կազմակերպությունների կոնտակտային տվյալները: